Ճապոնական նորագույն H3 հրթիռի արձակման փորձը ձախողվել է. կորել է գերժամանակակից DAICHI-3 արբանյակը

7 մարտի, 2023  13:33

Ճապոնիայի օդատիեզերական գործակալության նոր H3 հրթիռը, որը երկուշաբթի արձակվել է Տանեգասիմա տիեզերական կենտրոնից, ձախողվել է իր առաջին թռիչքի ժամանակ: Գործարկումից 5 րոպե 27 վայրկյան հետո հրաման է տրվել առանձնացնել առաջին փուլը և գործարկել երկրորդը, սակայն հրամանին ի պատասխան բռնկում տեղի չի ունեցել, և երկրորդ փուլը չի գործարկվել։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, դրանից անմիջապես հետո տրվել է ինքնաոչնչացվելու հրաման, քանի որ, ինչպես հայտնում է Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA), հնարավոր չի եղել կատարել առաքելությունը:

Հրթիռը տիեզերք պետք է բարձրացներ գերժամանակակից դիտորդական Advanced Land Observing Satellite-3 (ALOS-3) արբանյակը), որը նաև հայտնի է DAICHI-3 անունով։ Այն նախատեսված էր արևի համաժամանակյա ուղեծիր արձակելու և մինչև 0,8 մ լուծաչափով նկարահանումներ անելու համար:

H3 հրթիռը նախատեսված է 4 տոննա կամ ավելի ծանր բեռ 500 կմ բարձրության վրա արևի համաժամանակյա ուղեծիր և 6,5 տոննա կամ ավելի բեռ գեոստացիոնար ուղեծիր տեղափոխելու համար: JAXA-ն այն մշակել է Mitsubishi Heavy Industries-ի հետ համագործակցությամբ մոտ մեկ տասնամյակ, և բազմաթիվ տեխնիկական խնդիրներ արդեն հանգեցրել էին առաջին արձակման հետաձգմանը:

Շարքից դուրս եկած հրթիռի տարբերակն (H3-22) ունի կողային երկու կոշտվառելիքային շարժիչի արագացուցիչներ, բայց բեռնատարողության հզորությունը մեծացնելու նպատակով դրանք կարող են ավելացվել մինչև չորսի: Բացի դրանից, այս հրթիռի դեպքում օգտագործվել է ընդամենը երկու LE-9 շարժիչ, թեև հրթիռի տարբերակներից մեկը թույլ է տալիս օգտագործել երեքը։ Նոր մոդելը նախատեսված է փոխարինելու ներկայումս շահագործվող H-IIA հրթիռին, որի վերջին թռիչքը պետք է տեղի ունենա 2024 թ․։

H3-22 նոր մոդելի հրթիռը պետք է լինի ավելի «ճկուն», հուսալի և ավելի էժան, քան իր նախորդը։ Այնուամենայնիվ, միջազգային շուկայում այն արդեն ունի ուժեղ մրցակից՝ SpaceX ընկերության բազմակի օգտագործման Falcon 9 հրթիռը: Ըստ ոլորտի փորձագետների՝ ավիատիեզերական ոլորտում որոշ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության դադարեցումը և Եվրոպայում արդյունավետ մրցակիցների բացակայությունը մեծ հնարավորություններ է բացում JAXA-ի համար: Հայտնի է, որ 2022 թ․ մայիսին Ճապոնիան արդեն որոշել է ակտիվորեն զարգացնել օդատիեզերական ծրագիրը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ