Ի՞նչ AirPods-ներ կթողարկի Apple-ը 2024 և 2025 թվականներին

20 փետրվարի, 2024  20:13

Apple-ը նախատեսում է այս տարի թողարկել AirPods ականջակալի մի քանի նոր մոդելներ։ Եվ առնվազն ևս մեկ նոր մոդել կթողարկվի 2025-ին։ Այս տեղեկությունը հաղորդել է Մարկ Գուրմանը Bloomberg-ից։

Նա ավելի վաղ ասել էր, որ «2024-ի վերջին» Apple-ը նախատեսում է թողարկել չորրորդ սերնդի երկու AirPods մոդել, ինչպես նաև թարմացնել AirPods Max-ը։ Այժմ նա հաստատում է, որ ծրագիրը «դեռ ընթացքում է»։

Ըստ Գուրմանի՝ չորրորդ սերնդի բազային AirPods-ը կունենա նոր դիզայն, ինչի շնորհիվ այն ավելի լավ կտեղավորվի ականջում։ Այն նաև կունենա աուդիոյի բարելավված որակ և նորացված լիցքավորման պատյան՝ USB-C պորտով: Բացի դրանից՝ մինչև տարեվերջ կարող են ի հայտ գալ չորրորդ սերնդի ավելի թանկ AirPods-ներ՝ աղմուկի ակտիվ չեղարկման հնարավորությամբ և լիցքավորման տուփում առկա բարձրախոսով, որը կարող է աուդիո նվագարկել սարքի գտնվելու վայրը տեղորոշելու համար:

Սակայն Apple-ը, հավանաբար, կդադարեցնի երկրորդ և երրորդ սերնդի AirPods արտադրությունը չորրորդ սերնդի երկու նոր մոդելների թողարկումից հետո:

Ինսայդերի տվյալներով՝ թարմացված AirPods Max-ը Lightning-ի փոխարեն կստանա USB-C պորտ՝ լիցքավորման և լարային աուդիո նվագարկման համար, բայց, հավանաբար, դրանցում այլ լուրջ փոփոխություններ չեն լինի։ Բացի դրանից՝ ականջակալը կարող է հասանելի լինել նաև նոր գույներով:

Գուրմանն ակնկալում է, որ Apple-ը նոր AirPods Pro-ն կթողարկի 2025-ին՝ դիզայնի փոփոխություններով և ձայնի որակը բարելավելող «թարմացված չիպով»:

Խոսվում է, որ Apple-ն իր ականջակալին լսողական ապարատի ռեժիմ է ավելացնում՝ որպես ծրագրային ապահովման թարմացման մաս՝ AirPods-ը դարձնելով առանց դեղատոմսի այլընտրանք ավանդական բժշկական սարքերին: Apple-ը նախատեսում է նաև թեստեր ներդնել լսողության որակը ստուգելու համար։


 
 
 
 
  • Արխիվ