Caviar-ը ներկայացրել է 25,000 դոլարանոց ոսկե iPhone 14 Pro. այն կստանա Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն խաղացողը

21 նոյեմբերի, 2022  18:30


Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության առնչությամբ ռուսական Caviar շքեղ ապրանքանիշը ներկայացրել է iPhone 14 Pro-ի երկու դիզայներական մոդել՝ The Great-ը և The Iconic-ը։ Մոտ 25,000 դոլար արժողությամբ The Great մոդելը կպարգևատրվի Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն խաղացողը։ 

Երկու հեռախոսներն էլ, ինչպես ասվում է ընկերության կայքում զետեղված հայտարարությունում, կթողարկվեն սահմանափակ քանակով՝ ընդամենը 22 հատ։

«Արաբական մշակույթի մեծությունը, ավազաթմբերի մոնումենտալ գեղեցկությունը և ավանդույթի ուժը մեկ ձևավորման մեջ: Ներկայացնում ենք The Great-ը` արժանի պարգև իսկական ֆուտբոլասերների համար»,- ասված է առաջին մոդելի նկարագրության մեջ:

The Great սմարթֆոնի պատյանը պատրաստված է ոսկուց՝ Lusail Iconic Stadium մարզադաշտի ոճով, որը կհյուրընկալի 2022 թ․ աշխարհի առաջնության եզրափակիչը։ Հեռախոսի հետևի վահանակի կենտրոնով՝ վերից վար, անցնում է առաջնության եռաչափ խորհրդանիշը՝ արաբական խորհրդանիշներով ժապավենը, որի վրա 18 կարատանոց ոսկուց պատրաստված ութ թվանշանն է՝ որպես ներդաշնակության և անսահմանության նշան։ Ընդհանուր առմամբ՝ հեռախոսը պատված է 24 կարատ մաքուր ոսկով։

iPhone 14 Pro 128 Gb The Great-ի արժեքը 1,500,000 ռուբլի է (մոտ 25,000 դոլար):

Ինչպես նշել է Caviar-ի գործադիր տնօրեն Սերգեյ Կիտովը, ինքը ֆուտբոլի մեծ երկրպագու է, սակայն, եթե նույնիսկ լավագույն խաղացողը պարզվի, որ նա անձամբ իրեն դուր չի գալիս, նա, այնուամենայնիվ, ուրախ կլինի նրան սմարթֆոն նվիրել, քանի որ սպորտում գլխավորը «ազնվությունն ու անաչառությունն է»։

Ակնկալվում է, որ այս տարի լավագույն խաղացողի կոչման, ինչպես նաև ոսկեզօծ հեռախոսի համար կպայքարեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մեսսին, Մբապեն, Բենզեման, Նեյմարը, Դե Բրույնեն և Ռոնալդուն:

Երկրորդ մոդելի՝ The Iconic-ի կորպուսը նույնպես պատրաստված է տիտանից, ինչպես The Great-ինը։ Սակայն քանի որ առաջնությունն անցկացվում է հիմնականում մուսուլմանաբնակ երկրում, որի մշակույթը հավանություն չի տալիս տղամարդկանց կողմից ոսկյա զարդերի և աքսեսուարների օգտագործմանը, The Iconic-ի մոդելի վրա ոսկի չի կիրառվել ընդհանրապես։

iPhone 14 Pro 128 Gb The Iconic-ի արժեքը 400,000 ռուբլի է (6500 դոլարից մի փոքր ավելի):


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ