Lemon8-ը՝ TikTok-ն ստեղծած ընկերության մշակած հավելվածը, հայտնվել է App Store-ի լավագույն հնգյակում. ի՞նչ է հայտնի դրա մասին

4 ապրիլի, 2023  19:22

Lemon8-ը՝ TikTok-ն ստեղծած չինական ByteDance ընկերության մշակած հավելվածը, միաժամանակ նման է և՛ Instagram-ին, և՛ Pinterest-ին․ այստեղ կարելի է անել լուսանկարներ և տեսանյութեր պարունակող հրապարակումներ: Եվ մինչ TikTok-ին մեղադրում են օգտատերերի մասին զգայուն տեղեկություններ հավաքելու մեջ, իսկ որոշ երկրներում ցանկանում են այն առհասարակ արգելել, Lemon8-ը ակտիվորեն թափ է հավաքում․ միլիոնավոր մարդիկ ներբեռնում են հավելվածը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Վերջերս հավելվածը App Store-ի Lifestyle կատեգորիայի 5-րդ տեղն է զբաղեցրել՝ առաջ անցնելով Pinterest-ի և Tinder-ի նման հավելվածներից:

Bloomberg-ը համարում է, որ ByteDance-ի հետ կապի պատճառով այս հավելվածը պետք է մշտապես ուշադրության տակ պահվի։ Ճիշտ է, App Store-ում Lemon8-ի սեփականատեր է նշված սինգապուրյան Heliophilia Pte ընկերությունը։ Սինգապուրի ընկերությունների պետական ռեգիստրում, սակայն, կարելի է պարզել, որ Heliophilia-ն իրականում գտնվում է նույն հասցեում, ինչ տեղական TikTok-ի գլխամասային գրասենյակը:

Heliophilia-ի տնօրենը Սինգապուրի քաղաքացի Չժոու Ցինն է: Այնուամենայնիվ, Reuters-ն անցյալ տարի գրել էր, որ իրականում Lemon8-ի հետևում կանգնած է ByteDance-ի արտադրանքի և ռազմավարության գծով ավագ փոխնախագահ և TikTok-ի նախկին գործադիր տնօրեն Ալեքս Չժուն: Ճապոնական լրատվամիջոցներում ևս քիչ տեղեկություններ չկան այն մասին, որ ակնհայտ կապ կա ByteDance-ի և Lemon8-ի միջև։ Եվ այս կապը, ըստ Bloomberg-ի լրագրողների, ստիպում է մտածել, թե արժե՞ արդյոք օգտագործել Lemon8-ը, հաշվի առնելով, որ այս հավելվածը ևս կարող է տվյալների անվտանգության հետ կապված խնդիրներ ունենալ, ինչպիսին է TikTok-ը։

Հետաքրքիր է, որ Lemon8 հավելվածը գործարկվել է Ճապոնիայում 2020 թ․ ապրիլին, բայց միայն վերջերս են սկսել այն ակտիվորեն գովազդել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այն խնդիրների ֆոնին, որոնց TikTok-ը վերջերս բախվել է այդ երկրներում: Հավելվածի մշակողը ինֆլուենսերներին և բովանդակություն ստեղծողներին վճարում է Lemon8-ում հրապարակումներ անելու և Lemon8-ի մասին TikTok պրոմո տեսանյութեր ստեղծելու համար։

Հնարավոր է, որ ByteDance-ը նախատեսում է TikTok + Lemon8 կապ ստեղծել, որպեսզի օգտատերերը մնան նույն էկոհամակարգում և ավելի քիչ օգտագործեն Instagram-ը և երրորդ կողմի հավելվածները, որոնք չեն պատկանում ByteDance-ին:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ