ՄՏԿ-ում մուտացված և դեղակայուն բակտերիաներ են գտել․ ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ է դա խնդիր

24 ապրիլի, 2024  14:15

Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) կան շատ տարբեր բակտերիաներ՝ չնայած այն մաքուր պահելու բոլոր ջանքերին, քանի որ որտեղ կան մարդիկ, այնտեղ կլինեն նաև մանրէներ, իսկ վերջին 24 տարիների ընթացքում գրեթե 300 մարդ է այցելել ՄՏԿ։ Հնդկաստանից հետազոտողները, NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի հետ համատեղ, վերլուծել են ՄՏԿ-ի բակտերիաների շտամները և համեմատել դրանք Երկրի վրա գտնվող նույն բակտերիաների հետ և պարզել, որ տիեզերական միկրոօրգանիզմները տարբերվում են դրանցից թե՛ ֆունկցիոնալությամբ, և թե՛ գենետիկորեն: Ավելին, դրանք նաև դեղորայքային ավելի մեծ կայունություն ունեն։

Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։

Կենդանի օրգանիզմները միշտ զարգանում են և ձգտում հարմարվել իրենց միջավայրին: Տիեզերքում, այս դեպքում՝ ՄՏԿ-ում, մարդկությունն ստեղծել է բոլորովին նոր միջավայր՝ հերմետիկ պղպջակ՝ վերամշակված օդով, բարձր ճառագայթմամբ և միկրոգրավիտացիայով: Եվ քանի որ բակտերիաները շատ արագ են բազմանում, նոր միջավայրում դրանց զարգացումը մի փոքր այլ ճանապարհով է ընթանում (թե կոնկրետ ինչպես, հնարավոր չէ կանխատեսել), և, հետևաբար, շատ շուտով դրանք սկսում են տարբերվել Երկրի վրա գտնվող իրենց «բարեկամներից»:

Հետազոտողներն ուշադրությունը կենտրոնացրել են Enterobacter bugandensis բակտերիայի վրա, որը հաջողությամբ հարմարվել է ՄՏԿ-ի վրա կյանքին: Կայանից վերցված նմուշներից հետազոտողներն առանձնացրել են այս մանրէի 13 շտամ: E. bugandensis-ը սովորաբար ապրում է մարդու մարսողական տրակտում և կարող է որոշ դեպքերում առաջացնել վարակներ, հատկապես նորածինների մոտ:

Պարզվել է, որ ՄՏԿ-ի նմուշներում հայտնաբերված E. bugandensis-ն ավելի դեղակայուն է հակաբիոտիկների նկատմամբ: Բացի դրանից՝ դրանք ավելի մեծ կարողություն ունեն աջակցելու այլ միկրոօրգանիզմների առկայությունը, մասնավորապես գրամ դրական բակտերիաների, ինչպիսիք են Staphylococcus saprophyticus-ը:

Թեև ուսումնասիրությունը չի անդրադառնում մուտացված E. bugandensis-ի հնարավոր ազդեցությանը տիեզերագնացների վրա, տիեզերական գործակալությունները պետք է դա հաշվի առնեն ապագայում: Նման բակտերիաների առկայության փաստը մի շարք հարցեր ու հնարավոր խնդիրներ է առաջացնում։

Այսպես, որոշ կառավարություններ և մասնավոր օդատիեզերական ընկերություններ ծրագրում են ստեղծել մի քանի նոր տիեզերակայաններ, որոնք կօգտագործվեն գիտական ​​և առևտրային, ինչպես նաև զբոսաշրջության նպատակներով: Արդյունքում, շատ ավելի շատ մարդիկ կառնչվեն նոր միկրոօրգանիզմների հետ և գուցե ենթարկվեն այնպիսի վարակների ազդեցությանը, որոնք շատ դժվար կլինի բուժել գոյություն ունեցող հակաբիոտիկներով, իսկ նորերի մշակումն էլ ավելի շատ դժվար կլինի:

Այսպիսով, եթե հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունեցող բակտերիաները ժամանակի ընթացքում էլ ավելի տարածված դառնան տիեզերքում, դա կարող է լուրջ վտանգներ ներկայացնել տիեզերագնացների առողջության համար և ավելի դժվարացնել նրանց առողջության պահպանումը տիեզերական ճանապարհորդության ժամանակ: Ավելին, կարելի է միայն ենթադրություն անել Երկրի վրա դեղակայուն նոր բակտերիաների տարածման հետևանքների մասին, որտեղ այսօր արդեն հակաբիոտիկների նկատմամբ կայունության բավականին լուրջ խնդիր կա։


 
 
 
 
  • Արխիվ