TikTok-ը սահմանափակում է մտցնում դեռահասների համար. նրանք հարթակում կարող են անցկացնել օրական 60 րոպեից ոչ ավելի

2 մարտի, 2023  10:26

TikTok կարճ վիդեո ծառայությունը սահմանափակում է մտցնում դեռահասների համար. այն ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթներին, և մինչև 18 տարեկան օգտատերերը կկարողանան հարթակում անցկացնել օրական 60 րոպեից ոչ ավելի։

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, եթե դեռահաս օգտատերը հասնի այս սահմանգծին, բովանդակությունը հաջորդիվ դիտելու համար նրան կառաջարկվի մուտքագրել գաղտնաբառ: Ճիշտ է, կարգավորումներում կարելի է անջատել դա, բայց եթե դեռահասը դա անի և օրական ավելի քան 100 րոպե անցկացնի TikTok-ում, ծառայությունը կառաջարկի նոր սահմանաչափ սահմանել։

Բացի դրանից, դեռահաս օգտատերերը շաբաթական ծանուցումներ կստանան այն մասին, թե որքան ժամանակ են իրենք ծախսել հավելվածում, որպեսզի կարողանան ավելի լավ վերահսկել հավելվածում անցկացրած ժամանակը:

Ըստ հարթակի տվյալների՝ այս ծանուցումները մեկ ամիս փորձարկելու ընթացքում 234%-ով ավելացել է TikTok-ում ժամանակի կառավարման գործիքների օգտագործման ցուցանիշը։

TikTok-ի մասնագետները խորհրդակցել են Բոստոնի մանկական հիվանդանոցի թվային առողջության լաբորատորիայի ակադեմիական հետազոտողների և փորձագետների հետ՝ որոշելու, թե ինչ սահմանափակումներ պետք է կիրառվեն դեռահասների համար: Սակայն, ինչպես նշել է TikTok-ի վստահության և անվտանգության հարցերով բաժնի ղեկավար Քորմաք Քինանը, ներկայումս ընդհանուր հաստատված դիրքորոշում չկա այն մասին, թե էկրանի առաջ անցկացված որքան ժամանակը կարող է ավելորդ համարվել:

Տասներեք տարեկանից ցածր երեխաների համար 60 րոպեի սահմանափակում կներդրվի նաև TikTok for Younger Users հավելվածից օգտվողների համար։ Ծնողը կամ խնամակալը պետք է սահմանի կամ մուտքագրի արդեն սահմանված անցակոդը, որպեսզի երեխան շարունակի օգտագործել հավելվածը ևս 30 րոպե:

Նոր գործառույթներ են ավելացվել նաև Family Pairing-ում, որը ծնողական կարգավորելի հսկողության հնարավորություն է և թույլ է տալիս ծնողին կամ խնամակալին TikTok-ի իրենց հաշիվը կցել երեխայի հաշվին: Ծնողը կամ խնամակալը կկարողանա շատ սահմանափակումներ դնել ձեռքով՝ կախված նրանից, օրինակ, թե շաբաթվա որ օրը ինչ սահմանափակում է ցանկանում դնել։

Ծնողը կամ խնամակալը կկարողանա տեսնել, թե օրվա ընթացքում որքան ժամանակ է երեխան անցկացրել TikTok-ում և որքան հաճախ է նա բացել հավելվածը։ Բացի դրանից, ծառայությունը 21:00-ից հետո այլևս «push» ծանուցումներ չի ուղարկում 13-15 տարեկան օգտատերերին, իսկ 22:00-ից՝ 16-17 տարեկան օգտատերերին:

TikTok-ը նաև մշակում է բովանդակության վերահսկման նոր տարրեր, որոնք ծնողներին թույլ կտան ֆիլտրել տեսանյութերը ըստ բառերի և հեշթեգերի և սահմանափակել երեխաների հասանելիությունը ոչ պատշաճ նյութերին:  

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում YouTube վիդեոհոսթինգը մեղադրվում է մինչև 13 տարեկան երեխաների տվյալներն ապօրինաբար հավաքելու մեջ։ Եթե ​​մեղադրանքն ապացուցվի, ընկերությանը սպառնում է տարեկան հասույթի 4%-ի չափով տուգանք: Միաժամանակ YouTube-ը բազմիցս հայտարարել է, որ իր ծառայությունը նախատեսված չէ 13 տարեկանից փոքր երեխաների համար։ Նրանց համար ընկերությունն ունի առանձին՝ YouTube Kids հավելված, սակայն այն օգտագործելու համար ևս անհրաժեշտ է ծնողի համաձայնությունը։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ