ՄՏԿ-ն տիեզերքից իջեցնելու առաջադրանքը ՆԱՍԱ-ն հանձնարարարել է SpaceX-ին և դրա համար կվճարի $843 մլն

27 հունիսի, 2024  18:09

Միջազգային տիեզերակայանը (ՄՏԿ) տիեզերքից իջեցնելու առաջադրանքը ՆԱՍԱ-ն հանձնարարել է SpaceX-ին, որի համար ընկերությունը կստանա 843 մլն դոլար՝ չհաշված քարշակող սարքի պատրաստման և գործարկման համար վճարները։ Սակայն ամեն ինչ տեղի կունենա ոչ շուտ, քան պատրաստ կլինեն կոմերցիոն ուղեծրային կայանները, իսկ դա կարող է տեղի ունենալ 2030-ից հետո, տեղեկացնում է Space.com-ը։

Տարբեր հայտարարությունների համաձայն՝ Ռուսաստանը կարող է դադարեցնել ՄՏԿ-ի աջակցությունն արդեն 2028-ին։ Ուստի այս ժամանակահատվածից հետո կայանի շահագործման հարցերը, ինչպես նաև կայանը ուղեծրից հեռացնելու և օվկիանոս իջեցնելու պատասխանատվության հարցերը մնալու են ՆԱՍԱ-ի և նրա ամենամոտ գործընկերների ուսերին։ Այս պահին պարզ չէ՝ SpaceX-ը օվկիանոս կիջեցնի ամբո՞ղջ տիեզերակայանը, թե՞ միայն ամերիկյան հատվածը։ Նախկինում առաջարկներ կային կայանն իր ծառայության վերջում բաժանել, իսկ մասերն առանձին-առանձին դուրս բերել ուղեծրից։

«Միջազգային տիեզերակայանն ուղեծրից դուրս բերելու նպատակով վայրէջքի համար ամերիկյան սարքի ընտրությունը ՆԱՍԱ-ին և նրա միջազգային գործընկերներին կօգնի կայանի գործունեության ավարտին ապահովել անվտանգ և պատասխանատու վայրէջք Երկրի ցածր ուղեծրից: Այս որոշումը նաև աջակցում է ՆԱՍԱ-ի պլաններին ապագա առևտրային ուղղությունների համար և թույլ է տալիս շարունակել Երկրին մոտ տարածության օգտագործումը»,- ՆԱՍԱ-ի կենտրոնակայանում ասել է գործակալության Տիեզերական օպերացիաների գրասենյակի ադմինիստրատորի օգնական Քեն Բոուերսոքսը:

Նախնական տվյալներով՝ ակնկալվում է, որ ՄՏԿ-ը դուրս կբերվի ուղեծրից 2030-ին, սակայն գործակալությունը պարզաբանել է, որ «ոչ մի կախարդական բան տեղի չի ունենա», եթե կայանը շարունակի գործել 2030-ից հետո: Փաստացի ՄՏԿ-ի աշխատանքը կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև պատրաստ լինեն կոմերցիոն ուղեծրային կայանները, իսկ դրանց պատրաստ լինելու հարցը ևս կարող է ձգձգվել: «Մենք ցանկանում ենք, որ [առևտրային կայանները] աջակցություն ցուցաբերեն, և երբ դրանք պատրաստ լինեն գործարկվելու, հենց այդ ժամանակ ՄՏԿ-ն մի կողմ կքաշվի,- բացատրել է գործակալությունը:

Նշենք, որ այսօր մի քանի կոմերցիոն տիեզերակայաններ գտնվում են զարգացման տարբեր փուլերում։ Օրինակ՝ Axiom Space-ը մշակում է իր Axiom կայանը, մինչդեռ Blue Origin-ը (Sierra Space-ի, Boeing-ի և Amazon-ի հետ միասին) պլանավորում է իր սեփականը, որը հայտնի է որպես Orbital Reef: Voyager Space ընկերությունն ունի նաև իր Starlab համալիրը, որը մշակվում է Lockheed Martin-ի և Northrop Grumman-ի օգնությամբ։ Իսկ կալիֆոռնիական Vast Space ընկերությունը նախատեսում է իր Haven-1 մոդուլը ուղեծիր դուրս բերել 2025-ին՝ SpaceX Falcon 9 հրթիռով:


 
 
 
 
  • Արխիվ