ԲՏԱ նախարարը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տիեզերական տեխնոլոգիաների, ԱԲ ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

10 ապրիլի, 2024  10:14

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ ինժեներական և տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, Մխիթար Հայրապետյանը դեսպանին է ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները:
Նշվել է, որ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության և ԲՏ ու ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է, որոնք ամփոփելու են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը:

Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է: Այս համատեքստում 2023թ. աշնանը կազմակերպվել է Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել դառնալու կամրջող օղակ Բելգիայի մասնավոր ընկերությունների և ՀՀ գերատեսչությունների միջև՝ Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին հնարավոր մասնակցության համար:

Էրիկ Դե Մույնք.jpg (162 KB)


 
 
 
 
  • Արխիվ