Ինչո՞ւ կանայք պետք է մտածեն հանքարդյունաբերության ոլորտում կարիերայի մասին

25 մարտի, 2024  18:40

Էներգետիկան, մետալուրգիան և հանքարդյունաբերությունը պատմականորեն համարվել են ոլորտներ, որտեղ գրեթե բացառապես աշխատում են տղամարդիկ։ 2022-ի տվյալներով՝ ողջ աշխարհում կանայք կազմում են այս ոլորտներում աշխատուժի միայն մոտ 12%-ը։ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում այս ցուցանիշը կազմում է 6,6%, իսկ էներգետիկայի ոլորտում՝ մոտ 10%: Սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ինչպես պարզվում է, աշխատողների 22%-ը կանայք են։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է, որ իրենց ընկերությունում կանայք հիմնականում աշխատում են վարչական ոլորտում՝ մարդկային ռեսուրսների, ֆինանսների և հաշվապահական հաշվառման ոլորտներում։ Քիմիական լաբորատորիայում ևս կան բազմաթիվ կանայք։ Սակայն կին ինժեներներ փաստացի չկան։

Միևնույն ժամանակ, բազմաթիվ կանայք կան նաև ընկերության ղեկավար կազմում, այդ թվում՝ տնօրենների խորհրդում: Իսկ ընկերությունում կնոջ զբաղեցրած ամենաբարձր պաշտոնը վարչական բաժնի պետի պաշտոնն է։

Ինչո՞ւ կանայք պետք է կարիերա անեն հանքարդյունաբերության ոլորտում

Ինչպես նշեց Ստեփանյանը, հանքարդյունաբերությունը կանանց կարող է գրավել առաջին հերթին մրցունակ աշխատավարձերով։ Բացի դրանից՝ ամենից հաճախ այն մարզերում, որտեղ գործում են հանքարդյունաբերական ընկերություններ, աշխատանք քիչ է լինում, առավել ևս՝ նորմալ աշխատավարձով ու կարիերայի աճի հեռանկարով։ Ուստի տեղի բնակիչներից շատերի համար այդ ընկերություններում աշխատելը կրկնակի գրավիչ է։ Եվ հաճախ հենց նրանք են կազմում հանքարդյունաբերական ընկերությունների աշխատուժի ողնաշարը:

«Մեր ընկերությունում աշխատող կանանց մոտ 90-92%-ը Սյունիքից են»,- նշեց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունն առաջարկում է կարիերայի լայն հնարավորություններ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ճարտարագիտության, երկրաբանության, բնապահպանության, լոգիստիկայի և կառավարման: Կանանց համար այսօր ոչ մի խոչընդոտ չկա, բացառությամբ նրանց մտքում եղածների. ցանկացած կին, որն ունի անհրաժեշտ որակավորում, այստեղ կարող է հաջողության հասնել։

Արդյոք խնդրի արմատը մտածելակերպի և կրթության մեջ է

Ըստ Արմեն Ստեփանյանի՝ Հայաստանում և աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում կանանց քիչ լինելու պատճառները ոչ թե գործատուների կողմից խտրականության մեջ են, այլ մարդկանց մտածելակերպի և կրթական համակարգի. կանայք իրենք դեռ առանձնապես չեն ձգտում մտնել այս ոլորտ:

«Մասնագիտություն ընտրելիս ավագ դպրոցի աղջիկները հազվադեպ են մտածում հանքարդյունաբերության, երկրաբանության, քիմիական տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլնի մասին: Տղաներն են սովորաբար ընդունվում այսպիսի ֆակուլտետներ։ Եվ երբ մեզ երբեմն անհրաժեշտ է լինում աշխատողներ ընտրել, դիմորդների մեջ տղամարդիկ շատ ավելի շատ են, քան կանայք: Այսինքն՝ խնդրի արմատը ոչ թե նրանում է, որ գործատուները չեն ցանկանում աշխատանքի ընդունել կանանց, այլ այն, որ կանայք դեռ հազվադեպ են ընտրում այս մասնագիտությունները»,- նշեց նա։

Ստեփանյանի խոսքով՝ եթե բուհերի համապատասխան ֆակուլտետներում լինեին հավասար թվով աղջիկներ և տղաներ, սակայն իրականում դաշտում գերակշռեին տղամարդիկ, ապա կարելի կլիներ խոսել խտրականության խնդրի մասին։ Նա վստահ է, որ երբ ավելի շատ աղջիկներ սկսեն հետաքրքրվել ինժեներատեխնիկական մասնագիտություններով, մի քանի տարվա ընթացքում նրանց թիվը համապատասխան ընկերություններում նկատելիորեն կավելանա։

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդը, անկախ սեռից, կարող է ընտրել իրեն հոգեհարազատ մասնագիտություն։ Եթե ​​կինն ուզում է դառնալ հանքարդյունաբերության մասնագետ, ապա գլխավոր ինժեներ, տնօրեն, նա պետք է հնարավորություն ունենա նման ընտրություն կատարելու և գնալու այս ճանապարհով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է խտրականությանը, ապա Ստեփանյանը չի բացառում, որ որոշ ոլորտներում դա կարող է լինել. որոշ գործատուների կարող է անհանգստացենել փաստը, որ երիտասարդ կինը կարող է հղիանալ և գնալ ֆիզարձակուրդ։ Սակայն Ստեփանյանը վստահ է, որ եթե ընկերության աշխատանքը ճիշտ կազմակերպվի, ապա ֆիզարձակուրդը աշխատողների համար խնդիր չպետք է դառնա․ արձակուրդից հետո նրանք կվերադառնան աշխատանքի և արագ կփոխհատուցեն կորցրած ժամանակը։

«Աշխատակիցներին ընտրելիս պետք է հիմնվել նրանց մասնագիտական ​​որակների վրա, այլ ոչ թե նրա, որ ինչ-որ մեկը կարող է գնալ ֆիզարձակուրդի: Եթե ​​ճիշտ գործիքներ կիրառվեն, ոչ մի խնդիր չի առաջանա»,- վստահեցրեց նա:  

Դրական խտրականությո՞ւն

Որոշ երկրներում գենդերային հավասարակշռության և ավելի մեծ ներառականության հասնելու համար կիրառվում է այսպես կոչված դրական խտրականություն, որը ներառում է արտոնյալ իրավունքների կամ արտոնությունների տրամադրում բնակչության որոշակի խմբերի, այս դեպքում՝ կանանց:

Արմեն Ստեփանյանը վստահ չէ, որ նման մոտեցումը կօգնի ավելի շատ կանանց ներգրավել հանքարդյունաբերության ոլորտում։ Նրա խոսքով՝ եթե վաղը Հայաստանում օրենք ընդունվի, ըստ որի՝ կանայք պետք է կազմեն աշխատակիցների կամ ընկերության ղեկավար կազմի որոշակի տոկոսը, մեծամասնությունը, բնականաբար, կփորձի փոփոխություններ կատարել, որպեսզի համապատասխանի օրենքի պահանջներին։ Սակայն խնդիրն այն է, որ, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի այլ երկրներից կանանց հրավիրել պահանջվող պաշտոնները զբաղեցնելու համար, քանի որ այստեղ անհրաժեշտ որակավորում ունեցող դիմորդները պարզապես այնքան էլ շատ չեն։ Մյուս կողմից՝ նույնիսկ դա կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ․ հրավիրված մասնագետները կարող են յուրահատուկ օրինակ դառնալ տեղացի աղջիկների համար և ցույց տալ ոլորտի գրավչությունը նրանց համար։

«Սակայն եթե ցանկանում ենք իրական փոփոխություններ, պետք է սկսել խնդրի արմատից՝ մասնագիտության ընտրությունից, որպեսզի աղջիկներն սկսեն մտածել, որ այդ մասնագիտությունները կարող են իրենց հետաքրքրել: Այդ ժամանակ փոփոխություններ անպայման կլինեն։ Այլ խոչընդոտներ չեմ տեսնում»,- նշեց Ստեփանյանը։

Ինչո՞ւ է հանքարդյունաբերությունն զգում կանանց կարիքը

Այսօր գրեթե բոլոր ոլորտներում աշխատաշուկան բախվում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ որակյալ կադրերի պակասի: Սակայն եթե արդյունաբերությունում կանայք ավելի շատ լինեն, դա կբարձրացնի կադրերի ռեզերվը, և արդյունաբերությունը կստանա ավելի շատ լավ մասնագետներ:

«Անշուշտ, կան տաղանդավոր կանայք, որոնք կարող են մեծ օգուտ բերել ոլորտին: Բայց եթե այս ճանապարհը չընտրեն կամ խնդիրներ ունենան, օրինակ՝ նույն խտրականության հետ կապված, ապա դա ոլորտի համար կորցրած հնարավորություն կլինի, քանի որ պոտենցիալ լավ մասնագետը ճիշտ տեղում չի հայտնվի։ Կարծում եմ՝ պետք է հավասար հնարավորություններ տալ կանանց և տղամարդկանց, և նրանցից լավագույնները կկարողանան կարիերային աստիճաններով բարձրանալ, ավելի ու ավելի բարձր դիրքեր զբաղեցնել, իսկ արդյունաբերությունը միայն կշահի դրանից»,- ասաց նա։


 
 
 
 
  • Արխիվ