Չինաստանը փորձարկել է ռենտգենյան աստղադիտակի նախատիպը, որը կգերազանցի NASA-ի լավագույն անալոգին

27 դեկտեմբերի, 2022  20:44

Չինական լրատվամիջոցները, հղում անելով The Astrophysical Journal Letters-ում արված հրապարակմանը, հայտնում են, որ տեղի գիտնականներն աշխատանքային պայմաններում փորձարկել են նոր սերնդի ռենտգենյան աստղադիտակի նախատիպը (LEIA), որի հիման վրա կառուցվելիք աստղադիտակը կգերազանցի NASA-ի լավագույն անալոգին:

Lobster Eye Imager for Astronomy անունով աստղադիտակը տեղադրված է SATech-01 արբանյակի վրա, որը տիեզերք է ուղարկվել այս տարվա հուլիսի 27-ին։ Այդ ժամանակվանից աստղադիտարանը բարձրորակ նկարներ է արել, այդ թվում՝ մեր գալակտիկայի կենտրոնի, Մագելանի ամպերի և Կարիճի համաստեղության լուսանկարները:

Lobster Eye Imager for Astronomy աստղադիտակը, ինչպես ենթադրում է դրա անվանումը, օգտագործում է, այսպես կոչված, «խեցգետնի աչքի» կառուցվածքի սկզբունքը․ այն քառակուսի դաշտերի շարք է, որոնք միանում են կլոր, լուսազգայուն ցանցաթաղանթին: Խեցգետնի համար դա ապահովում է ամենալայն դիտման անկյուն և բարձրացնում է լուսային զգայունությունը հատկապես պղտոր ջրի մեջ:

Ռենտգենյան աստղադիտակի համար այս կառուցվածքի կիրառումը խոշորացման համար հատուկ նշանակություն ունի, քանի որ ռենտգենյան ճառագայթները չեն բեկվում սովորական ոսպնյակների միջոցով․ ռենտգենյան տիրույթում էլեկտրամագնիսական ազդանշանը հավաքել և կենտրոնացնել հնարավոր է միայն արտացոլման շնորհիվ:  

WXT technology.jpg (129 KB)

Չինացի գիտնականները North Night Vision Technology ընկերության հետ միասին մշակել են խողովակաձև կենտրոնացվող համակարգերի արտադրության տեխնոլոգիա, որն աշխարհում նմանը չունի: Ապագա WXT աստղադիտակի (Wide-field X-ray Telescope) յուրաքանչյուր խողովակ–ծակոտի կունենա 40 մկմ լայնությամբ կողմեր: Աստղադիտակը բաղկացած կլինի 12 միանման մոդուլներից։ Յուրաքանչյուր մոդուլ բաղկացած կլինի ավելի քան 30 միլիոն ծակոտիներից: Իրականում յուրաքանչյուր ծակոտի ռենտգենյան տիրույթում պատկերի մեկ պիքսելի դեր է կատարում։

Ծակոտիներից յուրաքանչյուրը պատված է իրիդիումի գերբարակ շերտով, որը չի գերազանցում մեկ նանոմետրը։ Սա արված է արտացոլանքի աստիճանը բարձրացնելու համար, և ըստ չինացի գիտնականների՝ որևէ այլ երկիր չունի արտադրության նման տեխնոլոգիա: Այս ամենի շնորհիվ WXT աստղադիտակը կունենա հսկայական տեսադաշտ․ մեկ կադրը կընդգրկի երկնքի այնքան տարածք, որը հավասար է 10,000 լիալուսնի զբաղեցրած տարածքին։ Համեմատության համար նշենք, որ ՆԱՍԱ-ի Chandra ռենտգենյան աստղադիտակը մեկ կադրում մեկ լիալուսնից քիչ տարածք է կարողանում դիտարկել։

WXT աստղադիտակը նախատեսվում է տիեզերք արձակել 2023 թ․ վերջին։ Չինացիները այն սկսել են կառուցել այս տարվա գարնանը, թեև դա նախատեսված էր անել ավելի վաղ և երկրում հակահամաճարակային խիստ միջոցառումների պատճառով այն մեկ տարի ուշացումով է սկսվել։ Աստղադիտակը տիեզերք է դուրս բերվելու Einstein Probe տիեզերանավով, որը համատեղ նախագիծ է Չինաստանի և Եվրոպական տիեզերական գործակալության միջև: Եվրոպացիները աստղադիտարանում կտեղադրեն իրենց սեփական, բայց նեղ կենտրոնացվածություն և շատ բարձր զգայունություն ունեցող ռենտգենյան աստղադիտակը՝ FXT-ն (Follow-up X-ray Telescope):

Չինական WXT աստղադիտակի շնորհիվ, որը ռենտգենյան տիրույթում ունի աննախադեպ լուծաչափ, աստղագետները նորովի կուսումնասիրեն տիեզերքում տեղի ունեցող իրադարձությունները: Աստղադիտակը կկարողանա միաժամանակ տեսնել ինչպես հեռավոր և թույլ, այնպես էլ պայծառ և շատ մեծ տարածք զբաղեցնող իրադարձություններ։ Խոսքն այնպիսի երևույթների մասին է, ինչպիսիք են սև խոռոչների, նեյտրոնային աստղերի փոխազդեցությունը, գերնոր աստղերի ծնունդը և այլն։ Ըստ մասնագետների՝ ռենտգենյան աստղագիտության աշխարհի համար WXT-ի մեկնարկը հավասարազոր կլինի կլինի James Webb տիեզերական աստղադիտակի արձակմանը։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ