Հայաստանում ստեղծվում է քրաուդինվեստինգի տեղական հարթակ. հարցազրույց Երվանդ Սարգսյանի հետ

25 հուլիսի, 2024  20:19

Շուտով Հայաստանում կհայտնվի քրաուդինվեստինգ հարթակ, որն ինչպես երկրի բնակիչներին, այնպես էլ արտասահմանցիներին հնարավորություն կտա փոքր գումարներ ներդնել տեղական ստարտափներում՝ նպաստելով դրանց զարգացմանը։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց հայկական առաջին վենչուրային հիմնադրամի՝ Granatus Ventures-ի համահիմնադիր և գործընկեր Երվանդ Սարգսյանը, որը նաև նոր հարթակի խորհրդի անդամ է։

Քրաուդինվեստինգ․ ներդնել փոքր գումարներ

Քրաուդինվեստինգը (equity crowdfunding), որը նաև կոչվում է բաժնեմասային քրաուդֆանդինգ, բաժնեմասային ֆինանսավորման տեսակ է, որը ներառում է համացանցում ներդրողներից կապիտալի ներգրավում մասնավոր բիզնեսը ֆինանսավորելու համար: Իրենց ներդրած դրամական միջոցների դիմաց ներդրողները ստարտափում մասնաբաժին են ստանում։ Իսկ ապագայում, եթե ստարտափը հաջողի, այդ ներդրողները շահույթ կստանան իրենց պատկանող բաժնետոմսերից։

Ֆինանսավորման այս մեխանիզմը, ինչպես պարզաբանեց Երվանդ Սարգսյանը, ընդհանուր առմամբ նման է վենչուրային կամ հրեշտակ ներդրումներին։ Բայց եթե վերջինիս դեպքում ընդունված է ներդնել 5000-10000 դոլարից և ավելի, ապա քրաուդինվեստինգի դեպքում դա կարող է լինել չնչին գումար՝ մեկ անձի համար 50-100 դոլար։ Իհարկե, յուրաքանչյուր 50-100 դոլարը էական չի լինի ստարտափի համար, բայց եթե լինեն բավականաչափ մարդիկ, որոնք պատրաստ են փոքր գումարներ ներդնել, վերջնական արդյունքում կստացվի կլորիկ գումար, որն իսկապես կարող է օգնել նախագծի զարգացմանն ու ընդլայնմանը:

Իսկ ներդրումներով հետաքրքրված մարդկանց համար քրաուդինվեստինգը դա սովորելու հիանալի հնարավորություն է. փոքր գումարներ ներդնելով՝ նրանք կսկսեն հասկանալ, թե ինչպես է ամեն ինչ աշխատում:

Քրաուդինվեստինգը Հայաստանում

Նոր քրաուդինվեստինգ հարթակի հիմնական առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն բոլոր հայտնի միջազգային հարթակների, այն աշխատելու է բացառապես հայկական ստարտափների հետ։ Շատ պոտենցիալ ներդրողների համար սա մեծ մոտիվացիա է՝ իրենց գումարները ներդնել հատկապես տեղական ստարտափի զարգացման մեջ։ Սակայն հայկական ստարտափներում ներդրումներ անել կարող են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաև օտարերկրացիները։ Հարթակը կգրանցվի նաև Հայաստանում և երկրում կիրականացնի արտոնագրված գործունեություն։

Իսկ պատրա՞ստ են հայերը մասնակցել քրաուդինվեստինգին:

Պատասխանելով այս հարցին՝ Երվանդ Սարգսյանը նշեց, որ այս հնարավորությունն առաջին հերթին կհետաքրքրի ՏՏ ոլորտում աշխատող և ներդրման մասին արդեն որոշակի գիտելիքներ ունեցող մարդկանց, նույնիսկ եթե նրանք չունեն փորձ այս ոլորտում։ Այս հնարավորությունը, հավանաբար, կհետաքրքրի նաև բանկի աշխատակիցներին, որոնք ևս ցանկանում են ներդրումներ կատարել, բայց չունեն բավարար միջոցներ հրեշտակ կամ վենչուրային ներդրողներ դառնալու համար:

Ժամանակի ընթացքում, սակայն, երկրում մշակույթը կսկսի փոխվել, և Սարգսյանը վստահ է, որ ապագայում Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ կհետաքրքրվեն ներդրումներով, ինչից կշահեն և՛ իրենք, և՛ ստարտափները, որոնցում իրենք ներդրումներ են կատարում։

Հայկական քրաուդինվեստինգ հարթակը, ինչպես նշեց Երվանդ Սարգսյանը, արդեն արտոնագիր է ստացել ՀՀ Կենտրոնական բանկից, և ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այն կսկսի աշխատել և կհայտնվեն առաջին նախագծերը, որոնցում կարելի է ներդրումներ անել։

Ստարտափների ֆինանսավորման ավանդական և այլընտրանքային մեթոդները հուլիսի 21-ից 27-ը Սևանա լճի ափին գտնվող վրանային քաղաքում անցկացվող Sevan Startup Summit 2024-ի կենտրոնական թեմաներից է։ Երվանդ Սարգսյանն իր գործընկերների հետ միջոցառման շրջանակում աշխատում է խթանող ծրագրի վրա, ինչպես նաև մասնակցում է ստարտափների ֆինանսավորմանը նվիրված պանելային քննարկումներին։

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2024-ը տարվա կարևորագույն ՏՏ իրադարձություններից է։ Ամեն տարի այս ոչ պաշտոնական բիզնես ֆորումը ներգրավում է հարյուրավոր և հազարավոր ստարտափների Հայաստանից և մի շարք այլ երկրներից՝ հնարավորություն տալով նրանց ներկայացնել իրենց գաղափարները պոտենցիալ ներդրողներին և մենթորներին, լսել ականավոր հյուրերի ելույթները, մասնակցել պանելային քննարկումների, սեմինարների, զրույցների, ժամանցային միջոցառումների և այլն։

NEWS.am Tech-ը միջոցառման մեդիա գործընկերն է։


 
 
 
 
  • Արխիվ