Բուլինգը դպրոցներում. ի՞նչ պետք է իմանան ծնողները

7 հունիսի, 2024  17:10

Բուլինգն այն բացասական վարքն է, որտեղ կան թիրախներ, թիրախավորված անձինք, մեկ կամ երկուսը, որտեղ կա ուժերի իրական կամ թվացյալ անհավասարություն, և, ամենակարևորը, տվյալ երևույթը տվյալ անձի նկատմամբ անընդհատ պետք է կրկնվի։


Բուլինգն ունի հիմնական չորս տեսա՝ վերբալ, ֆիզիկական, սոցիալական և կիբեռբուլինգ, ու յուրաքանչյուրի ժամանակ տարբեր է մոտեցումը։ Եթե հենց դպրոցում է տեղի ունենում, կարևոր է հասկանալ, թե ինչ ձևով է երեխան կարողանալու պաշտպանել սեփական անձը։ Շատ դեպքերում բուլերները թիրախավորում են այն երեխաներին, որոնք ունեն սոցիալացման հմտությունների պակաս, հաղորդակցման հմտությունների պակաս, ասերտիվ խոսքի պակաս, չեն կարողանում իրենց անձը պաշտպանել, չունեն ընկերներ։ Ունենալով այդ ինֆորմացիան բուլերները գիտեն, որ եթե իրեն բուլինգի ենթարկեն, ոչ մեկ չի աջակցելու։ 


Պետք է հասկանալ, դա անընդհա՞տ բուլինգ է, թե՞ պարզապես ընկերական կռիվ, հակամարտություն է, որտեղ դու պետք է քո եսը պաշտպանես։ Եթե պարզապես հակամարտություն է, պիտի ճիշտ մոտեցում դրսևորել։ Եթե բուլինգ է, որոշ դեպքերում կարող ես պարզապես թողնել հեռանալ, ուշադրություն չդարձնել, որովհետև բուլերը մի նպատակ ունի՝ լինել ուշադրության կենտրոնում, ու ստանալ էմոցիոնալ բավարարվածություն, որ ես հաղթանակ տարա։ Կամ կարող ես վերածել իրավիճակը հումորային իրավիճակի, որ փոփոխվի, կենտրոնացնել ուշադրությունը ուրիշ բանի վրա։ Բուլերն ուզում է, որ ականատեսների կողմից սիրված լինի։ Որպես մարդ, որը ենթարկվում է բուլինգի, ես կարող եմ այդ ուշադրությունը, որ բուլերն ուզում է ստանալ, շեղել ինձ վրա, խմբակիցների ուշադրությունը դարձնել այլ բանի վրա։ Պետք է նաև դիմել հոգեբանի օգնության։


Շատ խնդիրներ գալիս են ընտանիքից։ Երբ բուլերը ոչ մի ձևով չի ստանում ընտանիքի աջակցությունը, չի ստացել ուշադրություն, բուլերն այդ ամբողջը փորձում է ստանալ դպրոցում։ Բուլերը ևս ունի հոգեբանի աջակցության կարիք։ Հնարավոր է, որ բուլերը ուսման մեջ խնդիր ունենա, կորցնի հետաքրքրությունը դպրոցի նկատմամբ, հետագայում իրավախախտ դառնա։


Բուլինգի ենթարկվողները 4 հիմնական խնդիր են ունենում՝ ակադեմիական, երբ կորցնում են հետաքրքրությունը ուսման նկատմամբ։ Վախ են ունենում դպրոց գնալուց, տագնապներ, ցածր ինքնագնահատական, դա հոգեբանական խնդիրներն են։ Ունենում են սոցիալական խնդիրներ, երբ կորցնում են ընկերներ, հետաքրքրությունը որևէ զբաղմունքի նկատմամբ, վախենում են շատ մարդկանցից։ Նաև ֆիզիոլոգիական խնդիրներ կարող են ունենալ՝ սննդային վարքի, քնի խանգարումներ, մղձավանջներ, գլխացավ, փորացավ, փոքր երեխաների մոտ կարող է նկատվել նաև գիշերամիզություն։


Շատ դեպքերում երեխան կարծում է, որ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, իր մեղավորության պատճառով է։ Ու ինքն իրեն մեղադրելու արդյունքում ընկնում է ինքնավստահությունը, ինքնագնահատականը։ Ծնողը պետք է հասկացնի, որ իր կողքին է, և ինչ էլ լինի, սիրում է նրան, ընդունում է։


Եթե դպրոցը, ուսուցիչը, ծնողները չեն կարողանում այս հարցը լուծել, դպրոցը փոխելը լուծումներից մեկն է։ Եթե ամեն ինչ փորձել եք, ու տվյալ մարդը շարունակում է իր գործունեությունը, պարզապես փոխեք միջավայրը, փոխեք դպրոցը։ Բայց շատ կարևոր է դպրոցի, ուսուցչի ու բոլոր ծնողների միջամտությունը։ Դպրոցը պիտի ունենա իր ապահովության համակարգը։ Պիտի իրենք հստակ իմանան, թե ովքեր կարող են լինել բուլինգի պոտենցիալ թիրախները, պոտենցիալ բուլերները։ Հասկանան, որտեղ երեխաները կարող են ենթարկվել բուլինգի։ Դա այն տարածքն է, որտեղ չկա ուսուցիչ։ Դա կարող են լինել միջանցքները, հանդերձարանները, զուգարանները, դպրոցի ետնամասը։ Ու այդ տարածքներում պետք է ստեղծել ապահով միջավայր։


Ուսուցիչը պետք է ունենա հստակ միջամտության պլան՝ նախօրոք մշակված։ Տեսավ՝ միանգամից պետք է կանգնեցնի վարքը, թույլ չտա, որ շարունակվի։ Բայց երեխաներին պիտակավորում պիտի չտա։ Մենք պետք է պիտակավորենք վարքը։ Նույն պահին առանձնացնել բուլերին և բուլինգի ենթարկվածին։ Եթե բուլինգի ենթարկվածը ծանր վիճակում է, միանգամից ուղղորդել հոգեբանի մոտ, կամ մեկ այլ մարդու մոտ, որը կկարողանա իր հետ խոսել այդ պահից դուրս բերելու համար։ Այնուհետև խոսում է բուլերի հետ, որ հասկանա իր վարքի սխալը, ու կապի դուրս գա ծնողի հետ։ Ու շատ կարևոր է, որ ուսուցիչը երեխաներին գիտելիքներ տա, թե ինչ է բուլինգը։ 


Բուլինգի երևույթը նկատվում է բոլոր տարիքներում, մանկապարտեզում, դպրոցում, աշխատավայրում, տանը։ Բայց ինչո՞ւ հենց դպրոցում։ Վեցից ութերորդ դասարաններում բուլինգի դրսևորումները շատ ավելի շատ են, քան մնացած տարիքում։ Վեցից ութերորդ դասարանը դա մեր դեռահասներն են։ Դեռահասությունն ի՞նչ է։ «Ես» կոնցեպտի բացահայտումն է։ Ու այստեղ գալիս է ուժեղի ու թույլի բախումը։


Ականատեսների մի քանի տեսակ ունենք։ Կան ականատեսներ, որոնք կարծես աջակցում են բուլերին։ Չեն միջամտում բուլինգի երևույթին, բայց ուրախանում են, որ այն տեղի է ունենում։ Կան, որ չեն ուրախանում, չեն ծիծաղում, բայց հիացած աչքով են նայում բուլերին։ Ունենք պասիվ ականատեսներ, որոնք ոչինչ չեն անում, չեն ուզում միջամտել ոչ մի ձևով։ Կան հնարավոր պաշտպաներ, որոնք ուզում են քայլ անել, բայց չգիտեն ինչպես անել։ Այս երեխաներն ի՞նչ կարող են անել։ Տեսան երևույթը, թևանցուկ են անում բուլինգի երնթարկվողին ու հեռացնում են այդ իրավիճակից։ Կամ կարող են բոլորի ուշադրությունը շեղել մեկ այլ բանի վրա։ Եթե այդ պահին ոչինչ չենք կարող անել, կարող են հետո խոսել բուլինգի զոհի հետ, աջակցել նրան։


Շատ կարևոր երևույթ կա ականատեսների հետ կապված՝ մոտենալուց խուսափելու կոնֆլիկտը։ Երեխան ուզում է մոտենալ, աջակցել, բայց միևնույն ժամանակ ուժեղ ցանկություն ունի իրավիճակից փախչել։ Ու այստեղ կոնֆլիկտ է առաջանում։ Եթե երեխան ունի հմտություններ, ապա կմոտենա, կաջակցի զոհին։ Եթե չունի՝ փախուստի կդիմի։ Ու այդ դեպքում ականատեսի մոտ կարող են խնդիրներ դրսևորվել. Տագնապայնության բարձր մակարդակ, ընկճախտ, վախեր։


Մարդիկ սիրում են մեղադրել զոհին։ Ընտանեկան բռնության ժամանակ էլ «զոհն է մեղավոր»։ Ծանր իրավիճակներում ասում են՝ դու ի՞նչ արեցիր, որ այդպես վարվեցին։ Ո՛չ, դու ինչ էլ անես, ոչ ոք իրավունք չունի քեզ վատ վիճակում դնելու։ Մեր մտածելակերպը, մեր մոտեցումն է սխալ։

Շողիկ Միքայելյան

Շողիկ Միքայելյանը «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրենն է։ Ուսումնառությունն ավարտելով Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ ստացել է անգլերեն լեզվի մասնագետի և դպրոցի հոգեբանի որակավորում։ Լիհայ համալսարանում Ֆուլբրայթ կրթաթոշակակիր լինելու շնորհիվ ավարտել է երկրորդ մագիստրատուրան՝ ստանալով հոգեբան-հոգեթերապևտի որակավորում։

Շողիկն իր մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է որպես ծրագրի համակարգող, տնօրեն, ուսուցավար մի շարք հարգի կառույցներում, ինչպիսիք են «Խաղաղության կորպուսը», «Դեպի Հայք» հիմնադրամը, «Հայաստանի պատմական տներ» կազմակերպությունը և այլն։

Նա երկար ժամանակ եղել է Շիրակի պետական համալսարանի ավարտական քննությունների հանձնաժողովի անդամ, միաժամանակ կամավոր հիմունքներով իրականացրել է մի շարք վերապատրաստումներ իր համայնքում, 2020-ից ի վեր կատարել է հետազոտություններ դեռահասների շրջանում՝ բացահայտելով «բուլինգ» երևույթը և տվյալ թեմայի շուրջ իրականացնում է ուսուցիչների վերապատրաստում ՀՀ տարածքում:

Ներկայումս հասարակական գործունեությանը զուգընթաց՝ դասավանդում է Շիրակի պետական համալսարանում և իրականացնում է անհատական հոգեթերապևտիկ ծառայություն։

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաև հրատարակել է «Բուլինգի հաղթահարման և կանխարգելման տեսագործնական մոտեցումներ» հոգեբանական աշխատագրքույկը, որը նախատեսված է հոգեբանների և սոցիալական աշխատողների համար։ Նաև հրատարակել է բուլինգի վերաբերյալ «Բուլինգը դեռահասների փորձառությո՞ւն, թե՞ ինքնահստատում» վերնագրով գիրք։


 
 
 
 
  • Արխիվ