Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների 4 ամսվա եկամտային հարկը

5 հոկտեմբերի, 2022  16:11

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը։ Նախարարությունն այս նպատակով նոր նախագիծ է մշակել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Երեւանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի (GIF22) շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կան խնդիրներ, որովհետև ոլորտն արտահանող ոլորտ է, զբաղված է հիմնական ծառայությունների արտահանմամբ, և դրամի ուժեղացումը խիստ բացասաբար է անդրադառնում», - ասաց Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է նախագիծ, այն գտնվում է շրջանառության մեջ, մոտ օրերս կմտնի կառավարություն՝ քննարկման:

«Մենք առաջարկում ենք սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկի հետվերադարձ անել IT ոլորտի ընկերություններին՝ դրանով փոքր-ինչ կոմպենսացնելով նրանց կրած վնասները», - ասաց նախարարը:

Այս առումով նախարարությունը սեկտորի ընկերությունների հետ համաձայնություն ունի, հիմա պետք է հարցը քննարկեն կառավարության գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբից ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ և շարունակվող արժեզրկման հետևանքով (480-485 դրամից նվազում 405-406 դրամի) մեծապես տուժել են արտահանող և ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները, որոնց եկամուտը ստացվում է արտարժույթով, հիմնականում՝ ԱՄՆ դոլարով։ ՏՏ ընկերությունները նշում են, որ ԱՄՆ դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման հետևանքով կրճատվել են տեղական ՏՏ ընկերությունների ֆինանսական մուտքերը՝ խոչնդոտելով դրանց բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ