Apple-ը կարող է Twitter-ը հեռացնել App Store-ից, գովազդատուները հեռանում են, իսկ Մասկը սպառնում է ստեղծել սեփական սմարթֆոնը

29 նոյեմբերի, 2022  10:20

Twitter-ի և Apple-ի հարաբերությունները սրվել են, ինչի մասին վկայում են գրառումները, որ Twitter-ի նոր սեփականատերը վերջին շրջանում անում իր սոցիալական ցանցում։ Apple-ը փաստացի դադարեցրել է Twitter-ում գովազդի գնումը և նույնիսկ սպառնում է հեռացնել սոցիալական ցանցի հավելվածը App Store-ից: Ի պատասխան Մասկը սպառնում է ստեղծել իր սեփական սմարթֆոնը, որը կարող է մրցակցել iPhone-ի հետ։

Twitter և Apple. ի՞նչ է կատարվում։

Գրառումներից մեկում Մասկը նշում է, որ Apple-ը գործնականում դադարեցրել է Twitter-ում գովազդի գնումը և հավելել. «Նրանք ատո՞ւմ են խոսքի ազատությունն Ամերիկայում»։

Մասկի այս գրառումը բավականին մեծ արձագանք է առաջացրել. շատ օգտատերեր համաձայնել են նրա հետ, ոմանք ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ նա իր գրառումն արել է iPhone-ով, իսկ մյուսները հորդորել են ստեղծել իր սեփական սմարթֆոնը, որը կփոխարինի iPhone-ին։ Ոմանք նույնիսկ սկսել են կիսվել ապագա TeslaPhone-ի իրենց կոնցեպտներով (անվան մեջ կիրառել են Մասկին պատկանող Tesla ընկերության անունը – խմբ․

tesla-phone

Հաջորդ թվիթում Մասկը հարցրել է․

«Ի՞նչ է կատարվում, Թիմ Կուկ»:

Մեկ այլ թվիթում միլիարդատերը տեղեկացրել է, որ Apple-ը, առանց բացատրության, սպառնացել է հեռացնել Twitter-ի հավելվածը App Store-ից: Նա նաև գրել է, որ Apple-ը 30% միջնորդավճար է վերցնում App Store-ի արվող բոլոր գնումներից։

Թվում է, թե Մասկը Apple-ի հետ կապված խնդիրները կապում է խոսքի ազատության հետ, որը, նրա կարծիքով, Twitter-ում հայտնվել է, երբ ինքը գնել է այն։

«Խոսքի ազատության ճնշման մասին Twitter-ի ֆայլերը շուտով կհրապարակվեն հենց Twitter-ում։ Հանրությունն արժանի է իմանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- գրել է Մասկը։

Նա ավելի ուշ հավելել է. «Սա պայքար է քաղաքակրթության ապագայի համար: Եթե ​​խոսքի ազատությունը վերանա նույնիսկ Ամերիկայում, ապա ապագայում մեզ սպասվում է բռնապետություն»։

Մասկը նաև վերահրապարակել է Epic Games-ի հումորային տեսանյութը, որում ակնարկ է արվում, որ Apple-ը մենաշնորհ ունի App Store-ում: Նա նաև Apple-ի հասցեին մի քանի քննադատական գրառում է արել, ապա նաև հարցում հրապարակել այն մասին, թե արդյոք Apple-ը պետք է հրապարակի իր կողմից ձեռնարկված բոլոր քայլերը, որոնք առնչվում են գրաքննությանը և վերաբերում են հաճախորդներին։

Apple-ը դեռ չի մեկնաբանել Մասկի խոսքերը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ երբ Մասկը գնեց Twitter-ը և վերականգնեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, App Store-ի ղեկավար Ֆիլ Շիլլերը ջնջեց Twitter-ի իր օգտահաշիվը։

TeslaPhone

Եթե ​​Apple-ը և Google-ը որոշեն հեռացնել Twitter-ի հավելվածն իրենց խանութներից, Իլոն Մասկը կարող է ստեղծել իր սեփական սմարթֆոնը: Այս մասին նա ասել է ի պատասխան ամերիկացի հայտնի մեկնաբան Լիզ Ուիլերի հարցին, որն ասել է, որ հաշվի առնելով Մասկի փորձը, նրա համար հեշտ կլինի ստեղծել սեփական սմարթֆոնը, եթե Apple-ն ու Google-ը որոշեն նման քայլի գնալ։

«Երկրի կեսը հաճույքով կհրաժարվի կողմնակալ, լրտեսող iPhone-ներից և Android հեռախոսներից: Նա, ով հրթիռներ է կառուցում Մարս թռնելու համար, հեշտությամբ կարող է սմարթֆոն կառուցել, այնպես չէ՞»,- հարցրել է Ուիլերը:

«Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի: Բայց եթե այլ ելք չունենամ, այլընտրանքային հեռախոս կստեղծեմ»,- պատասխանել է Մասկը։

Դատելով Twitter-ում նրա գրառումների տակ արվող մեկնաբանություններից՝ շատ օգտատերեր իսկապես պատրաստ են iPhone-ի փոխարեն գնել TeslaPhone։

Խնդիրը միայն Apple-ի հետ չէ, Twitter-ից շատ գովազդատուներ են հեռանում

Twitter-ը վերջերս դժվարություններ ունի ոչ միայն Apple-ի, այլ նաև որոշ այլ գովազդատուների հետ, և արդյունքում սոցցանցի՝ տարեկան 5 միլիարդ դոլար եկամուտ բերող գովազդային բիզնեսը սկսում է վնասներ կրել։ General Motors-ը, Volkswagen-ը, Carlsberg-ը և այլ ընկերություններ դադարեցրել են գովազդային արշավները Twitter-ում։

Media Matters-ի տվյալներով՝ գովազդային արշավները կասեցրած ապրանքանիշերն ու գործակալությունները 2020-2022 թվականներին Twitter-ում գովազդի վրա ծախսել են մոտ 2 միլիարդ դոլար։ Այժմ Twitter-ը նրանցից չի ստանա այդ գումարը։

Financial Times-ի փորձագետները վստահ են, որ ամեն ինչում մեղավոր են Իլոն Մասկի անկանխատեսելի պահվածքն ու կոնֆլիկտները գովազդատուների հետ։ Պարբերականի տվյալներով՝ գրեթե բոլոր խոշոր բրենդները Twitter-ում գովազդային ծախսերը դադարեցրել են բովանդակության նկատմամբ Մասկի ոչ ավանդական մոտեցման և գովազդային թիմից շատերին հեռացնելու նրա որոշման պատճառով: Նրանց խոսքով՝ Twitter-ի գովազդային ստորաբաժանման անձնակազմի զգալի կրճատման պատճառով շատ գործակալություններ կորցրել են իրենց կոնտակտային անձանց ընկերության ներսում: Արդյունքում, որոշ գովազդատուներ չեն կարողանում հաշվետվություն ստանալ նախորդ գովազդային արշավների մասին, իսկ մյուսները դժգոհում են, որ Twitter-ի գովազդային գործիքները սկսել են վատ աշխատել՝ դժվարացնելով կամ անհնարին դարձնելով արշավներ իրականացնելը: Այս ամենը միանգամայն սպասելի կերպով վանում է գովազդատուներին։

Սակայն, ինչպես նշում են Financial Times-ի մասնագետները, Twitter-ում գովազդային արշավների դադարեցման հիմնական պատճառը ոչ թե տեխնիկական խնդիրներն են, կամ նույնիսկ այն մարդկանց պակասը, ում հետ գովազդատուները սովոր են աշխատել, այլ հենց ինքը՝ Մասկը։ Պարբերականի տվյալներով՝ Մասկն անձամբ է զանգահարել որոշ բրենդների ղեկավարներին ու «հանդիմանել» նրանց, ինչից հետո հետագա առճակատումներից խուսափելու համար շատ գովազդատուներ սկսել են կրճատել Twitter-ում իրենց գովազդային բյուջեն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ