Սմարթֆոնների մեծ մասի մակերեսին մանրէներ կան․ ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում և ինչպե՞ս խուսափել դրանից

30 հունվարի, 2024  14:14

Բջջային հեռախոսների ճնշող մեծամասնության (94%) մակերեսին չափազանց շատ բակտերիաներ կան, այս մասին տեղեկացրել է ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) գրասենյակը։

Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ տարբեր տեսակի ստաֆիլոկոկներ ամենից հաճախ հանդիպում են բջջային հեռախոսների, ինչպես նաև համակարգչային ստեղնաշարերի մակերեսին։ Մասնավորապես, դրանց թվում կա պոտենցիալ վտանգավոր Staphylococcus aureus բակտերիան, որը դժվար է բուժել հակաբիոտիկներով։

Գերատեսչությունը հայտնել է, որ շատերը չեն հետևում տարբեր սարքերի օգտագործման հիգիենային։ Միևնույն ժամանակ, մարդիկ սիրում են իրենց հեռախոսները տանել սանհանգույց, ինչը մեծացնում է բակտերիայով վարակվելու հավանականությունը։ Վարակման հիմնական ուղիներն են դեմքը, քիթը և բերանը, որոնց մարդիկ ձեռքերով դիպչում են կեղտոտ սարքերն օգտագործելուց հետո։

«Նույնիսկ ձեռքերը լավ լվանալու դեպքում, մարդն իրեն չի երաշխավորում պաշտպանություն վարակներից՝ հաշվի առնելով, որ ժամանակակից մարդկանց մեծամասնությունը մշտապես շփվում է սարքերի հետ»,- ասվում է Ռոսպոտրեբնադզորի հայտարարությունում:

Գերատեսչությունը խորհուրդ է տալիս կանխարգելման նպատակով սմարթֆոնները պարբերաբար մաքրել ալկոհոլային հիմքով հակասեպտիկներով։ Եթե սարքերն ունեն պատյաններ, ապա դրանք նույնպես հարկավոր է մաքրել։


 
 
 
 
  • Արխիվ