PUBG-ի ստեղծողի նոր խաղում բլոկչեյն տեխնոլոգիաներ կարող են օգտագործվել

1 հոկտեմբերի, 2022  11:41

Նոր խաղում, որի վրա աշխատում է PUBG-ի ստեղծող Բրենդան Գրինը, բլոկչեյն տեխնոլոգիաներ կարող են օգտագործվել, սակայն խաղն ամբողջությամբ հիմնված չի լինի դրանց վրա։

Անցյալ տարի Գրինը հեռացել է PUBG-ից, որպեսզի ստեղծի նոր՝ PlayerUnknown Productions ստուդիան: Ստուդիայի առաջին նախագիծն իրոք հավակնոտ է՝ այն իրենից ներկայացնում է Artemis կոչվող բաց աշխարհով խաղ, որը, ինչպես ասում են, մոլորակի չափ է: Մեզ խոստացել են հսկայական խաղային աշխարհ՝ իրատեսական եւ խիտ բնակեցված: Խաղադաշտ, որտեղ հարյուր հազարավոր խաղացողներ կարող են անել այն, ինչ ուզում են:

Բաց աշխարհ, որտեղ խաղացողները կարող են ազատ թափառել եւ անել այն ամենը, ինչ մտքներով անցնի... Չէ որ հենց սա է Մետատիեզերքը՝ ամեն դեպքում այս բառի ներկայիս իմաստով: Սա սպասելիորեն բլոկչեյնի եւ NFT-ի մասին մտքեր է առաջացնում, թեեւ այս տեխնոլոգիաները մեծ տարածում չունեն գեյմերների շրջանում։

Նաթան Բրաունի Hit Points բլոգին տված վերջին հարցազրույցում Գրինը խոստովանել է «մետավերսալ» կապի եւ պոտենցիալ բացասական արձագանքների մասին, որոնք կարող են նրա հետ կապված լինել, բայց նաեւ հավելել է, որ իրեն չեն հետաքրքրում հնարավոր բացասական արձագանքները:

«Մենք կառուցում ենք թվային տարածք, որտեղ պետք է լինի տնտեսություն, աշխատող համակարգեր։ Եվ ես հավատում եմ, որ դուք պետք է կարողանաք օգուտ քաղել թվային վայրից։ Այն պետք է լինի համացանցի նման, որտեղ դուք կարող եք անել այնպիսի բաներ, որոնք ձեզ փող կբերեն»:

Նա չի հիշատակել NFT-ները, երբ խոսել է իր հավակնությունների մասին, բայց շատերը որոշել են, որ նա ստեղծում է բլոկչեյնի վրա հիմնված խաղ, որտեղ առարկաների համար կօգտագործվի NFT: Սակայն Գրինը Twitter-ում գրել է, որ դա այնքան էլ այդպես չէ, եւ որ իրենք թիմով բլոկչեյնը կամ այս տեխնոլոգիայի որեւէ «ապագա էվոլյուցիա» դիտարկում են որպես օգտակար գործիք թվային տարածքում, եւ ոչ որպես դրա հիմք:

Խաղերի մշակողները բազմիցս փորձել են մտնել մետատիեզերք, բայց այս նախագիծը կարծես ամենահավակնոտներից մեկն է: Սկզբունքորեն դրա իրականացմանը, գոնե առաջին հայացքից, ոչինչ չի խանգարում։ Սակայն միայն ժամանակը ցույց կտա, թե կհաջողվի արդյոք մշակողներին կյանքի կոչել մտահղացումը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ