Ոչ ինտուիտիվ կամ «խելագար» տեսություն. քվանտային տեխնոլոգիաների առավելություններն ու վտանգները

5 հունիսի, 2024  23:55

Մոտավորապես 25 տարվա ընթացքում ձևավորվեց լրիվ նոր գիտություն, որը կատարելապես փոխեց մեր ամբողջ գաղափարական հենքը, որի վրա կառուցվում էր մինչ այդ ֆիզիկան։ Որովհետև հասկանալի էր դառնում, որ ձևավորվել է լրիվ նոր գիտություն, ընդ որում ոչ ինտուիտիվ։ Ինչ-որ առումով դա կարելի է նաև խելագար տեսություն համարել, որովհետև դա բացառիկ երևույթների շարք էր, որոնք չէին բացատրվում դասական ֆիզիկայի օրինաչափություններով, և արդյունքներն անսպասելի էին։


Մասնիկի համար երբեք չեք կարող ասել՝ նա ունի միաժամանակ էսպիսի արագություն և էսպիսի կոորդինատ։ Դուք չեք կարող ասել մասնիկը որտեղ է 100 տոկոս ճշտությամբ, դուք կարող եք միայն հավանական բնույթով ասել, որ այսքան հավանականությամբ այստեղ է, այսքան հավանականությամբ այնտեղ է։ Կա էդպիսի հումորիստական էտյուդ Հայզենբերգի մասին, որ երբ նա Գերմանիայում այցելում էր համալսարաններ, ֆիզիկոս ուսանողները պատի վրա գրում էին՝ այստեղ այս հավանականությամբ այս ժամին կարող է հայտնվել պրոֆեսոր Հայզենբերգը։


Եթե լուսադիոդները ստեղծեն քվանտային կետերի այդ արհեստական ատոմների հիման վրա, օրինակ, թռիչքը դեպի Մարս էապես թեթևանալու է, որովհետև գործունեության ժամանակը 75 ժամի է հասնում։ Այսինքն՝ ընդամենը մեկ արկղ ես վերցնում այդ լուսադիոդներից և չվում դեպի Մարս։


Եթե հասարակ համակարգչում դու գործ ունես 0 և 1 թվերի հետ, կամ/կամ տարբերակով, ապա այստեղ գործում է և/և։ Կա մեկ վիճակ, երկու վիճակ և դրանց ինտերֆերենցիոն տարբերակը։ Օգտագործում են նաև խճճվածությունը, և դա բերում է լրիվ այլ տրամաբանության. դուք կարող եք միաժամանակ մի քանի սցենար նայել, դա բերում է կարևորագույն արդյունքի՝ այդ զուգահեռությունը էապես խնայում է ժամանակը հաշվարկների տեսանկյունից։ Եթե, օրինակ, ուզում եք կոդ ջարդել, շատ արագ են աշխատում քվանտային համակարգիչները։


Արհեստական բանականության տեխնոլոգիաները շատ ավելի լուրջ հեղափոխական փոփոխությունների են բերելու մեր կյանքում, ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Դրականը դա դեղագործությունը կարող է լինել կամ նյութագիտությունը։ Ֆանտաստիկ արդյունքների կարելի է հասնել։


Ֆունդամենտալ գիտելիք ստանալու համար պետք է լինի գրատախտակ, կավիճ և դասախոս։ Ինչո՞ւ է դա պետք, որ դու ինքդ կարողանաս աշխատել։ Դպրոցներում նույնը պիտի լինի։ Երեխաները պետք է սովորեն աշխատել։ Սովոր չեն այդ աշխատանքին։ Ամեն ինչը հեռախոսներով է։


Ես համարում եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիան շատ կարևոր օղակ է, որը մեր ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է եղել ժամանակին։ Ի վերջո, Խորհրդային Միության օրոք ակադեմիայի միջոցով հայ ազգ են ճանաչել։ Դա հանճարեղ գիտնականների այնպիսի ընտանիք է, որոնք մեր ժողովրդի փառքն են ձևավորել, ինչպես քաղաքակիրթ ժողովրդի։ Պետք է այդ տեսանկյունից ակադեմիայի դերը միշտ շատ կարևոր համարել։


Ես հասկանում եմ, որ կա նստվածք, կան տարբեր տեսակի խոսակցություններ, նաև այն միտքը, որ իսկ դուք ի՞նչ օգուտ եք բերում այս տարիների ընթացքում, ի՞նչ եք արել։ Ես ներողություն եմ խնդրում, իսկ դուք ինչպե՞ս եք ֆինանսավորել գիտությունը։ Առանց սերմը տալու դու ի՞նչ իրավունք ունես պահանջել, որ ինքը բերք քեզ տա։ Եթե ամեն ինչ արվեց, որ գիտությամբ զբաղվող զանգվածը, հենց հնարավորություն լինի, թողի հեռանա Հայաստանից։ Հասկանալի էր, որ կային ֆինանսական խնդիրներ, բայց վերաբերմունքը նաև շատ վատն էր։


Ակադեմիական քաղաքի շուրջ այս ամբողջ աժիոտաժը պետք է հանգցնել՝ տալով հստակ օրինակը, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ միացման պրոցեսը կառավարչական տեսանկյունից։ Մինչև չավարտվի ամբողջությամբ կազմի ձևավորումը, և բառացիորեն ամեն մեկը չիմանա, որտեղ է իր նստատեղը լինելու այդ ակադեմիական քաղաքում, և ինստիտուտը ուր է գնալու, չի կարելի գալ, ասել՝ ազատե՛ք այդ շենքը։ Որովհետև կգան կասեն՝ ազատե՛ք, հետո կասեն՝ վայ չստացվեց, ու այդ մարդիկ փողոցում կհայտնվեն։ Դրա համար են այդքան լարված այս ամեն ինչին մոտենում։


Պետք է լաբորատորիաներ ձևավորել։ Միգուցե, մոբիլ լաբորատորիաներ, որ ինչ-որ մեքենայի մեջ հավաքես այդ սարքերը, ու գնաս հեռավոր գյուղեր ու երեխաներին փորձեր ցույց տալ, ու փորձես իրենց գրավել։ Այնտեղ ոսկի երեխաներ կան։ Եվ պետք է ակտիվ գիտնականները գնան դպրոցներ։ Ու պետք է ոչ թե բացատրել, այլ ցույց տալ, որ կա մի ուրիշ հետաքրքիր աշխարհ։


Հիմա երիտասարդ կանայք գիտության մեջ կոնկրետ Հայաստանում շատ ավելի ակտիվ են, քան տղաները։ Եվ դա ինչ-որ առումով կարելի է հասկանալ, որովհետև տղաներին շատ արագ ծրագրավորական ֆիրմաները տանում են, և նրանք կոնկրետ փող են աշխատում։ Ու այդ է պատճաը, որ կենսաբանության ոլորտը հիմա ակտիվ զարգանում է. այնտեղ աղջիկների տոկոսը շատ մեծ է, նրանք ակտիվ աշխատում են։ 


Օփենհեյմերը մեծ պրոբլեմներ է ունեցել, որովհետև կար կասկած, որ նա այդ ինֆորմացիան փոխանցեց Խորհրդային Միությանը։ Չգիտեմ ճիշտ է, թե ոչ, ես կարդացել եմ, որ կա ենթադրություն, որ նա երկու շաբաթ ապրել է Լավրենտի Բերիայի ամառանոցում՝ գաղտնի։


Էնրիկո Ֆերմին, որը շատ ակտիվ մասնակցում էր Մանհեթենյան հետազոտություններին, մի անգամ հարցազրույցի ժամանակ, երբ հարց են տալիս, թե ինչ է նշանակում ատոմային ռումբը,  նա անկանխատեսելի ու իմ կարծիքով՝ նաև անհեռատես պատասխան է տալիս։ Ասում է՝ դա գեղեցիկ ֆիզիկա է։ Մնացած ամբողջ կյանքը նրան կտտանքների ենթարկեցին այդ բառերի համար։


Քաղաքակրթության հիմքում պետք է ընկած լինեն որոշակի բարոյական սկզբունքներ, որոնք խախտելու պարագայում քաղաքակրթությունն ինքն իրեն դեպի կործանման է տանում։ Այսինքն՝ երբ մենք հասնում ենք որոշակի կարմիր գծի, որից հետո ծրագրավորում ենք մեզ ոչնչացման։ Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք այդ ամենին։ 

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո և մեզոկառուցվածքների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ