NASA-ն և ESA-ը ներկայացրել են Artemis 1 առաքելության կարևորագույն դրվագները՝ մեկնարկից մինչև վայրէջք

15 դեկտեմբերի, 2022  20:29

Ամերիկյան (NASA) և Եվրոպական տիեզերական (ESA) գործակալությունները իրարից անկախ ներկայացրել են Artemis 1 անօդաչու առաքելության ամենաուշագրավ և կարևոր պահերի մասին տեսանյութեր՝ սկսած հրթիռի արձակման պահից մինչև Խաղաղ օվկիանոսում Orion տիեզերանավի վայր ընկնելը:

NASA-ի հրապարակած տեսանյութն ավելի մանրամասն է և երկար, սակայն երկու տեսանյութերն էլ մեկ բանի մասին են՝ թե ինչպես SLS հրթիռը 2022 թ․ նոյեմբերի 16-ին Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոնից տիեզերք բարձրացրեց Orion տիեզերանավը, ապահովեց դրա թռիչքը դեպի Լուսին, իսկ ավելի ուշ Orion-ի թռիչքը Լուսնի հեռավոր ուղեծրով և վերադարձը Երկիր դեկտեմբերի 11-ին: Հիսուն տարի նման առաքելություն չէր եղել։

NASA-ի տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Artemis 1 առաքելության հիմնական նպատակներից մեկը դեպի Լուսին մարդու ապագա առաքելություններին նախապատրաստվելու շրջանակում SLS հրթիռի փորձարկումն էր, ինչպես նաև անօդաչու Orion տիեզերանավի փորձարկումը: Orion-ում տիեզերագնացներին այս անգամ փոխարինել են հատուկ սենսորներով հագեցած մանեկենները, որոնք կարձանագրեն արագացման, թրթռումների և, ամենակարևորը, ճառագայթման մակարդակները, որպեսզի հասկանան, թե որքանով դրանք կարող են ազդել մարդու և սարքավորումների վրա:

Թռիչքի ընթացքում Orion-ը երկու անգամ հնարավորինս մոտեցել է Լուսնին՝ գտնվելով դրա մակերևույթից մոտ 128 կմ հեռավորության վրա, բայց ժամանակի մեծ մասն անցկացրել է Լուսնի հեռավոր ուղեծրում՝ Լուսնի մակերևույթից մինչև 63,374 կմ հեռավորության վրա։ Այդ ընթացքում տիեզերանավը նաև գտնվել է Երկրից 434,523 կմ հեռավորության վրա, ինչը ռեկորդային հեռավորություն է երկրից կառավարվող սարքերի համար։ Դա արվել է ճառագայթման վերաբերյալ տվյալներ հավաքելու համար մի տարածքում, որտեղ Երկրի մագնիսական դաշտը սարքերն ու օդաչուներին չի պաշտպանում ճառագայթումից:

Եվրոպական տիեզերական գործակալության պատրաստած տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Առաքելության ընթացքում Orion տիեզերանավը 2,25 միլիոն կմ ճանապարհ է անցել, 25,5 օր է անցկացրել տիեզերքում և դեկտեմբերի 11-ին սկսել է իջնել Երկրի մթնոլորտ։ Իջնելու ընթացքում Օրիոնը տաքացել է մինչև 2760 ° C: Ջերմային վահանը, այնուհետև պարաշյուտներն օգնել են, որպեսզի այն իր արագությունը 32,100 կմ/ժ-ից նվազեցնի մինչև 32 կմ/ժ-ի: Տիեզերանավը հաջողությամբ անցել է փորձությունը՝ ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ Երկրի մթնոլորտ մտնելով «միջմոլորակային» արագությամբ, որը նկատելիորեն գերազանցում է ուղեծրային թռիչքի արագությունը։ NASA-ի տեսանյութի վերջին 10 րոպեները նվիրված են հենց այս պահին։

Artemis 1 առաքելությանը 2024-ին կհաջորդի Artemis 2-ը, որը տիեզերագնացներին կտանի Լուսնի ուղեծիր, սակայն այս առաքելության շրջանակում Լուսնի մակերեսին վայրէջք չի նախատեսվում։ Լուսնի վրա վայրէջք կկարողանա կատարել Artemis 3 առաքելության անձնակազմը, սակայն դա 2025-ից շուտ տեղի չի ունենա։ Երկրագնդի արբանյակի վրա տիեզերագնացների երկրորդ վայրէջքը սպասվում է 2027 թ․։ Երկու առաքելությունների համար էլ NASA-ն ընտրել է SpaceX-ի Starship տիեզերանավը: 

Artemis 1 առաքելության շրջանակում Orion տիեզերանավը խորը տիեզերքից  տեսանկարահանել է Երկիրն ու Լուսինը, ինչպես նաև Լուսնի ապշեցուցիչ լուսանկարներ է արել։


 
 
 
 
  • Արխիվ