Շինանյութի շուկան թևակոխում է զարգացման նոր փուլ․ Արթուր Մանուչարյան

18 հունիսի, 2024  09:01

Վերջին ցուցահանդեսները հաճելիորեն առանձնացան հայկական արտադրությունների տաղավարներով։ Դրանց շարքում էր Arex Co-ն՝ արտադրաառևտրային հանգույց, որը ոչ միայն թողարկում է 350 անուն շինանյութ և հարդարման պարագաներ, այլև իրականացնում է այդ ապրանքների գրագետ շուկայավարումն ու առաջմղումը Հայաստանում և արտերկրում։ Ընկերության արտադրական գործունեության և շինանյութի շուկայի առանձնահատկությունների շուրջ զրուցել ենք ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Մանուչարյանի հետ։

Պարո՛ն Մանուչարյան, ինչպե՞ս սկսվեց Ձեր ուղին՝ որպես արտադրող գործարար։

Առաջին կուրսի ուսանող էի, որ աշխատանքի անցա Arex Co-ի մայր ընկերությունում՝ սկզբում որպես պահեստի բանվոր, այնուհետև առաքիչ, մաքսային ձևակերպումների մասնագետ, հետագայում՝ երկրորդ կրթությունս ստանալուց հետո՝ մարկետինգի մասնագետ։  Արտադրությանը միացել եմ 2011-ից, երբ որոշվեց ընդլայնել Bitherm խողովակների արտադրամասը։

Ընդհանրապես, ես աշխատում եմ 12 տարեկանից։ Այն ժամանակ ընտանեկան փոքրիկ արտադրամաս ունեինք։ Հաճախ էի գնում այնտեղ հայրիկիս ու հորեղբայրներիս օգնելու։ Երևի այստեղից էլ մնացել է իմ սերը արտադրության նկատմամբ։

Փաստորեն մոտ 20 տարի արտադրության մեջ եք՝ շարունակելով նաև ներմուծել։ Ո՞ր գործունեությունն է բիզնես տեսակետից ավելի բարդ։

Շատ եմ նկատում, որ արտադրությանը ավելի բարդ հայացքով են նայում։ Բայց եթե ինձ հարցնեք, միայն առաջին հայացքից է թվում, որ ներմուծելն ավելի դյուրին է ու ձեռնտու։ Քանի որ մենք ոչ միայն արտադրում, այլև ներմուծում ենք, ես կարող եմ հավատացնել՝ ներմուծելն էլ իր խնդիրներն ունի, որոնք շատ դեպքերում «ուտում են» կատարված աշխատանքի մեծ մասը։ Այնպես որ, արտադրելը երկարաժամկետ կտրվածքով ավելի արդարացված է։ Ընդամենը լավատեսություն, հեռատեսություն ու համառություն է պետք։

Arthur Manucharyan News.am 02.png (1.58 MB)

Կարծրատիպ կա, որ Հայաստանում արտադրություն կազմակերպելը ավելի թանկ ինքնարժեք է ենթադրում ու որակապես զիջում է ներմուծվածին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Արտադրությունն այնքանով է արտադրություն, որ նույն հաստոցով կարելի է տարբեր որակի արտադրանք ապահովել․ հարկավոր է, ընդամենը, «խաղալ» հումքի հետ։ Քանի որ մենք ունենք գերժամանակակից սարքավորումներ, և շարունակաբար թարմացնում ու վերազինում ենք արտադրամասերը, կարողանում ենք ճկուն լինել՝ արտադրելով այն որակի արտադրանքը, որի կարիքն ունի տվյալ թիրախային խումբը։

Բարձր ինքնարժեքը ոչ այնքան արտադրության, այլ փոքր ծավալների հարց է։ Շուկան փոքր է, պահանջարկը` սահմանափակ։ Ահա թե ինչու մենք ձգտում ենք արտահանման հուսալի ուղղություններ հաստատել։ Սա թույլ է տալիս մեզ կայուն լինել ներքին շուկայում։

Արտադրողները հաճախ են բողոքում, որ պետությունը չի պաշտպանում իրենց ներմուծված անորակ արտադրանքից։ Դուք և՞ս այդ կարծիքին եք։

Solar Water Heater Stand_Arex Co.JPG (861 KB) 

Պետությունը պետք է պաշտպանի արտադրողին, բայց ոչ ի վնաս սպառողի։ Ի տարբերություն դրա, պետությունը կարող է և, հանուն արդարության պետք է ասեմ, որ օգնում է արտադրողին ավելի որակյալ, ավելի ցածր ինքնարժեքով արտադրելու հարցում։ Օրինակ` 2024-ի սկզբին Arex Co-ի կահույքի արտադրամասը հենց պետության կողմից սուբսիդավորված վարկի միջոցով կարողացանք լիարժեք վերազինել։ Ձեռք բերեցինք գերմանական ու ավստրիական արտադրության լավագույն սարքավորումները։ Պետությունը նաև չի հարկում հումքի ներմուծումը, չի հարկում արտահանումը։ Այնպես որ, հարկավոր է դրականը շեշտել ևս։

Պարո՛ն Մանուչարյան, մտայնություն կա, որ հայ սպառողն իր որոշումներում առաջնորդվում է ցածր գնով։ Սա չի՞ խանգարում արտադրողին։

Հայ սպառողը ցածր գնով առաջնորդվում էր նախկինում։ Քսան տարի առաջ, երբ ես դեռ նոր էի ոլորտում, այդպես էր, բայց ոչ հիմա։ Ավելի շուտ կասեի, որ մեր հայրենակիցներն այսօր ավելի տեղեկացված են ու գրագետ են մոտենում տան շինարարության ու շինանյութի ընտրության հարցերում։ Այո՛, սակարկելը մեր մշակույթի մի մասն է, բայց հայ սպառողը, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, ըստ իս, փնտրում է գին/որակ հարաբերակցությամբ իրեն հարմար արտադրանք և պատրաստ է դրա համար վճարել ադեկվատ գին։

Bitherm Stand_Arex Co.JPG (880 KB)

Շինանյութի շուկան բավական հագեցած է։ Որքանո՞վ է մրցակցությունը նպաստում շուկայի զարգացմանը։

Շինանյութի շուկան իրոք հագեցած է, ու դա իսկապես նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը։ Կա մի տենդենց ևս․ մարդիկ ունեն ժամանակի խնդիր և ավելի ու ավելի շատ են ձգտում սպասարկվել մեկ տեղում։ Իսկ տարբեր նախասիրություններ ու պահանջմունքներ ունեցող մարդկանց գոհացնելը հնարավոր է միայն ու միայն լայն տեսականիով։ Շուկան, կարծես, ինքն է պահանջում մասնակիցներից համագործակցային դառնալ։ Այնպես որ, օգտվելով ձեր հարթակից՝ ուզում եմ գործընկերներիս ևս մեկ անգամ ասել, որ Ceramica Group-ի ամբողջ արտադրական ու առևտրային ռեսուրսները նրանց տրամադրության տակ են։

Arex Co-ն միշտ պատրաստ է իր սարքավորումները տրամադրել գործընկերներին՝ սեփական ապրանքանիշով արտադրանքներ թողարկելու կամ միջանկյալ ծառայություններից օգտվելու համար։ Բացի այդ, Ceramica Group-ի հովանոցի տակ շուտով կգործի շինանյութի սրահների նոր ցանց՝ լիովին նոր հայեցակարգով, և այնտեղ պատրաստ ենք ներկայացնել ցանկացած արտադրանք, որը կօգնի մեր հայրենակիցներին ապրել և արարել ավելի բարեկեցիկ միջավայրում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ