Սնանկացում այլևս չի սպառնում․ Twitter-ը կփակի Սակրամենտոյի տվյալների կենտրոնը, արտահոսել է սոցցանցի 400 մլն օգտատիրոջ տվյալ

26 դեկտեմբերի, 2022  20:44


Twitter-ին անխուսափելի սնանկությունն այլևս չի սպառնում, սակայն բիզնեսը փրկելու համար դեռ շատ անելիք կա։ Այսպիսի հայտարարություն է արել ընկերության նոր ղեկավար և սեփականատեր Իլոն Մասկը, ում ղեկավարած ընկերությունը նախատեսում է փակել տվյալների հիմնական կենտրոններից մեկը։ Միևնույն ժամանակ, հաքերներից մեկը հրապարակել է Twitter-ի 400 մլն օգտատերերի տվյալները։   

Մասկը նախկինում ասել էր, որ «Twitter-ը ողջ արագությամբ գնում է դեպի սնանկացում», և օրական կորուստները կարող են հասնել մինչև 4 միլիոն դոլարի: Սակայն ավելի ուշ՝ շաբաթ PayPal-ի իր գործընկերներից մեկի՝ Դեյվիդ Սաքսի փոդքասթին հյուրընկալվելիս, նա նշել է, որ արդեն հաջողվել է ընկերության ծախսերը կառավարելի դարձնել, և այժմ արդեն ընկերությունը ողջ արագությամբ չի գնում դեպի սնանկություն։ Մասկի խոսքով՝ «ընդհանուր առմամբ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում»։

Մասկը Twitter-ը ձեռք է բերել 2022 թ․ հոկտեմբերին, որից հետո ընկերությունը դեռ 13 միլիարդ դոլարի պարտք ունի։ Առաջին իսկ օրերից Մասկն սկսեց ակտիվորեն կրճատել անձնակազմը և ծախսերը։ Նա Twitter-ի գլխավոր գրասենյակի ազատված գրասենյակային տարածքը վերածել է «հյուրանոցի», որտեղ մնացած աշխատակիցները կարող են գիշերել և հանգստանալ։

Դեկտեմբերի սկզբին Մասկը վաճառեց Tesla-ի՝ իրեն պատկանող մոտ 3,6 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր՝ դա անվանելով «անվտանգության բարձիկ» Twitter-ի համար: Սակայն ընկերության բաժնետոմսերի գնի կտրուկ անկումից հետո նա խոստացել է մինչեւ 2024 թ․ այլեւս չվաճառել իր բաժնետոմսերը։

Twitter-ի տվյալների 3 հիմնական կենտրոններից մեկը կփակվի

Ծախսերի հետագա կրճատման շրջանակում ընկերությունը ​​նախատեսում է փակել Սակրամենտոյի տվյալների կենտրոնը՝ Twitter-ի տվյալների երեք հիմնական կենտրոններից մեկը: Նախատեսվում է նաեւ կրճատել ընկերության գրասենյակը Ատլանտայում։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տվյալների կենտրոնը Սակրամենտոյում կփակվի 2023 թ․ հունվարին, այս կենտրոնի գործառույթներն այսուհետ կիրականացնի Պորտլենդի կենտրոնը (Օրեգոն)։ Ատլանտայում (Ջորջիա) գտնվող երրորդ հիմնական կենտրոնի սարքավորումների մի մասը նույնպես նախատեսվում է անջատել։

Դեռ պարզ չէ, թե արդյոք մնացած սերվերները կկարողանան հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը: Փորձագետները մտավախություն ունեն, որ նման նախաձեռնությունները կհանգեցնեն ծառայությունների խափանումների, իսկ ընկերության ծառայությունների հուսալիության ու մատչելիության հետ կապված իրավիճակը կվատթարանա:

Նշենք, որ Twitter-ն օգտագործում է ոչ միայն իր սեփական տվյալների կենտրոնները, այլև Amazon Web Services և Google Cloud Platform ընկերությունների ամպային ռեսուրսները, սակայն նրանց հետ համագործակցության պայմանները նույնպես նախատեսվում է վերանայել՝ դարձյալ ծախսերի խնայողության շրջանակում։ 

Հաքերը 400 մլն օգտատիրոջ մասին տեղեկություններով տվյալների բազա է հրապարակել

Վերջերս անհայտ մի հաքեր ֆորումներից մեկում հրապարակել էր Twitter-ի 400 միլիոն օգտատերերի տվյալներ։ Որպես տվյալների իսկության ապացույց՝ նա տրամադրել էր դրանից մի փոքր հատված՝ ներառյալ 1000 օգտատերերի, այդ թվում՝ Ethereum կրիպտոարժույթի ստեղծող Վիտալիկ Բուտերինի, Apple-ի հիմնադիր Սթիվ Վոզնյակի, միլիարդատեր Մարկ Կուբանի, կիբերանվտանգության մասնագետ Բրայան Քրեբսի և շատ այլ հայտնի դեմքերի մասին տեղեկություններ։ Տեղեկատվական անվտանգության անկախ մասնագետները հաստատել են արտահոսած տվյալների իսկությունը։

Հաքերն իր գրառման մեջ շանտաժի է ենթարկում Իլոն Մասկին և առաջարկում, որ նա շտապ գնի տվյալները և խուսափի դատական ​​գործերից ու տուգանքներից, քանի դեռ մեկ ուրիշը չի գնել դրանք։ Վաճառողը նաև չի նշել տվյալների բազայի գինը. նա դեռ սպասում է շահագրգիռ կողմերի առաջարկներին:

Մասկը և Twitter-ը պաշտոնապես դեռ չեն արձագանքել հաքերի սպառնալիքներին։

Նշենք, որ արտահոսած տեղեկությունների հրապարակման դեպքում Twitter-ին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կարգավորող մարմինների կողմից բազմամիլիոնանոց տուգանքներ կարող են սպառնալ։ Մասնավորապես, Եվրամիությունում Twitter-ը կարող է տուգանվել իր տարեկան շրջանառության մինչև 4%-ի չափով։

Հիշեցնենք, որ վերջերս չարագործները հաքերային ֆորումում հրապարակել էին Twitter-ի ավելի քան 5,4 միլիոն օգտահաշիվներից 2021 թ. դեկտեմբերին գողացված տվյալները:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ