Հայաստանի ընկերությունները տպավորիչ են, անհամբեր սպասում ենք, թե որն է լինելու հաջորդ ընկերությունը, որում ներդրում ենք անելու. Covenant Venture Capital-ի հիմնադիր

23 հունիսի, 2023  18:17

Covenant Venture Capital վենչուրային ընկերությունը նախկինում հաջողությամբ ներդրում է արել հայկական Embodied ստարտափում: Այժմ, ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Covenant Venture Capital-ի հիմնադիր անդամ և ներդրումների գծով տնօրեն Կարլ Դուգլասը, ընկերությունը պատրաստ է ներդրում անել նաև հայկական այլ ստարտափներում, եթե դրանք համապատասխանեն չափանիշներին։

«Հայաստանը տեխնոլոգիաների զարգացման հարուստ պատմություն ունի, ընդհուպ մինչև Խորհրդային Միության տարիներ։ Եթե ուսումնասիրեք հայտնագործությունների ցանկը, կտեսնեք, թե որքան հայտնագործությունների հեղինակներ հենց հայեր են, ինչը շատ տպավորիչ է։ Մենք կարծում ենք, որ ընկերությունները, որոնք զարգանում են Հայաստանում, բավականին տպավորիչ են, և միշտ անհամբեր սպասում ենք, թե որն է լինելու հաջորդ ընկերությունը, որում ներդրում ենք անելու»,- նշեց Դուգլասը:

Իսկ ինչպիսի՞ ընկերություններում է Covenant Venture Capital-ը պատրաստ ներդրում կատարել: Կարլ Դուգլասի խոսքով, այս հարցի վերաբերյալ հստակ չափանիշներ կան:

«Մենք ներդրում չենք անում ընկերություններում, որոնք նախաեկամտային փուլում են, դեռ եկամուտ չունեն։ Սարտափները պետք է ցույց տան եկամտի աճի ինչ-որ մակարդակ, որպեսզի մենք կարողանանք վերլուծել և հասկանալ, թե ինչպես են ընկերության գործերը։ Մենք ունենք պարտադիր պայման, որ վենչուրային կապիտալի կոհորտի որոշ ընկերություններից պետք է տվյալ ստարտափի ներդրող լինեն, քանի որ մենք փոքրամասնական ներդրողներ ենք։ Թերևս սրանք այն երկու չափանիշներն են, որոնցով առաջնորդվում ենք»,- ասաց Դուգլասը:

Սակայն, նրա խոսքով, եթե, օրինակ, հայկական ինչ-որ ընկերություն վաճառքի լավ ցուցանիշներ է ունենում, միևնույնն է, Covenant Venture Capital-ը կարող է հետաքրքրվել այդ ընկերությամբ և ցանկանալ դրա մասին ավելին իմանալ, անկախ նրանից կոհորտի ընկերություններից որևէ մեկն այս ընկերությունում ներդրո՞ղ է, թե՞ ոչ։ Նման դեպքում Covenant Venture Capital-ի մասնագետներն իրենք կարող են այդ ընկերությունը ներկայացնել կոհորտին:

«Օրինակ՝ վերցնենք SoftBank-ը, որ մեր օտարերկրյա ներդրողներից մեկն է։ Եղել են դեպքեր, որ մենք մի շարք ընկերություններ ներկայացրել ենք SoftBank-ին։ Իրականում նույն Embodied ընկերությունը ևս ներկայացրել ենք SoftBank-ին որպես ներդրում անելու հնարավոր տարբերակ»,- պատմեց Դուգլասը։

Հայկական Embodied-ը, որում ներդրել էր Covenant Venture Capital-ը, զբաղվում է արհեստական բանականությամբ և ռոբոտաշինությամբ։

«Այս ընկերությունը ես գտա BAJ Accelerator-ին մասնակցելու ժամանակ, ի սկզբանե այս ընկերությունը մեզ ներկայացրեց դոկտոր Արմեն Խերլոփյանը։ Այնպես է ստացվել, որ այդ ստարտափի ներդրողներից մեկն էր Intel Capital ընկերությունը, որը Covenant Venture Capital-ի կոհորտի ընկերություններից մեկն է, վենչուրային կապիտալներից մեկը, որին մենք հետևում ենք իրենց փորձի շնորհիվ։ Նրանց հետ փորձառությունը շատ դրական էր, մեզ շատ դուր եկավ թափանցիկությունը, որը Embodied-ն ապահովում էր, մասնավորապես ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը, որը բացառիկ ղեկավար է։ Նա ավելի վաղ եղել է iRobot ընկերության տեխնիկական գծով տնօրենը, այդ ընկերությունը պատրաստում է Roomba փոշեկուլը, և նրա ղեկավարման փորձն այդ ընկերությունում բավականին տպավորիչ էր։

Series B ներդրումից հետո մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես է Embodied-ը զարգանում, ընկերությունը կարողացել է ձեռք բերել մեկ այլ Series C ներդրում՝ 40 մլն դոլարի չափով, որը չորս անգամ ավելին է, քան մեր ներդրած գումարը, ինչը մեզ համար շատ հաճելի է։ Մենք շատ սերտ աշխատում ենք այս ընկերության հետ, Էմմա Առաքելյանը, որը նույնպես Covenant Venture Capital-ի անդամ է, Embodied ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Կարճ ասած՝ այս ընկերության հետ համագործակցությունը շատ դրական փորձառություն է»,- ասաց Դուգլասը։

Կարլ Դուգլասը հունիսի 19-23-ը Նյու Յորքում անցկացված Orion Summit 2023-ի մասնակիցներից մեկն էր: Իրադարձություններով հագեցած չորս օրերի ընթացքում գագաթնաժողովի ավելի քան 100 մասնակիցներ քննարկեցին մի շարք հարցեր, թե ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել համաշխարհային ներդրումների համար, ինչպես նպաստել երկրի և դրա տնտեսության զարգացմանը և ինչ դեր կարող են խաղալ այս ամենում ժամանակակից տեխնոլոգիաները։

Միջոցառման ինֆորմացիոն գործընկերը NEWS.am Tech-ն է: 


 
 
 
 
  • Արխիվ