Apple-ն արդեն սկսել է նոր սերնդի AirPods-ի արտադրությունը․ ե՞րբ կսկսվի դրանց վաճառքը

18 մարտի, 2024  14:13

Apple-ի ասիական կապալառուներն արդեն սկսել են հաջորդ սերնդի AirPods անլար ականջակալի արտադրությունը, որը շուկա պետք է հայտնվի այս տարվա սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Ըստ Bloomberg-ի՝ նախնական խմբաքանակը կլինի ամենամեծը ականջակալի այս շարքի պատմության մեջ․ Apple-ը պատրաստվում է թողարկել 25-ից մինչև 30 միլիոն ականջակալ։

Նոր AirPods-ները, որոնք կփոխարինեն իրենց երկրորդ և երրորդ սերնդի նախորդներին, կառաջարկվեն երկու տարբերակով՝ B768(E) բազային գնային միջակայքի համար և B768(M) միջին գնային միջակայքի համար: Վերջինս կունենա աղմուկի ակտիվ նվազեցման աջակցություն, ինչպես նաև կհամալրվի կորպուսի վրա գտնվող կոմպակտ բարձրախոսներով Find My ֆունկցիայի համար, ինչը հեշտացնում է ձայնի միջոցով ականջակալի պատյանի որոնումը։

Ի լրումն ավելի էրգոնոմիկ դիզայնի, նոր սերնդի AirPods-ը կունենա USB-C լիցքավորման միացք պատյանի վրա, ինչը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով իրավական նոր պահանջները որոշ տարածաշրջաններում, որտեղ առկա են Apple-ի արտադրանքները:

Ըստ Bloomberg-ի՝ ավելի առաջադեմ AirPods Pro ականջակալը կթարմացվի միայն հաջորդ տարի։ Ավելի հեռավոր ապագայում Apple-ի անլար ականջակալները կարող են ստանալ փոքրիկ տեսախցիկներ՝ շրջակա միջավայրը վերլուծելու համար, որպեսզի ավելի ճկուն կերպով հարմարեցնեն աշխատանքային ռեժիմը:

Հաղորդվում է, որ այս աշնանը թողարկվելիք iOS 18-ի շնորհիվ AirPods-ը լսողական սարքերի գործառույթ կստանա և հնարավորություն կտա ստուգել լսողությունը։ Ամենայն հավանականությամբ, Apple Watch-ը կստանա արյան ճնշումը չափելու գործառույթ, սակայն այն հասանելի կլինի միայն ապագա սերունդների սարքերի համար։


 
 
 
 
  • Արխիվ