NASA-ի մեծ բարձրությամբ թռչող ER-2 ինքնաթիռներն ամերիկյան անապատներում «ռազմավարական նշանակության» օգտակար հանածոներ են փնտրում, որոնք կենսական նշանակություն ունեն էլեկտրոնիկայի արտադրության, ԱՄՆ-ի տնտեսության և, առհասարակ, ԱՄՆ ազգային անվտանգության համար, տեղեկացնում է Space.com-ը:
Առաքելությունը հայտնի է որպես GEMx (Geological Earth Mapping Experiment - Երկրի երկրաբանական քարտեզագրման փորձ) և իրականացվում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) հետ համատեղ:
ER-2 ինքնաթիռները, որոնք իրենց նախորդի՝ U-2 հետախուզական ինքնաթիռի հիման վրա են կառուցվել, կարող են թռչել 18,000 մետր բարձրության վրա և կատարել են ավելի քան 4500 առաքելություն, որոնց ընթացքում ուսումնասիրել են Երկրի մթնոլորտը և հարակից երևույթները, օզոնի մակարդակը և նույնիսկ օգտագործվել են արբանյակային նոր սենսորների փորձարկման համար:
«ԱՄՆ-ը կախված է Երկրի ընդերքում առկա նյութերի հուսալի մատակարարումից, որպեսզի աջակցի իր տնտեսությանը և ազգային անվտանգությանը»,- ասել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության երկրաֆիզիկոս Ռայմոնդ Կոկալին։
«Նման նյութերը համարվում են շատ կարևոր օգտակար հանածոներ, քանի որ դրանց մատակարարման շղթայի ընդհատումը զգալի բացասական ազդեցություն կունենա: Այս կարևոր և ռազմավարական օգտակար հանածոներից առնվազն մի քանիսի չբացահայտված հանքավայրեր գրեթե անկասկած գոյություն ունեն Միացյալ Նահանգներում, սակայն ժամանակակից երկրաֆիզիկական տվյալներ են անհրաժեշտ, որպեսզի մեծացնենք այս ռեսուրսների մասին մեր գիտելիքները»,- հավելել է նա:

GEMx առաքելության շրջանակում NASA-ի ER-2 ինթնաքիռը և դրա փոփոխված Gulfstream V բիզնես ինքնաթիռներից մեկը թռիչքներ են կատարում Ամերիկայի հարավ-արևմուտքում, ներառյալ Կալիֆոռնիայում, Նևադայում, Արիզոնայում և Նյու Մեքսիկոյում: Այս կոնկրետ փորձի համար ER-2-ը չորային կլիմա ունեցող այս շրջանների վրայով թռնում է 19,800 մ բարձրության վրա, զինված է հատուկ սենսորներով, որոնք կատարում են հիպերսպեկտրային պատկերներ և հավաքում այդ ինֆորմացիան:
Այս պատկերները բաղկացած են ոչ միայն տեսանելի լույսից, այլև ինֆրակարմիր և ջերմային ճառագայթման բազմաթիվ շերտերից, ինչը թույլ է տալիս հետազոտողներին տեսնել այն, ինչ NASA-ն անվանում է «երկրաֆիզիկական բարդություններ թվացյալ պարզ կամ մոնոխրոմատիկ մակերեսների հետևում», որոնք կարող են ենթադրել կարևոր օգտակար հանածոների առկայություն։
Առաքելությունը նաև վերաբերում է ԱՄՆ ազգային անվտանգությանը, քանի որ այն նպատակ ունի օգնել ԱՄՆ-ին վերացնելու կախվածությունն էլեկտրոնիկայի ներկրումից ոչ միայն սպառողների, այլև պետական և ռազմական հաճախորդների համար:
«Եթե այս առաքելությունը կարողանա հաջողությամբ բացահայտել կարևոր օգտակար հանածոներն ԱՄՆ հանքարդյունահանելի վայրերում, մենք կարող ենք ավելի քիչ կախված լինել օտարերկրյա կազմակերպություններից այս կարևոր հանքանյութերի հարցում»,- ասել է NASA-ի GEMx ծրագրի ղեկավարի տեղակալ Քևին Ռիթը։

Պարբերականը նշում է, որ Ջո Բայդենի վարչակազմը իր համար վերջին տարիներին առաջնահերթություն է դարձրել ԱՄՆ-ի կողմից այդ հանքանյութերի ներքին մատակարարումների ընդլայնումը և 2021-ին ԱՄՆ Նախագահը հրամանագիր է ստորագրել, որի նպատակն է նվազեցնել օտարերկրյա աղբյուրներից և թշնամական երկրներից կարևոր օգտակար հանածոների և նյութերի նկատմամբ չափազանց մեծ կախվածությունը:
«Չինաստանը վերահսկում է աշխարհում կոբալտի, լիթիումի, հազվագյուտ տարրերի և այլ կարևոր օգտակար հանածոների հանքարդյունահանման և վերամշակման շուկայի մեծ մասը»,- ասվում է Սպիտակ տան 2022-ին հրապարակված փաստաթերթում։
NASA-ն ակնկալում է, որ GEMx նախագիծը կարժենա 16 միլիոն դոլար և կշարունակվի մինչև 2026-ի աշուն:






