YouTube-ը մեղադրվում է 13 տարեկանից ցածր երեխաների տվյալները հավաքելու մեջ. ընկերությանը խոշոր տուգանք է սպառնում

1 մարտի, 2023  19:08

YouTube վիդեոհոսթինգը Մեծ Բրիտանիայում մեղադրվում է 13 տարեկանից ցածր երեխաների տվյալներն ապօրինաբար հավաքելու մեջ։ Եթե մեղադրանքն ապացուցվի, ապա ընկերությունը սպառնում է տուգանք՝ տարեկան հասույթի 4%-ի չափով։

Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, բողոքը ներկայացրել են 5Rights բարեգործական խումբը և Դունկան ՄաքՔեն անունով մի քաղաքացի, որը երեք երեխայի հայր է։ Հայցում նշվում է, որ YouTube-ի վեբ տարբերակը խախտում է Միացյալ Թագավորությունում երեխանի պաշտպանության վերաբերյալ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2020 թ․։

Մեղադրանքը

Ըստ հայցի՝ YouTube-ը օրենքը խախտում է առնվազն երեք կետով. վիդեոհոսթինգը տվյալներ է հավաքում երեխաների գտնվելու վայրի, նրանց նախասիրությունների մասին, ինչպես նաև տվյալները, թե ինչ են երեխաները դիտում YouTube-ում։

Դունկան Մաքքեյնն ասել է, որ շատ երեխաներ դիտում են YouTube-ի բովանդակությունը ընտանեկան սարքերով, որտեղ այս տվյալները կարող են հավաքվել կանխադրված կերպով, քանի որ դրանք գրանցված չեն որպես մանկական օգտահաշիվ:

«Իմ նախընտրած բարեփոխումը, որը YouTube-ը պետք է անի, այն է, որ իրականում, երբ մտնում եք YouTube, նրանք չհավաքեն որևէ ավելորդ տեղեկություն և չմշակեն որևէ ավելորդ տեղեկություն», - ասել է Մաքքեյնը:

Մեծ Բրիտանիայի տեղեկատվության հանձնակատարի գրասենյակն (ICO) արդեն հետաքննություն է սկսել YouTube-ի կողմից երեխաների մասին տվյալների անօրինական հավաքագրման դեպքերի վերաբերյալ։

«Որպես կարգավորող մարմին՝ մենք ցանկանում ենք, որ երեխաների առցանց տվյալները պաշտպանված լինեն: Հակառակ դեպքում մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է ICO-ի ղեկավարի տեղակալ Սթիվեն Բոները:

YouTube-ի արձագանքը

YouTube-ը բազմիցս ասել է, որ իր ծառայությունը նախատեսված չէ 13 տարեկանից ցածր երեխաների օգտագործելու համար։ Ընկերությունը դրա համար ունի առանձին մանկական հավելված՝ YouTube Kids, որի օգտագործման համար անհրաժեշտ է ծնողների համաձայնությունը։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, YouTube-ից արձագանքել են՝ ասելով, որ ամեն ինչ անում են երեխաների պաշտպանության համար։ «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ICO-ի և այլ հիմնական շահագրգիռ կողմերի՝ ներառյալ երեխաների, ծնողների և երեխաների պաշտպանության փորձագետների հետ այս առաջնահերթ աշխատանքի շուրջ համագործակցությանը», - ասել են YouTube-ից։

Եթե ապացուցվի, որ YouTube-ն իրոք մեղավոր է և ապօրինի կերպով հավաքում է երեխաների տվյալները, ապա ընկերությանը սպառնում է տուգանք՝ տարեկան հասույթի 4%-ի չափով։ Նշենք, որ ընկերության հասույթը 2022-ին կազմել է 282 մլրդ դոլար, իսկ դրա 4%-ը կազմում է մոտ 11.2 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ երեխաների գաղտնիության մասին օրենքները խախտելու համար ԱՄՆ կարգավորող մարմինը 2019 թ․ YouTube-ին տուգանել է 170 միլիոն դոլարով։ Դրանից հետո ընկերության դեմ մեկ այլ հայց էր ներկայացվել, որը պնդում էր, որ ծառայությունը մինչև 13 տարեկան երեխաների մասին տվյալները հավաքում է առանց ծնողների համաձայնության: YouTube-ն այդ ժամանակ չէր ընդունել մեղքը, սակայն վճարել էր տուգանքը, ինչից հետո փոխել է իր բիզնես պրակտիկան։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ