Ականջակալով հաճախ քնելու հետևանքով երիտասարդ կինը մասամբ կորցրել է լսողությունը

12 մարտի, 2024  12:09

Երիտասարդ չինուհին երկու տարի անընդմեջ երաժշտության տակ ականջակալով քնելուց հետո մասամբ կորցրել է լսողությունը և այժմ ստիպված է լսողական սարք օգտագործել։ Այս մասին հայտնում է Oddity Central-ը։

Քաղաքացու տարիքն ու անունը չի նշվում, սակայն Oddity Central-ը նշում է, որ նա «երիտասարդ կին» է և ապրում է Շանդունում: Կինը դիմել է բժշկի օգնությանը այն բանից հետո, երբ մի օր հասկացել է, որ դժվարությամբ է հասկանում իր ղեկավարի խոսքը:

Հետազոտությամբ հայտնաբերվել է, որը ձախ ականջում ​​նյարդաբանական անշտկելի վնասվածք կա: Սկզբում բժիշկը ենթադրել էր, որ կինն ականջի վնասվածք է ստացել կամ երկար ժամանակ եղել է բարձր ձայնի աղբյուրի մոտ։ Սակայն ավելի ուշ պարզվել է, որ լսողության օրգանը վնասվել է այն պատճառով, որ չինուհին դեռ քոլեջի ուսանող եղած ժամանակ սովորություն է ունեցել քնել՝ ականջակալներով երաժշտություն լսելով։

«Երբ ես սովորում էի քոլեջում, ինձ դուր էր գալիս երաժշտության տակ քնել: Ժամանակի ընթացքում սա սովորություն դարձավ։ Վերջին երկու տարիներին ամեն գիշեր ականջակալով եմ քնում»,- բժշկին պատմել է հիվանդը։

Թեև գիշերվա ընթացքում կնոջ լսած երաժշտությունը բարձր չի եղել, սակայն ինտենսիվ ծանրաբեռնվածության պատճառով դա վնասել է նրա ականջը։ Բարեբախտաբար, գրում է Oddity Central-ը, վնասը համեմատաբար թեթև է՝ լսողության մասնակի կորուստը կարելի է փոխհատուցել լսողական սարքով։


 
 
 
 
  • Արխիվ