Ջեյմս Լոուն ճարտարապետ է, կիբեռտներ է նախագծում Հնդկաստանում և Չինաստանում։ Հարցազրույցն արվել է նոյեմբերի 4-6-ը Մոսկվայում անցկացվող «Ստեղծելով ապագան» գիտաժողովի նախօրեին։ NEWS.am-ը գիտաժողովի ինֆորմացիոն հովանավորն է։
Դուք ստեղծել եք «կիբեռճարտարապետություն» (cybertecture) եզրույթը։ Կարո՞ղ եք բացատրել, թե դա ինչ է նշանակում, եւ ինչպես է այն ազդում ձեր ճարտարապետական նախագծերի վրա:
Կիբեռճարտարապետության փիլիսոփայությունը հիմնված է իմ այն համոզմունքի վրա, որ ապագայում մարդկությունը մեր քաղաքակրթությունը կառուցելու է ոչ միայն մեր մոլորակում առկա ավանդական նյութերն օգտագործելով, այլ կիրառելու է նաև այլ նյութեր՝ նորարարություններ: Հիմա մենք արդեն օգտագործում ենք նոր նյութեր, ինչպիսիք են արհեստական բանականությունը, գիտական նոր բացահայտումները։ Ես այս փիլիսոփայության հիման վրա ստեղծել եմ «կիբեռճարտարապետություն» եզրույթը, որը մարմնավորում է նոր աշխարհը, որտեղ մենք կառուցելու ենք նոր, ստեղծագործ, խելացի, թվային նյութերով, որոնք այժմ հասանելի են մեզ:
Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքային կյանքի ապագան, եւ ի՞նչ դեր է խաղում կիբեռճարտարապետությունն այդ տեսլականի ձեւավորման գործում:
Նախևառաջ, երբ մենք խոսում ենք քաղաքների մասին, պետք է նկատի ունենալ, որ քաղաքներում արդեն բնակվում է աշխարհի բնակչության կեսից ավելին, և ինչպես գիտենք, գնալով ավելի ու ավելի շատ՝ միլիարդավոր մարդիկ են տեղափոխվելու քաղաքներ: Մոլորակը մի օր կարող է նույնիսկ մի հսկա քաղաք դառնալ: Այսպիսով, քաղաքներն ամենատպավորիչ և ամենամեծ ու ամենաբարդ տեխնոլոգիան են, որը մարդը ներկայումս նախագծում և կառուցում է:
Կիբեռճարտարապետությունում մեր համոզմունքն այն է, որ այս ապագա քաղաքները պետք է նախագծվեն, կառուցվեն և գործարկվեն բոլորովին այլ կերպ: Ավանդական քաղաքներում, որտեղ մարդիկ ապրում և աշխատում են, առաջացել են բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են գերբնակեցումը, ծանրաբեռնված երթևեկությունը, աղտոտվածությունը և այլն: Կիբեռճարտարապետությունը փորձում է վերաիմաստավորել այն, ինչ կոչվում է քաղաք: Մենք կարծում ենք, որ ապագայի քաղաքները տեխնոլոգիական հսկա նախագծեր կլինեն այս մոլորակի վրա, որոնք կայուն կերպով կհզորանան, կապահովեն քաղաքացիների անվտանգությունը, կրթությունը և զբաղվածությունը, և ամենակարևորը, մարդկության կուտակած ողջ գիտելիքի և մշակույթի ուրույն շտեմարան կդառնան։
Կիբեռճարտարապետություն հասկացությունում մենք ուսումնասիրում և նախագծում ենք՝ կիրառելով հնարավորինս շատ նորագույն տեխնոլոգիաներ՝ դրանք ինտեգրելով քաղաքին: Այսինքն՝ գործառնական բոլորովին նոր համակարգի վրա հիմնված կլինի այն, թե ինչպես ենք կառուցում և կառավարում քաղաքները, կազմակերպում քաղաքային պլանավորումը և հզորացնում քաղաքները: Կարծում եմ, որ սա նոր դարաշրջանի սկիզբն է այն առումով, թե ինչ ենք հասկանում այս մոլորակի քաղաքներ ասելով:
Ձեր նախագծերը, ինչպիսիք են խողովակաձեւ տունը, շարժական քաղաքները, բեկումնային են: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս են նման հասկացությունները վերափոխում «տան» եւ«քաղաքի» մասին մեր ժամանակակից պատկերացումները:
Մեր նախագծերը, ինչպիսիք են շարժվող քաղաքները, ինչ-որ առումով հետազոտություն են, որը բացահայտում է, որ բոլոր այն բաները, որ բնորոշ են այսօրվա քաղաքներին, կամ որոնք մենք ավանդաբար ակնկալում ենք քաղաքներից, կփոխվեն և կփոխվեն շատ արագ: Օրինակ՝ մենք արդեն տասնամյակներ շարունակ թռնում ենք ինքնաթիռով, որը, ըստ էության, մի կառույց է, որը կարող է թռչել մայրցամաքից մայրցամաք։ Հետևաբար, ինչո՞ւ շենքերը նույնպես չեն կարող նույն բանն անել: Ինչո՞ւ քաղաքները չեն կարող նույն կերպ շարժվել։ Մենք իսկապես հավատում ենք, որ նման նորարարական նախագծերն ու այսպիսի հայեցակարգերը ոչ միայն փորձության են ենթարկում այն, ինչ մենք համարել ենք պարզ և խնդիրների լուծման միակ ճանապարհը, այլ նաև բացում և ընդլայնում են մեր մտահորիզոնը կյանքի ու կենսապայմանների նոր մակարդակի, հասարակության կացության ձևի նոր մակարդակների հասնելու հնարավորությունների համար:
Ես իսկապես կարծում եմ, որ շենքերը չպետք է անշարժ մնան: Դրանք կարող են շատ նման լինել էլեկտրական մեքենայի: Դրանք կարող են լինել շատ ավելի մեծ, փոփոխական, փոխակերպվող կառույցներ և համապատասխանել մեր՝ շարունակ փոփոխվող աշխարհի, փոփոխվող կլիմայի և այլ պայմանների հետ: Ավանդական քաղաքները մեծ դժվարությունների են բախվում ժամանակակից պահանջներին հարմարվելու առումով, քանզի դրանք հնաոճ են և չեն կարող փոխվել: Այսպիսով, շարժվելով, փոխակերպվելով, արդիականանալով և ավելի խելացի դառնալով՝ ես կարծում եմ, որ քաղաքները կդառնան նոր տեսակի մեքենա, որտեղ մենք բոլորս կարող ենք ապրել։
Դուք պատկերացնում եք քաղաքներ, որոնք կարող են տեղափոխվել նոր վայրեր: Որտեղի՞ց է ծագել այս գաղափարը։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող է դա լուծել քաղաքային խնդիրները, ինչպիսիք են գերբնակեցումը եւ շրջակա միջավայրի դեգրադացումը:
Կարծում եմ՝ շրջակա միջավայրի դեգրադացիան, ներառյալ գլոբալ տաքացումը, իսկապես փոխում է այս մոլորակի վրա մարդկանց ապրելու պայմանները: Այսօր պարբերաբար տեղի են ունենում ուժեղ փոթորիկներ, որոնք հարվածում են մեր բնակավայրերին, ջրհեղեղներ, երբեմն երկրաշարժներ, անտառային հրդեհներ, ինչպես նաև գրանցվում է ընդհանուր առմամբ ջերմաստիճանի այնպիսի մակարդակ, որն այլևս հարմար չէ մեր ապրելու համար, մեր գյուղատնտեսության ինքնաբավ լինելու համար: Ուստի մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս ենք շարունակելու ապրել այս մոլորակի վրա, եթե ցանկացած պահի կարող են տեղի ունենալ նման մեծամասշտաբ աղետներ։ Եթե մենք ճկուն, դիմակայուն ու խելացի չլինենք, այս պայմանների զոհը կդառնանք։
Նախագծերը, որոնք ուսումնասիրում են ոչ միայն շարժվող, այլեւ փոփոխվող պայմաններին հարմարվող բնակավայրեր ունենալու հնարավորությունը, շարունակաբար առաջ գնալու և աճելու միակ միջոցն են մեզ համար: Մի օր, երբ մեր մոլորակի մի մասը դառնա բնակության համար ոչ պիտանի, եւ մենք չկարողանանք պայքարել դրա դեմ, ստիպված կլինենք ևս մեկ անգամ դառնալ քոչվոր, որպեսզի ավելի նպաստավոր կլիմայական պայմաններ գտնենք մեր ապագա սերունդների համար: Կարծում եմ՝ սրանք այն նոր պայմաններն են, որոնց բախվում է քաղաքային կյանքը, այսինքն՝ այն, ինչ մենք ստեղծում ենք, զոհ է դառնում այն պայմաններին, որոնք առաջացնում են կլիման, քաղաքականությունը, տնտեսությունը: Գուցե մենք պետք է ավելի խելացի լինենք մեր քաղաքների նախագծման հարցում, որպեսզի մեր կյանքը լինի նույնքան հիանալի, որքան նախկինում, բայց ոչ պարտադիր մեկ վայրում, որպեսզի մեր ողջ կյանքի ընթացքում կայուն ձևով կարողանանք մի վայրից տեղափոխվել մեկ այլ վայր:
Մումբայում գտնվող Cybertecture Egg-ը Ձեր առաջատար նախագծերից մեկն է: Որո՞նք էին այս էներգաարդյունավետ կառույցի նախագծման եւ կառուցման հետ կապված ամենամեծ դժվարությունները:
Cybertecture Egg-ի նման նախագիծն իրականացնելը չափազանց դժվար էր, քանի որ մենք պետք է խախտեինք այն տիպիկ, սովորական ձևը, որով նախագծում ենք կառույցները: Նախ՝ շենքը զուտ որպես շինություն չենք մտահղացել։ Ցանկանում էինք ունենալ գրեթե բնական օրգանիզմ՝ կառույց, որը կունենար բնության բանականությունը։ Ինչպե՞ս կարողացանք հասնել դրան: Մեզ անհրաժեշտ եղավ օգտագործել համակարգչային շատ բարդ ծրագիր, որն օգնեց մշակել այնպիսի ձև և կառուցվածք, որը շատ ավելի արդյունավետ կլիներ տվյալ կլիմայում: Այսպիսով, շինության ձևը պարզապես նորարարություն չէ, այն նման է տվյալ վայրում աճող բույսի, որն ստանում է կոնկրետ քանակությամբ արևի լույս, ներսում ունի բավականաչափ տարածություն շենքի ֆունկցիոնալության համար, և այս ամենը համակցված է շատ խելացի և բարդ կառուցվածքի հետ, որը շինությանը նաև հնարավորություն է տալիս չունենալ սյուներ:
Սա բարձր մակարդակի նախագիծ է, որը հաճախ տեսնում ենք բնության մեջ: Մենք հիանում ենք ծաղիկների և բույսերի օրգանական ձևերով: Մենք հիանում ենք նրանով, թե ինչպես է բնությունը միշտ կարողանում գտնել ճիշտ ուղին իրեն անհրաժեշտ ռեսուրսները ստանալու և ամենաարդյունավետ կերպով ապրելու համար: Մենք կիրառում ենք նույն մարտահրավերը ճարտարապետության մի գործ ստեղծելու համար։ Այստեղ դժվարությունն այն էր, թե ինչպես կամրջել ճարտարապետությունն ու բնության բարդությունը։ Համակարգչային ծրագրերի միջոցով մենք սկսեցինք համատեղել այս երկուսը՝ ստեղծելու բնությունը կրկնօրինակող, հաջորդ սերնդի ճարտարապետություն։
Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել «Ստեղծելով ապագան» գիտաֆանտաստիկ միջազգային գիտաժողովին: Որո՞նք են ձեր ելույթի հիմնական ուղերձները։
Ինձ համար մեծ պատիվ է, որ հրավեր եմ ստացել մասնակցելու այս միջոցառմանը: Ես իսկապես անհամբեր սպասում եմ դրան, պատճառն այն է, որ ըստ էության, կիսում եմ նույն փիլիսոփայությունը: Մանուկ հասակում միշտ շատ հետաքրքրված էի գիտաֆանտաստիկայով, և կարծում եմ, որ գիտաֆանտաստիկան, փաստացի, զվարճալի լինելուց զատ, ինտելեկտուալ միջոց է մեզ համար՝ ստեղծագործաբար մտածելու ապագայի մասին, ինչն իրականում շատ կարևոր է: Երբեմն պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս ենք ստեղծում ապագան։ Միակ ճանապարհը, երբեմն, մտածելն է և մշակելն այն տեսլականը, որը նախատեսում է, թե ինչ կարելի է անել ապագայում: Սա է գիտաֆանտաստիկան:
Կարծում եմ՝ այն, ինչ ես անում եմ կիբեռճարտարապետության մեջ, իրականում գիտական ֆանտաստիկան իրականություն դարձնելն է՝ օգտագործելով գիտաֆանտաստիկայի ուժը՝ հնարավոր ավելի լավ ապագայի համար լուծումներ գտնելու նպատակով: Այս միջոցառմանը մասնակցությունը, իհարկե, ինձ հնարավորություն կտա կիսվել իմ սեփական փորձով և ուղղություններով, բայց նաև շփվել և հանդիպել գիտաֆանտաստիկայի ոլորտի առաջատար մտածողների հետ, որպեսզի կարողանամ սովորել նրանցից։ Իհարկե, կարող ենք նաև կիսվել բազմաթիվ գաղափարներով:
Իմ ելույթում նախ կներկայացնեմ քաղաքների մի շարք ֆուտուրիստական նախագծեր, որոնք ամբողջությամբ փոխում են քաղաքի ԴՆԹ-ն, որպեսզի մենք առաջ նայենք և խուսափենք անցյալի խնդիրներից: Նաև կներկայացնեմ իմ աշխատանքի հիմքում ընկած ոգեշնչման, մանկության շրջանում գիտաֆանտաստիկայից ունեցած ազդեցության որոշ օրինակներ, որոնք տասնամյակների ընթացքում իսկապես գրեթե իրականություն են դարձել իմ աշխատանքում: Այնպես որ, ինձ համար բավականին հաճելի է կիսվել գիտաֆանտաստիկայի իմ ճանապարհորդությամբ, որն ինձ հասցրել է մինչեւ կիբեռճարտարապետություն։
Կարծում եմ, որ այս դարաշրջանում մեր ամբողջ աշխարհը բախվում է անհավանական մարտահրավերների, որոնք այնպիսի մասշտաբներ ունեն, որ դրանք հաղթահարելը դուրս է որևէ կոնկրետ ընկերության, որևէ կոնկրետ երկրի հնարավորությունների սահմաններից: Դրանց առերեսվելը գլոբալ ջանքեր է պահանջում՝ և՛ մարդկային մտքի, և՛ տնտեսության, և՛ արդյունաբերության, և՛ գիտության մակարդակում: Բախվելով այս մարտահրավերներին՝ կարծում եմ՝ մարդկությունը ժամանակի այս շրջափուլում ունի հնարավորություն՝ ցույց տալու, թե որքան հրաշալիորեն մենք կարող ենք արձագանքել այդ մարտահրավերներին։ Եվ լինելով ստեղծագործ ու հեռատես՝ մենք կարող ենք այս մարտահրավերները վերածել հնարավորությունների, որոնք ողջ աշխարհը կբարձրացնեն այնպիսի մակարդակի, որում այն նախկինում երբևէ չի եղել:
Մենք այժմ գտնվում ենք արհեստական բանականության, քվանտային հաշվարկների, տիեզերական ճանապարհորդության դարաշրջանի սկզբում: Սրանք դռներ են, որոնք գնալով ավելի մեծ հնարավորություններ են բացում, որոնցից մենք կարող ենք օգտվել, որպեսզի ստեղծենք ավելի լավ, ուժեղ մարդկություն՝ պատրաստ գալիք դարերին և դրանց հետ եկող փոփոխություններին: Իմ ուղերձն է՝ եկե՛ք բոլորս քաջ, համարձակ և հեռատես լինենք ու իսկապես օգտվենք ապագայի այս հնարավորությունից, որպեսզի նորից չկրկնենք անցյալի սխալները:
Ի՞նչ եք կարծում, մարդկությանը հաջողվո՞ւմ է, դիմակայել ձեր նշած մարտահրավերներին, թե՞ ոչ:
Կարծում եմ՝ մարդկության ճանապարհորդությունը ենթադրում է և՛ ձախողումներ, և՛ հաջողություններ։ Չկա շարունակական ձախողում, ոչ էլ կա շարունակական հաջողություն: Մենք շարունակաբար ապրում և հարմարվում ենք աշխարհի տեղաշարժերին և փոփոխություններին, որոնք և՛ լավ են, և՛ վատ՝ պատերազմներ, համաճարակներ, տնտեսական աճ, բարգավաճում։ Այս բոլորը միախառնվում են տարօրինակ, քաոսային հաճախականության մեջ, մինչ մենք առաջ ենք շարժվում: Այնուամենայնիվ, եթե մենք չշարունակենք առաջ գնալ, հնարավոր է, որ արգելափակվենք անառողջ ցիկլում: Ես հավատում եմ, որ քանի դեռ մարդկությունը շարունակում է առաջ ընթանալ դրական, խիզախ տեսլականով, մեր առջև ծառացած ցանկացած խնդիր կդառնա ժամանակավոր, և կմեծանան դրական արդյունք ունենալու մեր հնարավորությունները։ Մենք և՛ հաղթում ենք, և՛ պարտվում: Սակայն հարցը դա չէ։ Խնդիրն այն է, որ մենք պետք է շարունակենք առաջ շարժվել:





