Կարո՞ղ է կյանք գոյություն ունենալ Սատուրնի արբանյակ Էնցելադի վրա

22 ապրիլի, 2024  22:14

Սատուրնն ունի 146 հաստատված արբանյակ, ինչը շատ ավելին է, քան Արեգակնային համակարգի ցանկացած այլ մոլորակ, և դրանցից մեկն արժանի է հատուկ ուշադրության: Խոսքը Էնցելադի մասին է, որն ունի ընդամենը 504 կմ տրամագիծ: Գիտնականները կարծում են, որ այն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի աջակցության համար, գրում է Վաշինգտոնի համալսարանի մոլորակագետ և աստղակենսաբան Ֆաբիան Քլեները:

2004-ից 2017 թվականներին Cassini-ն՝ ՆԱՍԱ-ի, Եվրոպական տիեզերական գործակալության և Իտալիայի տիեզերական գործակալության համատեղ առաքելությունը, ուսումնասիրել է Սատուրնը, դրա օղակներն ու արբանյակները և տվել շատ հետաքրքիր արդյունքներ, որոնց համաձայն Էնցելադի սառցե ընդերքի տակ հեղուկ ջրի օվկիանոս է թաքնված: Բացի դրանից՝ հայտնի է, որ այս արբանյակի հարավային բևեռում գտնվող գեյզերները տիեզերք են արտանետում օվկիանոսի ջրից գոյացած գազն ու սառույցի մասնիկները։

Ինչպես Երկրի օվկիանոսները, այնպես էլ Էնցելադի օվկիանոսը պարունակում է աղ, որի մեծ մասը նատրիումի քլորիդ է, որը սովորաբար հայտնի է որպես կերակրի աղ: Օվկիանոսը պարունակում է նաև ածխածնի վրա հիմնված տարբեր միացություններ և ենթարկվում է մակընթացային տաքացում կոչվող գործընթացի, որն էներգիա է առաջացնում այս լուսնի վրա: Հեղուկ ջուրը, ածխածնի վրա հիմնված քիմիան և էներգիան կյանքի հիմնական բաղադրիչներն են, գրում է գիտնականը՝ հավելելով, որ փաստացի այս արբանյակը բոլոր այս երեք բաղադրիչն էլ ունի։

2023-ին Քլեները և այլ գիտնականներ Էնցելադի օվկիանոսից առաջացած սառցե հատիկների մեջ հայտնաբերել են ֆոսֆատ՝ կյանքի համար անհրաժեշտ մեկ այլ միացություն: Ֆոսֆատը՝ ֆոսֆորի մի ձև է, որը նույնպես կարևոր է Երկրի վրա ամբողջ կյանքի համար. այն առկա է ԴՆԹ-ում, բջջային թաղանթներում և ոսկորներում: Սա առաջին դեպքն էր, երբ գիտնականները հայտնաբերել են այս միացությունը այլմոլորակային ջրային օվկիանոսում:

Ոչ ոք դեռ չի կարողացել Երկրի սահմաններից դուրս գոյություն ունեցող կյանք բացահայտել: Այնուամենայնիվ, գիտնականները համաձայն են, որ Էնցելադը շատ խոստումնալից վայր է կյանք փնտրելու համար:

Ինչի՞ց է պետք սկսել որոնումը

2024-ի մարտին հրապարակված հոդվածում Քլեները և գործընկերները փորձել են պարզել, թե արդյոք տիեզերանավի փոշու վերլուծիչի գործիքները կարող են հայտնաբերել և բացահայտել կյանքի հետքեր Էնցելադում արտանետված սառցե հատիկների մեջ: Նրանք պարզել են, որ իրենց կիրառած գործիքները լավ են կարողանում կատարել բջջային նյութի նույնականացումը: Առանձին սառցե հատիկներ վերլուծելու համար նախատեսված գործիքները պետք է կարողանան նույնականացնել բակտերիաների բջիջները, նույնիսկ եթե Էնցելադի վրա առկա գեյզերի սառցե հատիկը պարունակում է մեկ բջջի բաղադրիչների միայն 0,01%-ը:

Cassini-ի հատուկ փոշու վերլուծիչը չուներ վերլուծական հնարավորություններ՝ հայտնաբերելու բջջային նյութը սառցե հատիկների մեջ: Այնուամենայնիվ, գիտնականներն արդեն մշակում են շատ ավելի մեծ հնարավորություններով գործիքներ Էնցելադի ապագա հնարավոր առաքելությունների համար: Քլեների և նրա գործընկերների փորձերի արդյունքները հիմք կծառայեն այս գործիքների պլանավորման և նախագծման համար։

Ըստ Կլեների՝ Էնցելադը ՆԱՍԱ-ի և Եվրոպական տիեզերական գործակալության ապագա առաքելությունների հիմնական նպատակակետերից մեկն է։ 2022-ին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ դեպի Էնցելադ առաքելությունն ունի երկրորդ ամենաբարձր առաջնահերթությունը հաջորդ հիմնական առաքելությունների ընտրության ժամանակ։ Ամենաառաջնահերթ է համարվում Դեպի Ուրան առաքելությունը։

Եվրոպական գործակալությունը վերջերս հայտարարեց, որ Էնցելադն իր հաջորդ մեծ առաքելության գլխավոր նպատակակետն է։ Այս առաքելությունը հավանաբար կներառի փոշու բարձր թողունակության վերլուծիչ՝ սառույցի հատիկները վերլուծելու համար:

Էնցելադը հեղուկ ջրի օվկիանոսով միակ մոլորակը չէ։ Յուպիտերի արբանյակ Եվրոպան ևս ունի օվկիանոս, որը ծածկում է ամբողջ արբանյակը՝ դրա սառցե ընդերքի տակ: Եվրոպայի սառույցի հատիկները լողում են մակերևույթի վերևում, և որոշ գիտնականներ կարծում են, որ Եվրոպան կարող է նույնիսկ Էնցելադի նման գեյզերներ ունենալ, որոնք այս սառցե հատիկներն նետում են տիեզերք:


 
 
 
 
  • Արխիվ