James Webb-ը չափազանց կարմիր սև խոռոչ է գտել, որն Արեգակից մեծ է 40 մլն անգամ

28 փետրվարի, 2024  22:33

James Webb տիեզերական աստղադիտակի միջոցով (JWST) աստղագետները հայտնաբերել են չափազանց կարմիր գերզանգվածային սև խոռոչ, որը 40 մլն անգամ մեծ է Արեգակից և արագ տեմպերով աճում է: Աստղագետների ուսումնասիրությունը հրապարակվել է Nature գիտական ամսագրում։

Սև խոռոչի կարմիր երանգը, որը երևում է այնպիսին, ինչպիսին է Մեծ պայթյունից մոտ 700 միլիոն տարի անց, ստացվում է տիեզերքի ընդլայնման արդյունքում: Բոլոր ուղղություններով տիեզերքի ընդլայնմանը զուգահեռ դեպի մեզ ընթացող լույսը կարմիր երանգ է ստանում, և այս դեպքում կարմիր և բեկված լույսը վկայում է խիտ գազի և փոշու շերտի առկայության մասին, որով պատված է սև խոռոչը:

Ուսումնասիրելով JWST-ի տվյալները՝ գիտնականների թիմը՝ Նեգևի Բեն-Գուրիոնի անվան համալսարանի գիտնականներ Լուկաս Ֆուրտակի և Ադի Զիտրինի գլխավորությամբ, կարողացել է նաև որոշել այս սև խոռոչի զանգվածը․ այն Արեգակի զանգվածից մոտ 40 միլիոն անգամ մեծ է և  անսպասելիորեն մեծ է գալակտիկայի համեմատ, ուր այն գտնվում է։

Թիմը նաև պարզել է, որ գերզանգվածային սև խոռոչը, որը գտնվում է Երկրից մոտ 12,9 միլիարդ լուսատարի հեռավորության վրա, արագորեն սնվում է իր շուրջը գտնվող գազով և փոշով, այսինքն՝ այն մեծանում է։

Երեք կարմիր կետ

«Մենք շատ ոգևորված էինք, երբ JWST-ն սկսեց ուղարկել իր առաջին տվյալները: Մենք սկանավորում էինք UNCOVER ծրագրի համար ստացված տվյալները, և երեք շատ կոմպակտ, բայց կարմիր փայլով օբյեկտներ աչքի ընկան և գրավեցին մեր ուշադրությունը։ Դրանց «կարմիր կետով» տեսքը մեզ անմիջապես ստիպեց կասկածել, որ դա քվազարի նմանվող առարկա է»,- ասել է Լուկաս Ֆուրտակին։

Քվազարներն առաջանում են, երբ նյութի առատ քանակը շրջապատում է նման գերզանգվածային սև խոռոչները։ Այս նյութը կազմում է գազի և փոշու սկավառակ, որը կոչվում է ակրեցիոն սկավառակ և աստիճանաբար սնուցում է սև խոռոչը: Սև խոռոչի հսկայական գրավիտացիոն ազդեցությունը խառնում է այս նյութը՝ առաջացնելով ինտենսիվ ջերմաստիճան, ինչի արդյունքում այն սկսում է փայլել։

red black hole.JPG (73 KB)

Բացի դրանից՝ նյութը, որը չի ընկնում գերզանգվածային սև խոռոչի մեջ, ուղղվում է դեպի տիեզերական հսկայի բևեռներ: Այս շրջաններում մասնիկներն արագանում են՝ մոտենալով լույսի արագությանը՝ որպես խիստ համադրված շիթեր: Քանի որ այս հարաբերական շիթերը պայթում են, ժայթքումներն ուղեկցվում են վառ էլեկտրամագնիսական արտանետումներով:

Այս երևույթների արդյունքում ակտիվ գալակտիկական միջուկների գերզանգվածային սև խոռոչներից սնվող քվազարները հաճախ այնքան պայծառ են, որ նրանց արձակած լույսը հաճախ գերազանցում է նրանց շրջապատող գալակտիկայի յուրաքանչյուր աստղի համակցված լույսին: Կոնկրետ այս գերզանգվածային սև խոռոչի շուրջը արտանետվող ճառագայթման հսկայական քանակի պատճառով այն փոքր կետի տեսք է ստացել JWST տվյալներում:

«Օբյեկտի գույների վերլուծությունը ցույց տվեց, որ այն տիպիկ աստղաստեղծ գալակտիկա չէ: Սա էլ ավելի հաստատեց գերզանգվածային սև խոռոչի վարկածը,- ասել է UNCOVER ծրագրի համահեղինակ, Պիտսբուրգի համալսարանի գիտաշխատող Ռեյչել Բեզանսոնը,- Իր կոմպակտ չափերի հետ մեկտեղ ակնհայտ դարձավ, որ սա, ամենայն հավանականությամբ, գերզանգվածային սև խոռոչ է, թեև այն դեռ տարբերվում է այդ վաղ ժամանակներում հայտնաբերված այլ քվազարներից»:


 
 
 
 
  • Արխիվ