Twitter-ի վերջը մո՞տ է․ Մասկի վերջնագրից հետո աշխատողները զանգվածաբար հեռանում են, ընկերության գրասենյակները ժամանակավորապես փակվել են

18 նոյեմբերի, 2022  10:20

Իլոն Մասկի վերջնագիրը, որը նախօրերին ուղարկվել էր Twitter-ի աշխատակիցներին, կարծես թե չունեցավ այն ազդեցությունը, որն ակնկալում էր դրա հեղինակը։ Աշխատակիցները, որոնց առաջարկվել էր կա՛մ «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ» աշխատել, կա՛մ աշխատանքից ազատվել, սկսել են զանգվածաբար լքել ընկերությունը։

Ավելին, ընկերության գրասենյակները անհայտ պատճառով փակել են մինչև նոյեմբերի 21-ը։  Ենթադրվում է, որ ղեկավարությունը մտավախություն ունի, որ տեղի ունեցածի ֆոնին աշխատակիցները կարող են սաբոտաժի ենթարկել աշխատանքը:

Ինչպես հայտնում է BBC-ն, Twitter-ի աշխատակիցները նոր նամակ են ստացել ղեկավարությունից, որում ասվում է, որ ընկերության գրասենյակային շենքերը ժամանակավորապես փակ կլինեն մինչև նոյեմբերի 21-ը, իսկ աշխատակիցների բեյջերն այդ ընթացքում կապաակտիվացվեն, փաստացի նրանք չեն կարող մուտք գործել գրասենյակ։

Նամակում ղեկավարությունը աշխատակիցներին նաև խնդրում է շարունակել հետևել ընկերության քաղաքականությանը և զերծ մնալ ընկերության գաղտնի տեղեկությունները սոցիալական ցանցերում, մամուլում կամ որևէ այլ տեղ քննարկելուց։

twitter-letter

Twitter-ի համակարգող խմբագիր Զոի Շիֆերը նույնպես հայտնել է գրասենյակների ժամանակավոր փակման մասին։ Նա նաև հավելել է, որ «Իլոն Մասկը և նրա թիմը վախենում են, որ աշխատակիցները պատրաստվում են սաբոտաժի ենթարկել ընկերությունը։ Բացի դրանից, նրանք դեռ փորձում են պարզել, թե Twitter-ի որ աշխատակիցներին պետք է ազատեն աշխատանքից»:

Reuters գործակալության տվյալներով՝ Մասկի երեկվա վերջնագրից հետո մոտ 180 աշխատակից մասնակցել է Blind հավելվածում նոր գլխավոր տնօրենի կազմակերպած «հարցմանը» (նրանք, ովքեր համաձայն են աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ» պետք է սեղմեին «այո»)։ Մասնակիցների առնվազն 42%-ը որոշել է լքել ընկերությունը։ Եվ միայն 7%-ն է համաձայնել աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ»։

Ինչպես տեղեկացնում է The Verge պարբերականը, Twitter-ում մնացող և ընկերությունից հեռացող աշխատակիցներն ասում են, որ հաշվի առնելով վերջին կրճատումների մասշտաբները, կարելի է ակնկալել, որ «Twitter-ը շուտով կսկսի փլուզվել»: Աշխատակիցների (նույնիսկ շատ փորձագետների) կարծիքով՝ այդքան մեծ թվով դժգոհ աշխատակիցների հեռանալու հետևանքները կարող են սարսափելի լինել, և ընկերության համար շատ դժվար կլինի վերականգնվել, անկախ նրանից, թե որքան «քրտնաջան» կաշխատեն նրանք, ովքեր կմնան ընկերությունում։

Սկզբում ընկերությունն ուներ մոտ 7500 աշխատակից, որոնցից 3700-ին Մասկը կրճատեց Twitter-ը գնելուց անմիջապես հետո։ Բացի դրանից, Մասկը աշխատանքից հեռացրել է իրեն բացահայտ քննադատող աշխատակիցներին։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Slack կորպորատիվ մեսենջերում քննադատական ​​հայտարարությունների համար արդեն աշխատանքից ազատվել է առնվազն 10 մարդ։ Թվում է, թե նույնիսկ ընկերության ղեկավարությունն առայժմ չգիտի, թե այս պահին քանի աշխատակից է մնացել Twitter-ում։ Իսկ թե ինչպես են նրանք կարողանալու կատարել աշխատանքի այն ծավալը, որն ի սկզբանե կատարել է 7500 մարդ, նույնպես անհասկանալի է։

Ֆինանսական խնդիրներ ընկերությունը նույնպես ունի. այն պահից ի վեր, երբ Իլոն Մասկը գնեց Twitter-ը, շատ խոշոր գովազդատուներ (L'Oréal, General Motors և այլն) դադարեցրին գովազդը այս սոցցանցում, և դա, ինչպես հայտնում է dw.com-ը, հանգեցրել է եկամուտների նվազմանը, ինչպես և ակնկալվում էր։

Պատահական չէ, որ շատ աշխատակիցներ ասում են, որ այն, ինչ տեղի է ունենում ընկերությունում, նման է «վերջի սկզբին», իսկ ինքը՝ Twitter-ը, հիմա նրանց հիշեցնում խորտակվող «Տիտանիկ»-ի մասին:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ