Ինչպե՞ս նպաստել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, վենչուրային կապիտալի շուկայի զարգացմանը․ պանելային քննարկում Orion Summit 2023-ի շրջանակում

23 հունիսի, 2023  10:20

Հայաստանում տնտեսական վիճակը փոխելու, մասնավոր, վենչուրային կապիտալի շուկան զարգացնելու համար մի քանի կարևոր գործոններ կան, և առաջինը ֆինանսական գրագիտությունն է։ Այս մասին Նյու Յորքում ընթացող Orion Summit 2023-ի շրջանակում կազմակերպված «Ինչպե՞ս են այլընտրանքային ներդրումները խթանում ստարտափ էկոհամակարգի և երկրի տնտեսական աճի արագացումը, ինչ կարևորություն ունեն վենչուրային կապիտալը և ընտանեկան ներդրումային ընկերությունները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱՆԻՖ-ի փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանը։

Ֆինանսական կրթություն

«Ֆինանսական գրագիտության առումով հսկայական աշխատանք կա անելու։ Երբ ԱՆԻՖ-ը նոր էր ստեղծվել շատ քիչ ձեռնարկատերեր էին հասկանում, թե ինչ է մասնավոր կապիտալ ներդրումը․․․ Ձեռնարկատերերին կրթելը մեծ առաջնահերթություն է, դա մեր անելիքը չէր, բայց ստիպված էինք անել, այլապես մեր մոդելը չէր աշխատի»,- ասաց նա։

Ըստ նրա՝ կարևոր է նաև, որ երկրում առկա ֆինանսական ինստիտուտների հարցում լինի բազմազանություն և դրա լավ օրինակ է հենց ֆոնդային բորսան, որում քիչ ընկերություններ կան ցուցակված։ «Եթե մասնավոր կապիտալ ներդրումների շուկան չզարգանա, մենք երբեք չենք ունենա ֆինանսական աճող շուկա։ Մենք ընդամենը մի քանի ցուցակված ընկերություններ ունենք բորսայում»,- ասաց նա։

Գտնել ճիշտ խորհրդատու

BDO US ընկերության մասնավոր հաճախորդների սպասարկման բաժնի գործընկեր Մարկ Մանասյանը, անդրադառնալով վենչուրային, մասնավոր կապիտալի շուկային, ասաց, որ շատ կարևոր է, որ այդ ընկերությունները կապի մեջ լինեն ճիշտ խորհրդատուների հետ, որոնք նրանց կօգնեն անցնել բոլոր փուլերով՝ սկզբից մինչև վաճառք։

«Մենք ունենք բոլոր ռեսուրսները ֆոնդերի բոլոր կարիքների համար, քանի որ ֆոնդի աճին զուգահեռ դրա կարիքները ևս կարող են փոխվել՝ կարող են լինել հարկերի, ապահովագրության, խորհրդատվության, թվային կարիքներ։ Եվ ունենալով մասնավոր կապիտալի ոլորտում փորձ՝ մենք կարող ենք սպասարկել բոլոր այդ կարիքները ․․․ Եվ հենց այստեղ է, որ մենք կարող մեր ներդրումն ունենալ աճի բոլոր փուլերում»,- ասաց նա։

Բրենդինգ և ամուր կապ ԱՄՆ-ի հետ

Covenant Venture-ի գործընկեր և Granatus Ventures-ի հիմնադիր Երվանդ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շատ ակտիվ էկոսիստեմ ունի, որը կապակցված է ԱՄՆ-ի հետ, սակայն այդ կապը, ըստ նրա, պետք է էլ ավելի ամրապնդել և հզորացնել։

«Այդ կապն ուժեղ է, բայց մենք պետք է այն էլ ավելի ուժեղացնենք, պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք ընկերությունների թվաքանակն ավելացնելու համար Հայաստանում, պետք է ստեղծենք ավելի շատ կապիտալ, որը կծախսվի նորարարության էկոհամակարգի վրա։ Այս ոլորտում երևացող խաղացող դառնալու համար պետք է մեծացնենք ինչպես գործող ընկերությունների չափերը, այնպես էլ ավելացնենք դրանց թիվը»,- ասաց նա։

Ըստ Երվանդ Սարգսյանի՝ մի քանի բան կա, որ արժանի են ուշադրության։ Առաջինը բրենդինգն է։ «Տասը տարի առաջ, երբ նոր էինք սկսում հիմնադրամը, Հայաստանը հայտնի չէր որպես նորարարությունների վայր, ստարտափներ չկային։ Տասը տարի անց մենք տեսնում ենք վենչուրային կապիտալներ, որոնք ներդրում են արել մի շարք հայկական ընկերություններում»,- ասաց նա։

Երվանդ Սարգսյանը նշեց, որ այսօր ունենք չորս հայկական միաեղջյուր ընկերություն, սակայն այդ մասին կարծես քիչ է խոսվում, մինչդեռ դրանց մասին պետք է շատ խոսել, քանզի բրենդինգը շատ կարևոր է։ «Մենք ցույց չենք տալիս այն, ինչ ունենք»,- ասաց նա։    

Ուղիղ օդային կապ, ներդրումներ ֆոնդերում

Ըստ նրա՝ ոլորտի զարգացման համար կարևոր է նաև օդային ուղիղ կապը։ «Ուղիղ կապ չկա ամերիկյան որևէ քաղաքի հետ։ Նյու Յորքը, Կալիֆոռնիան, Լոնդոնը շատ կարևոր են»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ցանկանում ես որևէ մեկին Հայաստան հրավիրել, նրանք անմիջապես հարցնում են, թե քանի ժամ է տևում ճանապարհը և ինչպես կարող են հասնել Հայաստան և շատ հաճախ հենց այդտեղից էլ դժվարություններ են առաջանում։

Երվանդ Սարգսյանի համոզմամբ՝ կարևոր է նաև տարբեր ֆոնդերում ներդրում անելը։ «Կապիտալը ևս շատ կարևոր է, պետք է ավելի շատ կապիտալ ներդրվի ինչպես մասնավոր կապիտալում, այնպես էլ վենչուրային։ Նաև ավելի շատ ներդրում է պետք նաև անել տաղանդներ գտնելու վրա։ Պետք է տաղանդներ բերենք սփյուռքից, որն ակնհայտ ընտրանք է, պետք է սփյուռքից ավելի շատ մարդ բերենք Հայաստան»,- ասաց նա։

Օրենսդրական խնդիրներ

Fastex ընկերության գլխավոր իրավաբան Վարդան Խաչատրյանը, խոսելով ոլորտի զարգացման օրենսդրական կողմի մասին ասաց, որ Հայաստանում դեռ կան օրենսդրական խնդիրներ որոնք չեն նպաստում մասնավոր կամ վենչուրային կապիտալ ներդրումներին։ Ըստ նրա՝ Հայաստանը, թերևս, պետք է Դելավերի օրինակով գնա առաջ և տեղայնացնի այնտեղ առկա գործիքներն ու կարգավորումները։

«Սակայն դա հեշտ չի լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ նախ օրենքներն են տարբեր, բացի դրանից, դատարաններն են տարբեր կերպ գործում։ Այդուհանդերձ, ըստ նրա, փոփոխություններ պետք է արվեն։

Վարդան Խաչատրյանը նաև նշեց, որ մասնավոր կապիտալի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները պետք է փոփոխվեն, որպեսզի դրանց համար գործելու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն։

Այլընտրանքային ներդրումներ եւ ընտանեկան օֆիսներ

Հայաստանի տնտեսությունն այսօր հիմնականում հիմնված է ընտանեկան բիզնեսի վրա։ Միևնույն ժամանակ, երկրում չկան պաշտոնական, ֆորմալ ընտանեկան օֆիսներ, որոնք կստեղծեն ընտանեկան բիզնեսի հետ կապված մի շարք խնդիրների լուծման համակարգեր. դրանք եւ ազատ միջոցների ներդրումների,  եւ իրավահաջորդության խնդիրներ են, և շատ այլ խնդիրներ։

Վերջին ամիսներին Orion Worldwide Innovations-ի թիմը Հայաստանում նախաձեռնել է մի շարժում, որի շրջանակում խոսում և տարածում է տեղեկատվություն ընտանեկան գրասենյակների կարևորության, իրավահաջորդության պլանավորման, տարբեր իրավասություններում ակտիվների կառավարման և շատ այլ բաների մասին:

Orion Worldwide Innovations-ի համահիմնադիր և ղեկավար Դիանա Արզումանյանը այլընտրանքային ներդրումներին նվիրված պանելային քննարկման ժամանակ նշել է, որ Orion-ը BDO-ի հետ միասին վեց ամիս առաջ կազմակերպել էր երկօրյա սեմինար այլընտրանքային ներդրումների վերաբերյալ, և պանելային քննարկումներից մեկը նվիրված էր հատուկ ընտանեկան օֆիսներին և դրանց հնարավորություններին հայկական շուկայում:

«Ես իսկապես հավատում եմ, որ Հայաստանն այժմ հսկայական ներուժ ունի ընտանեկան օֆիսները որպես ծառայություն ներկայացնելու համար: Մենք աշխատում ենք BDO-ի հետ՝ ընտանիքների համար հատուկ ծառայությունների գիծ ստեղծելու համար»,- ասաց նա:

Նրա խոսքով, հասուն էկոհամակարգերի ուսումնասիրությունից մի քանի կարևոր դասեր կարելի է քաղել: Նախ բիզնեսով զբաղվող ընտանիքներին անհրաժեշտ են երկարաժամկետ, ռազմավարական ներդրումների պլաններ: Եթե նրանք այժմ կանխատեսումներ են անում 6-7 տարվա համար, ապա պետք է սկսեն ավելի հեռուն նայել, ինչը հնարավորություն կտա գումար կամ կապիտալ փոխանցել հաջորդ սերունդներին:

Երկրորդ, կարևոր է հասկանալ, թե ինչ մեծ դեր կարող են խաղալ գործընկերությունը, համատեղ ներդրումները և փորձի փոխանակումը հաջողության հասնելու համար: Երրորդ, ընտանիքները պետք է ներդրումներ կատարեն իրենց անդամների և աշխատակիցների կրթության մեջ, եթե նրանք իսկապես ուզում են հաջողության հասնել:

NEWS.am Tech-ը Orion Summit 2023-ի պաշտոնական մեդիա-գործընկերն է:


 
 
 
 
  • Արխիվ