Փայլատ պատյան և 44-ժամյա մարտկոց. ինչպիսի՞ն կլինի OnePlus-ի նոր առաջատար ականջակալը

27 դեկտեմբերի, 2023  22:30

Էլեկտրոնիկայի չինական OnePlus ապրանքանիշը 2024 թվականի սկզբին կներկայացնի նոր առաջատար անլար ականջակալը, որը կկոչվի OnePlus Buds 3: Ականջակալը կստանա գեղեցիկ փայլատ պատյան և մարտկոց, որը 44-ժամյա աշխատանք կապահովի:

Ինչպես հայտնում է GizmoChina-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական նյութերը, ընկերությունը հրաժարվել է նախորդ Buds Pro և Buds Pro 2 մոդելներում ներկայացված երկերանգ դիզայնից: Ականջակալը կրելու և լիցքավորելու պատյանը պահպանել է իր քառակուսի ձևը, սակայն դրա կափարիչը այժմ ամբողջովին փայլատ է:

OnePlus Buds 3-ը հասանելի կլինի երկու գույնով՝ Space Grey և Clear Sea Blue: Ականջակալի գովազդային պաստառը պնդում է, որ նոր արտադրանքը «հանրաճանաչ է դարձնում առաջատար ձայնի որակը և կդառնա թիվ մեկ ընտրությունը OnePlus-ի օգտատերերի համար»:

Ականջակալի առանձնահատկություններից է աղմուկի նվազեցման ակտիվ համակարգի առկայությունը։ Ըստ լուրերի՝ OnePlus Buds 3 ականջակալը հագեցած կլինի 10,4 մմ վուֆերով և 6 մմ բարձր հաճախականության դռայվերով: Ակնկալվում է, որ այն կունենա Google Fast Pair-ի աջակցություն և միաժամանակ երկու սարքերի հետ համաժամացման հնարավորությունին: OnePlus Buds 3-ը նաև կստանա պաշտպանություն խոնավությունից և փոշուց՝ IP55 ստանդարտի համաձայն: Ակնկալվում է, որ պատյանով մոդելի մարտկոցի կյանքը կկազմի 44 ժամ։

Նոր արտադրանքի անոնսը նախատեսված է 2024-ի հունվարի 4-ին, և նույն օրը կհրապարակվի OnePlus Buds 3-ի գնի մասին տեղեկությունը։


 
 
 
 
  • Արխիվ