Android 15-ը երկու նոր և օգտակար գործառույթ կստանա

22 ապրիլի, 2024  14:00

Android 15 օպերացիոն համակարգում օգտատերերը կկարողանան վերահսկել իրենց սարքերի ներկառուցված հիշողության չիպերի մաշվածությունը։ Հնարավոր կլինի նաև կասկածելի հավելվածները պահել կարանտինում։

Ներքին հիշողության մաշվածությունը տոկոսներով

Նոր գործառույթը, որը նկատվել է օպերացիոն համակարգի բետա տարբերակում, հնարավորություն կտա հետևել, թե որքան ժամանակ դեռ կարող է աշխատել ներկառուցված հիշողության չիպը, հայտնում է Android Authority կայքը։ Սկավառակի կարգավիճակի մասին տեղեկությունները կցուցադրվեն նոր Device Diagnostics (սարքի ախտորոշում – անգլ․) հավելվածում: Նոր API-ի շնորհիվ օգտվողները կկարողանան տեսնել, թե տոկոսային հարաբերակցությամբ որքան դեռ կծառայի սարքը։

Այս API-ն ապահովում է օպերացիոն համակարգի հավաքված տվյալները և օգնում է բարելավել սարքի սպասարկումը, այդ թվում՝ օպտիմալացնելով գործընթացը, թե ինչպես են չօգտագործված բլոկները մշակվում ֆայլային համակարգում, որն իր հերթին օգնում է երկարացնել ներկառուցված հիշողության ժամկետը:

Կարևոր է նշել, որ ներկառուցված հիշողության ծառայության ժամկետի ցուցադրման ճշգրտությունը կախված կլինի կոնկրետ սարքի մոդելից, դրա արտադրողից և հիշողության չիպի մատակարարից: Որոշ սմարթֆոններ, ներառյալ Google-ի Pixel սարքերը, հիշողության մնացյալ ժամկետը ցույց կտան մինչև 1% ճշգրտությամբ, սակայն մյուս մոդելների դեպքում դա հնարավոր է՝ մինչև 10% ճշգրտությամբ։

Կարանտին կասկածելի հավելվածների համար

Android 15 օպերացիոն համակարգը կունենա նաև կասկածելի հավելվածները կարանտինում պահելու հնարավորություն։ Android Authority կայքի տվյալներով՝ ներկայումս սմարթֆոններում ներկառուցված Google Play Protect համակարգը պարզապես հեռացնում է վտանգավոր ծրագրերը։

Հնարավոր վտանգավոր հավելվածների հեռացումը համարվում է սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետ մեթոդ, սակայն երբեմն համակարգը կարող է սխալմամբ անվտանգ հավելվածները դասակարգել որպես վտանգավոր: Կարանտինի ներդրումը թույլ կտա հավելվածներին մնալ սարքում, սակայն դրանք կլինեն ոչ ակտիվ։

Կարանտինում գտնվող հավելվածը տեսանելի կլինի հավելվածների ցանկում, սակայն դրա ֆունկցիոնալությունը սահմանափակ կլինի։ Այս հավելվածները գործարկելիս օգտատերը ծանուցում կստանա հնարավոր վտանգի մասին: Բացի դրանից՝ դրանք չեն կարող աշխատել ֆոնային ռեժիմում, ծանուցումներ ուղարկել, մուտք գործել սարքի զգայուն տեղեկություններ կամ թարմացում ստանալ:

Այսպիսով, կարանտինում գտնվող հավելվածները վտանգ չեն ներկայացնում օգտատերերի համար, քանի որ դրանց ֆունկցիոնալությունը սահմանափակված է և դրանք չեն կարող փոխազդել համակարգի հետ։ Չափորոշիչները, որոնցով Google Play Protect-ը կորոշի, թե արդյոք պետք է հավելվածը պահել կարանտինում, թե ոչ, դեռ չեն բացահայտվել, սակայն ակնկալվում է, որ որոշումը հաշվի կառնի տարբեր գործոններ, ինչպիսիք են կոդում խոցելիության առկայությունը, հավելվածի կասկածելի վարքագիծը և օգտատերերի կարծիքները:

Android 15-ի ամբողջական թողարկումը սպասվում է 2024-ի աշնանը։ Թարմացմանն առաջինը հասանելիություն կունենան Google-ի Pixel 6 շարքի և ավելի ուշ մոդելների սմարթֆոնները։


 
 
 
 
  • Արխիվ