Ինչպե՞ս զարգացնել ՏՏ-ն Հայաստանի մարզերում և ինչո՞ւ է այն այդքան կարևոր․ Գյումրիում տեղի ունեցավ Silicon Mountains 2024 ֆորումը

5 հուլիսի, 2024  14:07

Գիտեի՞ք արդյոք, որ Հայաստանի տեխնոլոգիական տաղանդի մոտ 80%-ը կենտրոնացած է Երևանում, մինչդեռ մարզերի ներուժի մեծ մասը, փաստորեն, վատնվում է։ Ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել մայրաքաղաքի և մարզերի անհամաչափ տեխնոլոգիական զարգացումը։ Ինչո՞ւ է մարզերի զարգացումն այդքան կարևոր թե՛ երկրի, և թե՛ բիզնեսի համար։ Ի՞նչ կարելի է անել Հայաստանում ՏՏ ոլորտն ապակենտրոնացնելու համար։  

Բոլոր այս խնդիրներին էր նվիրված Silicon Mountains տեխնոլոգիական հերթական գագաթնաժողովը: Մարզերի խնդիրները որոշվել էր քննարկել մարզային քաղաքում. գագաթնաժողովների անցկացման 5-ամյա պատմության մեջ առաջին անգամ միջոցառումն անցկացվեց Շիրակի մարզի ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, ուր եկել էր 20 բանախոս և ավելի քան 200 հյուր՝ լսելու նրանց ելույթները։

Գյումրին համարվում է Հայաստանի տեխնոլոգիապես ամենազարգացած քաղաքներից մեկը․ բազմաթիվ ՏՏ ընկերություններ մասնաճյուղեր են բացում Գյումրիում, ավելին, կան նաև տեղական ստարտափներ։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) նախագահ Արմեն Բալդրյանի խոսքով՝ Գյումրին կարող է դառնալ հիանալի օրինակ, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է և պետք է զարգացնել մարզային քաղաքները։

Ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Silicon Mountains ֆորումը և քննարկումները հենց հիմա, բնականաբար, երկրում ոչինչ չեն փոխի և որևէ խնդիր չեն լուծի, սակայն թե՛ երիտասարդությունը, և թե՛ ընկերությունների և ստարտափների ներկայացուցիչները տուն կգնան նոր գաղափարներով, միգուցե փոքր-ինչ փոխված մտածելակերպով, ինչը հետագայում կբերի փոփոխությունների ինչպես մարզերում, այնպես էլ երկրում։

Միջոցառումն անցկացնում էր ՏՀՏԳՄ-ն՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Ֆորումի պլատինե գործընկերն է Unicomp-ը, ֆինտեխ գործընկերը՝ EasyPay-ը, տեխնիկական գործընկերը՝ Ucom-ը, արծաթյա գործընկերներն են Synopsys-ը և Ovio-ն: Միջոցառման մարզային գործընկերներն են EIF-ը և GTC-ն, իսկ մեդիա գործընկերը՝ NEWS.am Tech-ը:

Միջոցառման շրջանակում անցկացվում էր նաև ցուցահանդես ինչպես մարզերի, այնպես էլ երևանյան ընկերությունների մասնակցությամբ, որոնք ներկայացնում էին իրենց արտադրանքն ու խելացի լուծումները։

Պանելային 3 քննարկում և 2 հիմնական պրեզենտացիա

Ամեն տարի Silicon Mountains գագաթնաժողովների քննարկման համար ընտրվում են տվյալ պահին ամենաարդիական թեմաները, որոնք այս կամ այն կերպ կապված են տնտեսության թվայնացման ու երկրի զարգացման հետ։ Այս տարի, ինչպես նշեց Արմեն Բալդրյանը, միջոցառումը նվիրված է Հայաստանի մարզերի տեխնոլոգիական զարգացմանը։

Պանելային քննարկումները կենտրոնացած էին երեք հիմնական թեմաների շուրջ։

Մարդկային կապիտալը մարզերում

Ցանկացած հաջողակ ընկերության ամենամեծ կապիտալը մարդկային ռեսուրսն է․ բիզնեսն աշխատում է մարդկանց շնորհիվ: «Մարդկային կապիտալը մարզերում» խորագրով պանելային քննարկման բոլոր մասնակիցները համաձայնեցին այս մտքի հետ՝ քննարկելով տաղանդների կարևոր դերը ոչ միայն բիզնեսի զարգացման, այլև տնտեսական զարգացման և կայուն աճի խթանման գործում:

Ինչպե՞ս ներգրավել և պահել լավագույն տաղանդներին մարզերում: Ի՞նչ կրթական ծրագրեր են իրականացվում մարզերում և որքանո՞վ են դրանք արդյունավետ։ Ի՞նչ կարելի է անել դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար: Ի՞նչ է անհրաժեշտ մարզերում մարդկային ներուժն առավելագույնի հասցնելու համար: Ի՞նչ դեր պետք է ունենան այս ամենում կառավարությունը, մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները, ինչպիսին է ՏՀՏԳՄ-ն։

Քննարկման ընթացքում իրենց գաղափարներով և տեսլականով կիսվեցին «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Synergy International Systems-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, EPAM ընկերության հայաստանյան տնօրեն Բենիամին Գյուրջյանը և ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը։ Քննարկումը վարում էր BSC ընկերության հիմնադիր Սամվել Գևորգյանը։

Ներդրումներ մարզերում

Ինչո՞ւ է այդքան կարևոր Հայաստանի մարզեր ներդրումներ ներգրավելը, այնտեղ ընկերությունների մասնաճյուղեր բացելը, նոր աշխատատեղեր ստեղծելը։ Ո՞ր ներդրումներն առավել արդյունավետ կլինեն: Ի՞նչ են անում այլ երկրներում և ի՞նչ կարող ենք սովորել նրանցից: Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ մարզային ներդրումների ողջ ներուժը բացահայտելու համար։

Այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկեցին Հայաստանում CIPE գրասենյակի ղեկավար Լուիզ Այվազյանը, ՎԶԵԲ-ի թվային ծրագրերի համակարգող Արմինե Առաքելյանը, ԹՈՒՄՈ-ի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը, EasyPay-ի մարկետինգի տնօրեն Տիգրան Պարսեղյանը և «ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյան։ Քննարկումը վարում էր «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Ստարտափները մարզերում

Պանելային երրորդ քննարկմանը ոլորտի առաջնորդներ, ձեռներեցներ և ներդրողներ, այդ թվում՝ Barinfors-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ՏՀՏԳՄ Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Գուրգեն Ղարիբյանը, Tesvan-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր, ՏՀՏԳՄ Գեղարքունիքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ACBA Federation-ի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը, Digital Pomegranate-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Գայանե Առաքելյանը և GIZ նախագծի խորհրդական Մարիամ Բաբայանը քննարկեցին Հայաստանի մարզերում ստարտափ էկոհամակարգը ձևավորող բացառիկ հնարավորությունները, խնդիրները և նոր միտումները։

Բեկումնային նորարարություններ, նորմատիվ իրավական շրջանակ, ֆինանսավորման մեխանիզմներ. այս քննարկումը, որը վարում էր ViralMango-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, շատ արժեքավոր տեղեկություններ էր պարունակում ոչ միայն սկսնակ ձեռնարկատերերի, այլև նույնիսկ փորձառու մասնագետների համար:

Ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, իր ղեկավարած կազմակերպությունում կան անդամներ Հայաստանի մարզերից, ուստի քննարկման թեմաները պատահական չեն ընտրվել. դրանք բոլորն էլ հիմնված են այն խնդիրների վրա, որոնց պարբերաբար բախվում են այս մարդիկ մարզերում աշխատելիս։

Բացի պանելային քննարկումներից, ֆորումի հյուրերը հնարավորություն ունեցան լսելու նաև երկու յուրահատուկ ելույթներ։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսեց այն մասին, թե ինչպես են ենթակառուցվածքների ստեղծումը և հաղորդակցության տեխնոլոգիաների տարածումը մարզերում պայմաններ ստեղծում այլ ընկերությունների աշխատանքի և զարգացման համար։ Ի վերջո, անհնար է ՏՏ ոլորտը զարգացնել առանց հաղորդակցության, և հազիվ թե գտնվի մեկը, որ ցանկանա վիճել դրա հետ։

Onex-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանն իր հերթին խոսեց այն մասին, թե ինչպես է 200 դոլար չնչին ներդրում ստացած ընկերությունը վերածվել անդրազգային ընկերության։

Էդուարդ Մուսայելյանը վստահություն հայտնեց, որ երկու օրինակներն էլ անշուշտ կոգեշնչեն ֆորումի հյուրերին, որպեսզի նոր ձեռքբերումներ ունենան։

Ոչ միայն Երևանը

Ինչո՞ւ է վատ ընկերությունները, ներդրումներն ու մարդկային ներուժը մայրաքաղաքում կենտրոնացնելը։ Ինչո՞ւ է անհրաժեշտ լուրջ միջոցներ ձեռնարկել Հայաստանի մարզերը զարգացնելու համար։

Ինչպես նշեց Էդուարդ Մուսայելյանը, այս խնդիրն այսօր արդիական է ողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Եվ ամենուր դա բացասաբար է անդրադառնում թե՛ բիզնեսի, թե՛ ընդհանուր առմամբ երկրի զարգացման վրա։ Նախ՝ ամեն ինչի կենտրոնացումը Երևանում, ըստ նրա,  բացասական երևույթ է բիզնեսի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Երկրորդ՝ Հայաստանի բնակչությունն ընդամենը մոտ 3 միլիոն է, և մարդկային ռեսուրսն ավելի քան սահմանափակ է։ Ընդ որում, ստացվում է, որ միայն մայրաքաղաքում գործող բիզնեսն օգտագործում է առկա ռեսուրսի չնչին մասը միայն՝ անտեսելով մարզերի հնարավորությունները։

Ավելին, մարզերը կարող են բիզնեսին տրամադրել բազմաթիվ այլ հնարավորություններ, որոնք կապված չեն մարդկային ռեսուրսի հետ, իսկ մարզերի անտեսման հետևանքով բոլոր այդ հնարավորությունները մնում են չպահանջված:

Հայաստանի նման փոքր երկրում տեխնոլոգիական առաջընթացի կենտրոնացումը բացառապես մայրաքաղաքում կարող է լուրջ խնդիրների հանգեցնել նաև երկրում։ Դա ներառում է թե՛ զգալի տնտեսական տարբերություններ մայրաքաղաքի և այլ շրջանների միջև (ինչը նշանակում է, որ ամբողջ երկրում առկա ռեսուրսների և տաղանդների ողջ շրջանակը չի օգտագործվի), թե՛ անհավասար հասանելիություն աշխատանքի, եկամուտների, կրթության և առողջապահության հարցերում, թե՛ գյուղական վայրերում աղքատության և հետամնացության վիճակի վատթարացում։ Այս ամենը, իհարկե, կբերի ուղեղների արտահոսքի. մարդիկ, որոնք կարող էին իրենց նպաստը բերել տեղական մակարդակով զարգացմանը, կսկսեն մեկնել մայրաքաղաք, ինչը էլ ավելի կարագացնի մարզերի դեգրադացումը։

Խոշոր քաղաքների գերբնակեցումը ևս մեկ լուրջ խնդիր է, քանի որ այն իր հերթին հանգեցնում է բնակարանային խնդրի (և, իհարկե, տների և բնակարանների գների), տրանսպորտի և հանրային ծառայությունների ծանրաբեռնվածության ավելացմանը: Երթևեկության ավելի շատ խցանումներ, շրջակա միջավայրի պայմանների վատթարացում, պետական ​​ծառայությունների գերծանրաբեռնվածություն... Այս ամենը կվատթարացնի կյանքի որակը հենց մայրաքաղաքում։

Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ որպեսզի այս ամենը տեղի չունենա, և երկիրը կարողանա կանոնավոր զարգանալ, պետք է պայմաններ ստեղծել մարզերի տեխնոլոգիական զարգացման համար։ Եթե ​​մարզային քաղաքներում ավելի շատ ՏՏ ընկերություններ լինեն, նրանց ստեղծած յուրաքանչյուր աշխատատեղ կբերի 3-6 լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը սպասարկման ոլորտում. խանութներն ու սննդի կետերն ավելի շատ այցելուներ կունենան, կբացվեն նոր աշխատատեղեր ունեցող նոր ձեռնարկություններ, տարբեր արհեստավորներ ավելի շատ աշխատանք կունենան, և կյանքը քաղաքում կշողա նոր գույներով:

«Պատկերացրեք, եթե հարյուրավոր և հազարավոր ՏՏ ընկերություններ հայտնվեն մեր մարզերում, քանի նոր աշխատատեղեր կբացվեն, ինչ արագությամբ կսկսեն զարգանալ քաղաքները և ինչպես կփոխվի նրանց կյանքի որակը»,- ​​նշեց նա։

Պետական ​​և մասնավոր հատվածների սիմբիոզ

ՏՀՏԳՄ-ի նախագահ Արմեն Բալդրյանը վստահ է, որ Հայաստանի մարզերի տեխնոլոգիական հաջող զարգացման և այդ զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ է համագործակցություն և փոխգործակցություն պետական ​​և մասնավոր հատվածների միջև:

«Մասնավոր հատվածն առաջնորդվում է առաջին հերթին բիզնես շահերով, և պետությունը նույնպես պետք է ելնի քաղաքացիների շահերից։ Այս երկու կողմերի փոխգործակցությունը, նրանց սիմբիոզը կարող է օգնել՝ ստեղծելու իդեալական պայմաններ և ենթակառուցվածքներ մեր մարզերի զարգացման համար»,- նշեց Բալդրյանը։

Ինչպես իր հերթին նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Silicon Mountains ֆորումի նման միջոցառումները կարևոր են առաջին հերթին հենց այն պատճառով, որ ստեղծում են հարթակ, որտեղ հանրային հատվածի և բիզնեսի ներկայացուցիչները կարող են հանդիպել, քննարկել տարբեր հարցեր, փորձի և կարծիքների փոխանակում անել, ամփոփել կատարված աշխատանքները և որոշել, թե ինչ է պետք անել հաջորդիվ։

«Նման միջոցառումների ժամանակ մենք կարող ենք արձագանքներ ստանալ տեխնոլոգիական ոլորտից, տեղեկանալ նրանց հուզող խնդիրների մասին,- NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց փոխնախարարը,- Բնականաբար, մենք անընդհատ աշխատում ենք այս ոլորտի ներկայացուցիչների հետ, սակայն նման միջոցառումների ժամանակ ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք այլ պայմաններում կարող էին ի հայտ չգալ, իհարկե, նման իրադարձությունների ժամանակ մենք տեսնում ենք նաև դրական փոփոխություններ»։

Սիմոնյանի խոսքով՝ մարզային քաղաքում Silicon Mountains ֆորումի անցկացման փաստն արդեն կարող է նպաստել մարզերի զարգացմանը։ Միջոցառումը հյուրընկալելու համար ընտրված Գյումրին այսօր համարվում է Հայաստանի տեխնոլոգիապես ամենազարգացած քաղաքներից մեկը։ ՏՏ ոլորտը զարգացած է նաև մարզային այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Վանաձորը, Իջևանը, Սիսիանը և Կապանը։ Սակայն, ինչպես նշեց փոխնախարարը, անհրաժեշտ է շարունակել մարզերի զարգացումը, իրականացնել կրթական ծրագրեր, ստեղծել ենթակառուցվածքներ և էկոհամակարգեր, որպեսզի ՏՏ ոլորտում կրթություն ստացած երիտասարդները ստիպված չլինեն աշխատանք փնտրել մայրաքաղաքում և կարողանան իրենց գիտելիքները կիրառել իրենց քաղաքներում:


 
 
 
 
  • Արխիվ