Ի՞նչ ռիսկեր են պարունակում թվային և կրիպտո արժույթները․ հարցազրույց Ռասմուս Նիելսենի հետ

22 ապրիլի, 2024  16:06

Թվային արժույթները նոր և բարդ տեխնոլոգիա են և դրանք իրենց հետ մի շարք ռիսկեր են բերել։ Այդ ռիսկերը և՛ տեխնիկական են, և՛ վերաբերում են նրան, թե ինչպես ենք օգտագործում այդ արժույթները և ինչպես ենք մշտադիտարկում այդ ռիսկերը, NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է Deloitte ընկերության ռիսկերի և ֆինանսական խորհրդատվության, արհեստական բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման հարցերով ավագ մենեջեր Ռասմուս Նիելսենը։

Նրա խոսքով՝ սովորաբար, երբ գնահատվում է որևէ ակտիվի ռիսկը, հաշվի է առնվում դրա գործածության պատմությունը, թե ինչ տվյալներ են գրանցվել տարիների ընթացքում և այլն: Օրինակ՝ պատմականորեն կրիպտոարժույթների մասին շատ տեղեկություններ չկան և դժվար է հասկանալ, թե ինչու են դրանք այս կամ այն վարքագիծը դրսևորում և ըստ այդմ դժվար է գնահատել դրանց հետ կապված ռիսկերը։

«Մենք կարող ենք տեսնել որոշակի արժույթի գինը, սակայն իրականում չգիտենք՝ դա, այսպես կոչված, իրակա՞ն արժեքն է, թե ոչ, քանի որ հակադրելու բան չունենք»,- ասում է նա՝ հավելելով, որ թվային արժույթները, անշուշտ, հետաքրքիր տեխնոլոգիա են, սակայն դեռ կան մի շարք չլուծված ռիսկեր, որոնք պետք է գնահատել և դիտարկել՝ նախքան այն կիրառելը:

Ինչպե՞ս լուծել ռիսկերի խնդիրը

Ըստ Ռասմուս Նիելսենի՝ այսօր շարունակական քննարկումներ կան առ այն, թե գործող կարգավորումները որքանով կարող են լուծել թվային արժույթների ռիսկերի հետ կապված խնդիրները։ Նրա հոմազմամբ՝ անհրաժեշտ է մշակել նոր կարգավորումներ, ինչի համար այսօր ծանրակշիռ պատճառներ կան։ Օրինակ՝ ԱՄՆ-ում կան արժույթների պատասխանատու օգտագործումը խթանող կարգավորումներ։

Սակայն մյուս կողմից, ըստ նրա՝ կան կրիպտոարժույթների հետ կապված այնքան եզակի ռիսկեր, որ հնարավոր է՝ պարզ չլինի, թե արդյոք այդ կարգավորումները ծածկում են ամբողջ դաշտը, թե ոչ։ Այդուհանդերձ, մասնագետը կարծում է, որ յուրաքանչյուր երկրի կառավարությունն ինքը պետք է որոշի, թե որքանով է պատրաստ ընդունելու այս կամ այն թվային արժույթը, իհարկե, հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը։

Նման որոշումներ կայացնելիս անձամբ ինքը հաշվի կառներ նաև այնպիսի հարցեր, թե կոնկրետ որ արժույթները կարող է օգտագործել ներդրողը, ինչ ներդրող է այն, արդյոք ինստիտուցիոնալ ներդրողներին թույլատրվում է ներդրումներ կատարել այդ արժույթով, թե ոչ։ Ըստ նրա՝ նաև ապահովության և անվտանգության պահանջներ է հարկավոր ներառել այդ կարգավորումներում, հատկապես կրիպտոարժույթների դեպքում, քանի որ դրանք կարգավորելը բավականին բարդ է: 

Թվային VS ֆիատ արժույթ

Ռասմուս Նիելսենի խոսքով՝ թվային արժույթների հետ կապված  մի շարք ռիսկեր կան, որոնք առկա չեն սովորական արժույթների դեպքում։ Օրինակ՝ բլոկչեյնի դեպքում ֆորքինգը (իրավիճակ, երբ բլոկչեյնը բաժանվում է երկու կամ ավելի առանձին շղթաների՝ ցանցի մասնակիցների միջև կոնսենսուսի կանոնների տարբերության պատճառով), կրիպտոարժույթների դրամապանակի սեփականության հետ կապված ռիսկը, երբ քո դրամապանակը ինչ-որ հարթակում է, որի հետ խնդիրներ են ծագում, մասնավոր բանալիների կառավարումը և այլն։

Կոնկրետ մանրածախ ներդրողների, անհատների համար, ըստ նրա, ամենակարևոր ռիսկը կապված է դրամապանակների և մասնավոր բանալիների հասանելիության հետ։ Նրա խոսքով՝ նախքան ներդրում անելը հարկավոր է վստահ լինել, որ ծանոթ ես տվյալ արժույթին, գիտես դրա մասին ամեն ինչ, քանզի որոշ արժույթներ վստահելի են, որոշները՝ ոչ այնքան։ «Պետք է համոզվել, որ դա վստահելի արժույթ է, որ փոխանակման հարթակը վստահելի է: Մենք նախկինում տեսել ենք դրա հակառակ դեպքերը։ Սրանք են այն խնդիրները, որոնց մասին պետք է մտածել որպես մանրածախ ներդրող»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա, ըստ նրա՝ սկզբունքը նույնն է․ բիզնեսները ևս պետք է զգույշ լինեն, թե ինչ կրիպտոարժույթում են ներդրում անում, ինչ դրամապանակներից են օգտվում, պետք է հնարավորինս ամեն ինչ իմանան տվյալ կրիպտոարժույթի մասին նախքան ներդրում անելը:  Ըստ նրա՝ իրականում չենք կարող կանխատեսել, թե ինչպիսի վարքագիծ կունենան այդ արժույթները։

Ըստ նրա՝ ԱՄՆ դոլարի կամ ցանկացած այլ արժույթի դեպքում ևս ռիսկեր կան, սակայն, դրանք համեմատաբար սահմանափակ են, իսկ կրիպտոարժույթների դեպքում ռիսկերը միշտ չէ, որ պարզ են և միշտ ռիսկ կա այս արժույթների հիմնարար արժեքների հետ կապված։

«Կոնկրետ այս դեպքում մենք իրականում որևէ տեղեկություն չունենք։ Մենք չենք կարող կատարողականի որևէ վերլուծություն անել: Մենք չունենք այդ տվյալները, որևէ տեղեկություն չունենք այս ակտիվի որևէ հիմնարար արժեքի մասին, ի տարբերություն, օրինակ՝ բաժնետոմսերի, որի դեպքում կարող ենք պատկերացնել, թե ինչ է հիմքում ընկած արժեքը: Կրիպտոարժույթի դեպքում մենք չունենք այդ հնարավորությունը, դա ծրագրային ապահովում է, տեխնոլոգիա է: Այո՛, այն իր հիմքում ընկած արժեք չունի: Դա միշտ լինելու է ներհատուկ ռիսկ իր ներկայիս տեսքով»,- ընդգծում է նա։


 
 
 
 
  • Արխիվ