ԱՄՆ օրենսդիրները TikTok-ը երկրում արգելելու մասին նոր նախագիծ են ներկայացրել

14 դեկտեմբերի, 2022  18:02

Ամերիկացի երեք օրենսդիրներ օրենքի նոր նախագիծ են ներկայացրել, որի նպատակն է արգելել չինական TikTok սոցցանցի գործունեությունն ԱՄՆ-ում, քանի որ օրենսդիրները կարծում են, որ TikTok-ն ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցում է Չինաստանի կառավարությանը։

Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ նոր օրենքը Միացյալ Նահանգներում կարգելափակի և կարգելի այն սոցցանցերի գործունեությունը, որոնք ունեն ամսական առնվազն մեկ միլիոն ակտիվ օգտատերեր և կա՛մ գտնվում են ԱՄՆ-ի համար հակառակորդ համարվող երկրներում, կա՛մ այդ երկրներն էական ազդեցություն ունեն այդ սոցցանցերի վրա։ Նախագծվում մասնավորեցվում է, որ խոսքը վերաբերում է նաև Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային, Կուբային և Վենեսուելային։ Օրինագծում նաև կոնկրետ նշվում է, որ այն կվերաբերի TikTok-ին և դրա մայր ընկերությանը՝ ByteDance-ը:

Ընդմիշտ արգելել «Պեկինի կողմից վերահսկվող» TikTok-ը

Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն (Սենատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացնում է կուսակցությունը) և Ներկայացուցիչների պալատում օրինագծի հեղինակներից մեկը՝ Վիսկոնսինի հանրապետական պատգամավոր Մայք Գալահերը, Washington Post-ում գրած խմբագրականում դեռ անցյալ ամիս էին հայտնել օրինագիծը ներկայացնելու իրենց մտադրության մասին։

Մարկո Ռուբիոն նաև հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դաշնային կառավարությունը պետք է մեկ բովանդակալից քայլ կատարի ամերիկացի օգտատերերին TikTok-ի սպառնալիքից պաշտպանելու համար։ «Այլևս չենք կարող ժամանակ կորցնել Չինաստանի կոմունիստական կուսակցության խամաճիկ ընկերության հետ անիմաստ բանակցությունների վրա։ Ժամանակն է ընդմիշտ արգելել Պեկինի կողմից վերահսկվող TikTok-ը»,- ասել է նա։

Նշենք, որ մի քանի հանրապետական ​​նահանգապետեր պետական ​​մակարդակով արդեն արգելել են TikTok-ի օգտագործումը պետական հիմնարկներին պատկանող սարքերում։ Անցած երկու շաբաթվա ընթացքում նման սահմանափակումներ է կիրառել առնվազն յոթ նահանգ, ներառյալ Մերիլենդը, Հարավային Դակոտան և Յուտան: 

TikTok-ի արձագանքը

Արդեն բավական երկար ժամանակ TikTok-ը բանակցում է ԱՄՆ կառավարության հետ հնարավոր գործարքի շուրջ, որն ընկերությանը հնարավորություն կտա փարատել ազգային անվտանգության վերաբերյալ իշխանությունների կասկածները, և սոցցանցը կկարողանա գործել ԱՄՆ-ում։

Ամերիկացի օրենսդիրների նախաձեռնությանը TikTok-ի արձագանքը չի ուշացել։ TikTok-ի խոսնակ Հիլարի Մաքքուեյդը հայտարարել է, թե մտահոգիչ է, որ Կոնգրեսի որոշ անդամներ, փոխանակ վարչակազմին խրախուսեն, որպեսզի ավարտի ստուգումները, թե որքանով է TikTok-ը համապատասխանում երկրի ազգային անվտանգությանը, որոշել են «քաղաքական դրդապատճառներով արգելք դնել», որը ոչինչ չի տա Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը։

«Մենք կշարունակենք Կոնգրեսի անդամներին տեղեկացնել այն ծրագրերի մասին, որոնք մշակվել են մեր երկրի ազգային անվտանգության բարձրագույն գործակալությունների հսկողության ներքո, ծրագրեր, որոնք մենք բարեհաջող կերպով ընթացքի մեջ են, որպեսզի մեր հարթակն ավելի ապահով դարձնենք Միացյալ Նահանգներում»,- ասել է Հիլարի Մաքքուեյդը։

TikTok-ը հերքում է մեղադրանքները

TikTok-ն ավելի վաղ ասել է, որ ընկերությունն ԱՄՆ օգտատերերի մասին իր ունեցած տվյալները չի տրամադրում Չինաստանի կառավարությանը, և որ ԱՄՆ-ում տեղակայված անվտանգության թիմն է որոշում, թե Չինաստանից ով կարող է հասանելիություն ունենալ ԱՄՆ օգտատերերի տվյալներին: TikTok-ը նաև նախկինում խոստովանել է, որ Չինաստանում աշխատող աշխատակիցները ներկայումս կարող են մուտք գործել օգտատերերի տվյալներ:

Այս օրինագիծը միակ դաշնային օրենքը չէ, որն ուղղված է TikTok-ի դեմ: Անցյալ տարի ԱՄՆ օրենսդիրներն առաջարկեցին օրենք, որն արգելում է TikTok-ի օգտագործումը դաշնային գործակալությունների կողմից, իսկ Մարկո Ռուբիոն ներկայացրեց մի օրինագիծ, որը որոշ հավելվածներ արտադրողների կստիպի բացահայտել սեփականատերերի մասին տեղեկությունները: Մեկ այլ օրինագիծ, որը ներկայացվել է այս աշնանը, TikTok-ին արգելում է Չինաստանում գործող աշխատակիցներին հասանելիություն տրամադրել ԱՄՆ քաղաքացիների օգտատերերի տվյալներին:

ԱՄՆ զինված ուժերը, Պետդեպարտամենտը և Ազգային անվտանգության նախարարությունը արդեն սահմանափակել են TikTok-ի կիրառումն իրենց հսկողության տակ գտնվող սարքերում:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ