Այս անգամ վերջապես տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ. Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ընտրություններն անցկացվեցին մի քանի փուլով, և առաջին փուլում թեկնածուների ընտրությունն իրականացվել է հստակ գիտաչափական չափանիշների հիման վրա: Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում հայտարարել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը՝ գնահատելով վերջերս անցկացված ընտրությունները, որոնց արդյունքում նա ընտրվել է ԳԱԱ ասոցացված անդամ:

Գիտնականը նշել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ թեկնածուն, որի Հիրշի գործակիցը (ցիտելու գործակիցը) հավասար էր 20-ի, չի ընտրվել ակադեմիայի թղթակից անդամ, մինչդեռ անցել է մեկին հավասար գործակից ունեցող թեկնածուն։ «Այսօր, փառք Աստծո, դա բացառված է: Այսօր թեկնածուն պետք է համապատասխանի միջազգայնորեն ընդունված չափանիշներին, և դա շատ կարևոր է»,- նշել է նա։

Եպիսկոպոսյանը հավելել է, որ այդ չափանիշների շարքում կարևոր տեղ ունի նաև գիտելիքի փոխանցման հարցը. ԳԱԱ ասոցացված անդամը պարտադիր պետք է ասպիրանտներ ունենա, պետք է պատրաստի գիտնականների հաջորդ սերունդը: Ըստ նրա՝ ինքը ճանաչել է փայլուն գիտնականների, որոնք իրենցից հետո ոչ մի աշակերտ չեն թողել։ «Ես շփվել եմ նրանց հետ, հիացել եմ նրանց գիտելիքներով, բայց այսօր նրանք չկան, և ամեն ինչ ընդհատվել է, չկա մեկը, որի հետ համագործակցությունը կշարունակեի այս ոլորտում: Դա մեծ թերություն է: Բայց այսօր, նոր կանոններով այս հարցը անպայման կլուծվի»,- ասել է նա:

Ընդ որում, գիտնականը նշել է, որ գիտական ​​հանրության մեջ ոչ բոլորն էին գոհ ընտրությունների կարգում կատարված փոփոխություններից: Բայց նա վստահ է, որ դրանով իսկ ապահովվել է գործընթացի օբյեկտիվությունը, թեև, ըստ նրա, փորձարարների, կիրառական գիտությամբ զբաղվողների համար պահանջները կարող էին փոքր-ինչ մեղմ լինել:

Խոսելով այն մասին, թե ինչ գործառույթներ պետք է այսօր ունենա նոր կազմով Ակադեմիան, և արդեն առանց ինստիտուտների, Եպիսկոպոսյանը նկատել է, որ հնարավոր է՝ այսօր Ակադեմիան ազատության ավելի մեծ աստիճան է ստացել՝ ազատվելով վարչական, թղթային առօրյայից, և պետք է փորձագիտական ​​դեր ստանձնի, դառնա կառավարության խորհրդատուն։

Նա բերել է Էստոնիայի գիտությունների ակադեմիայի օրինակը։ Գիտնականը պատմել է, որ երբ 2008 թվականին այցելել է այդ Ակադեմիա, զարմացել է այն բանից, որ կրթության և գիտության նախարարն եկել էր Ակադեմիայի նախագահի մոտ այցի: Ոչ թե հակառակը, ինչպես ընդունված է մեզ մոտ: Նրան բացատրել են, որ ըստ Էստոնիայի օրենսդրության՝ բոլոր օրինագծերը պետք է ստանան Ակադեմիայի հավանությունը՝ նախքան խորհրդարանում քննարկման ներկայացվելը: «Եթե մեզ հաջողվի հասնել նույնին, դա շատ մեծ ձեռքբերում կլինի և կմեծացնի Ակադեմիայի կշիռը։ Ակադեմիան մեր հասարակության այն բաղադրիչն է, որն անփոփոխ է, կայուն։ Նախարարները գալիս և գնում են, երբեմն վերադառնում, բայց Ակադեմիան մնում է, և հենց այդ կայունությունն է ստեղծում համակարգը: Ակադեմիան համակարգի սյուներից մեկն է»,- ասել է նա:

Գենետիկական պատմությունը ոչ ոք չի կարող հերքել

Լևոն Եպիսկոպոսյանը Հայաստանում հայտնի գենետիկ է, որի հետազոտությունները հերքում են համաշխարհային պատմագրության մեջ ընդունված պատկերացումները հայ ժողովրդի ձևավորման վերաբերյալ։

Պատմելով իր գիտական ուղու մասին՝ գիտնականն առանձնացնում է մի քանի փուլ։ Նախ, նրան բախտ է վիճակվել սովորելու խորհրդային կենսաբանության երևելիների մոտ Մոսկվայի պետական համալսարանում՝ Խորհրդային Միության միակ՝ մարդաբանության ամբիոնում։ Այնուհետև՝ աշխատանքային տարիները Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ գիտնականը սկսել է սերտորեն զբաղվել գենետիկական հետազոտություններով և 37 տարեկանում դոկտորական ատենախոսություն պաշտպանել։

Խորհրդային Միության փլուզումից հետո, Եպիսկոպոսյանի պատմելով, գիտնականների համար գոյատևելու ամենածանր ժամանակաշրջանն եր, բայց մի հանգրվան նա առանձնացնում է որպես շրջադարձային. 1995 թվականին նրան նշանակել են Արցախի պետական համալսարանի ռեկտոր։ Այդ պաշտոնում նա մնացել է ընդամենը մեկ տարի, սակայն դա ընդմիշտ կապել է նրան Արցախի հետ։ Այստեղ նա վերադարձել է այն հարուստ գենետիկական նյութի որոնումներով, որն էլ ընկել է նրա հեղափոխական հետազոտությունների հիմքում։

Արցախում պեղումները Լևոն Եպիսկոպոսյանն իրականացրել է 2000 թվականից մինչև 2020 թվականը, աշխատանքներն ավարտվել են բառացիորեն 44-օրյա պատերազմի սկսվելուց մեկ ամիս առաջ։

Արցախում և հայերի բնակության այլ շրջաններում հավաքված հնագույն ԴՆԹ-ի և ժամանակակից հայերի ԴՆԹ-ի նմուշներն ուղարկվել են արտասահմանյան լաբորատորիաներ՝ հետազոտությունների, բայց հայ գիտնականների հսկողության տակ, որպեսզի համոզված լինեն, որ հետազոտության արդյունքը «քաղաքական նպատակներով» չի աղավաղվի։

Արտասահմանյան գործընկերների հետ միասին անցկացված հետազոտությունները նախ ցույց են տվել, որ այս տարածաշրջանում վերջին 8000 տարվա ընթացքում ապրած կանայք մեր գենետիկական, կենսաբանական նախնիներն են։

Անցյալ տարի անցկացված ավելի լայնածավալ հետազոտության տվյալները թույլ են տալիս խոսել հայկական գենոֆոնդի՝ արդեն բառի լիարժեք իմաստով ձևավորման առնվազն 6 հազար տարվա մասին։ Վերլուծության մեջ հաշվի են առնվել միտոքոնդրիումային ԴՆԹ-ն, Y-քրոմոսոմը և աուտոսոմային ԴՆԹ-ն, այսինքն՝ մարդու ամբողջական գենետիկական նյութը, որը ներառում է ինչպես մայրական, այնպես էլ հայրական տոհմագծերը։

Լևոն Եպիսկոպոսյանի գնահատմամբ՝ գենետիկական պատմությունը մեր իրական պատմությունն է, որը ոչ ոք չի կարող հերքել։ «Գենետիկական տվյալները մարդը չի գրել, դա ինչ-որ հնարովի բան չէ, դա գրել է բնությունը, և ինչպես ես եմ կարդում բնության գրերը, ճիշտ այդպես էլ կարդում է մեկ ուրիշը։ Մենք մեր գենետիկական պատմությունը կառուցում ենք այդ նյութի վրա, և ոչ ոք չի կարող այն հեղաթյուրել և կեղծել, նույնիսկ մեր հակառակորդները», - ասում է նա։