«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը 60 ուսանող ունի

17 հունիսի, 2024  11:27

«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը, որը վերջերս էր ներկայացվել հանրությանը, ունի 60 դիմորդ։ Սեպտեմբերից մեկնարկող ուսումնական տարվանից նրանք հնարավորություն կստանան սովորելու այս բացառիկ կրթական ծրագրով։

Այս ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի նախաձեռնությունն է։

Այս ծրագիրն աշխարհում առաջինն է, որն առաջարկում է բակալավրի կոչում «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ՝ դառնալով նշանակալից նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար:

«Առանձնահատուկ կարևորում եմ, որ ծրագրի նկատմամբ եղել է շատ մեծ հետաքրքրություն, սակայն ընտրվել է 60 դիմորդ, ովքեր իրենց կրթությունը կսկսեն ծրագրի շրջանակում։ Սա շատ կարոևր ծրագիր է, որը Հայաստանը դիրքավորելու է համաշխարհային քարտեզի վրա՝ որպես թվային կրթության և նորարարության առաջատար։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք իրականացնել այն և հավաքագրման փուլն այսքան բարեհաջող էր»,-նշում է Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։

Բակալավրիատի ծրագիրը, որը մշակվել է համալսարանի և Web3 Armenia հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ, նպատակ ունի ուսանողներին զինել խորը գիտելիքներով և գործնական հմտություններով բլոկչեյնի վերաբերյալ: Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը:


 
 
 
 
  • Արխիվ