ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները ստեղծել են սիլիկոնե հյուսվածք, որը կրողին փոխանցում է շոշափելի զգացողությունների մի ամբողջ շարք՝ փափուկ հպումից և շոյելուց մինչև ուժեղ ճնշում և ձգում: Գյուտը կարող է ունենալ և՛ ժամանցային նպատակներ, օրինակ՝ վիրտուալ իրականությունից հետադարձ կապի համար, և՛ բժշկական նպատակներ, օրինակ՝ օգնելու տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ավելի լավ կողմնորոշվել տարածքում:

Հյուսվածքի նախատիպը սիլիկոնային հիմք ունի, վեցանկյուն է՝ 19 շարժիչով: Դրանք կարող են թրթռալ կամ ճնշում ստեղծել մաշկի վրա այն հատվածում, որին դիպչում են: Հիմնական նորամուծությունը հենց այդ շարժիչներն են, որոնք, ըստ ստեղծողների, ռեկորդային էներգաարդյունավետություն ունեն։

Շարժիչներն ազդանշաններ են ստանում սմարթֆոնից Bluetooth-ի միջոցով: Դրանցից յուրաքանչյուրի մեջ ներկառուցված է փոքրիկ մարտկոց: Ծրագրային ապահովումը սահմանում է շարժիչների միացման կարգը և ռեժիմը՝ որոշակի շոշափելի սենսացիաներ մարդու մաշկին փոխանցելու համար: Գիտնականներին հաջողվել է ստեղծել լուծում, որն ունակ է պահպանել շարժիչների երկու հակադիր կայուն վիճակներ՝ առանց էներգիա սպառելու։

taktil_01.jpg (202 KB)

Ըստ հետազոտողների՝ նրանք կարողացել են օգտագործել մարդու մաշկի բնական առաձգականության մեջ պարունակվող ներուժը: Երբ շարժիչը գործում է մաշկի վրա, այն կծկվում է և մնում լարված վիճակում, մինչև սենսորին հրաման ուղարկվի, որից հետո այն բերում է շարժիչը հակառակ վիճակի՝ առանց էներգիա սպառելու, միայն կուտակված սեղմման ուժի շնորհիվ:  

Բացի խաղերի ժամանակ շոշափելի զգացողություններ փոխանցելուց և վիրտուալ աշխարհներով ճամփորդելուց, այս նորույթը թույլ տեսողություն ունեցող մարդկանց տալիս է «հիմնական տեսողություն»: Սա մի տեսակ ձեռնափայտի փոխարինող սարք է, որի օգնությամբ տեսողության խնդիրներ ունեցողները կարող են զգալ իրենց շրջապատող տարածությունը։

Այժմ ձեռնափայտի գործառույթը կարող է անել սմարթֆոնի լիդարը՝ կոդավորված տեղեկությունը փոխանցելով սենսորներով շարժիչին։ Կամավորների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ համակարգը հաջողությամբ է աշխատում և կարող է փոխարինել ձեռնափայտին և օգտակար լինել թույլ տեսողություն ունեցող կամ առհասարակ տեսություն չունեցող մարդկանց համար։