«Ջեյմս Ուեբը» ֆիքել է երիտասարդ նախաաստղի գունագեղ լույսերը

4 հուլիսի, 2024  22:20

James Webb տիեզերական աստղադիտակը չափազանց երիտասարդ L1527 նախաաստղի նոր լուսանկարներ է արել։ Այս աստղն ընդամենը 100,000 տարեկան է, ինչը շատ փոքր տարիք է Արեգակի համեմատ, որն ավելի քան 4,5 միլիարդ տարեկան է: Նման օբյեկտների երիտասարդությունն ուղեկցվում է բուռն ակտիվությամբ, երբ ապագա աստղը կլանում է շրջակա նյութը և տաքանալով՝ այն շաղ տալիս ողջ տիեզերքում՝ միգամածության տարօրինակ գույներ արձակելով:

Նախկինում James Webb-ն արդեն լուսանկարել էր L1527 նախաաստղը։ 2022-ին այն լուսանկար էր արել՝ օգտագործելով ինֆրակարմիր մերձակա տիրույթի տեսախցիկը (Near Infrared Camera, NIRCam): Նոր լուսանկարն արվել է MIRI (ինֆրակարմիր միջին տիրույթի) գործիքով, որը կարող է նախաաստղին շրջապատող փոշու և գազի վարագույրից այն կողմ տարածությունը տեսել: MIRI-ի պատկերն այնքան էլ հստակ և պարզ չէ, որքան NIRCam-ից, սակայն դա լուսանկարին հավելյալ ծավալ և նոր մանրամասներ է ավելացնում:

L1527 NIRCam.jpg (187 KB)
Այս լուսանկարն արվել է 2022-ին NIRCam տեսախցիկով։

Լուսանկարին ​ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ L1527 նախաաստղը, ասես, կիսով չափ բաժանված լինի։ Սրանք գազի և փոշու սկավառակի հետքեր են աճող աստղի շուրջ: Աստղը դրանից նյութ է վերցնում և կուտակման գործընթացում էներգիա է արտանետում։ Նախաաստղի մոտ գտնվող կենտրոնական շրջանը հագեցած է իոնացնող ճառագայթմամբ և պատկերում երևում է որպես կարմիր բռնկում (որի պատկերին Webb-ի օպտիկական համակարգն ավելացնում է իր սեփական արտեֆակտները՝ ութ ճառագայթ):

«Բռնկումը» վերածվում է սպիտակ փայլի. սա փոշու և գազի արտահոսք է, որն արագանում է աստղի ճառագայթման արդյունքում: Այնուհետև սպիտակ «բռնկումը» շարունակվում է կապույտ «բոցով»։ Այսպիսի տեսք ունեն պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների հետքերը, որոնք ամենաշատն են տիեզերքում։ Աստղը նաև նախաձեռնում է դրանց արտահոսքը, որի արդյունքում ձևավորվում է ավազի ժամացույց հիշեցնող հետաքրքիր միգամածությունը: Սակայն երբ աստղը հավաքում է իր զանգվածը շրջապատող նյութից, կուտակման գործընթացը դադարում է և իր հետ տանում այս հիանալի տեսարանները:

 


 
 
 
 
  • Արխիվ