LG-ն ներկայացրել է ռեկորդային պայծառությամբ OLED հեռուստացույցներ. ինչպե՞ս են կարողացել նման արդյունքի հասնել

12 հունվարի, 2024  12:19

LG Display ընկերությունը CES 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին ցուցադրել է մի շարք հետաքրքիր մոնիտորներ՝ տարբեր չափերի թափանցիկ OLED-ներ, 480 Հց հաճախականությամբ խաղային մոնիտորներ և առաջադեմ OLED հեռուստացույցների էկրաններ META 2.0 տեխնոլոգիայով: Վերջին պրոդուկտում ընկերությանը կարծես թե իսկապես հաջողվել է էականորեն բարելավել OLED տեխնոլոգիան և մեծացնել էկրանի առավելագույն պայծառությունը գրեթե մեկուկես անգամ։

META 2.0 տեխնոլոգիան առաջարկում է առաջադեմ միկրոոսպնյակներ, որոնք կոչվում են Micro Lens Array Plus (MLA+): Սրանք միկրոմետր չափերի ոսպնյակներ են՝ ճպուռի աչքի դիզայնով, որոնք ընդլայնում են OLED էկրանների դիտման անկյունը մինչև 160 աստիճան: LG-ն վստահեցնում է, որ 77 դյույմանոց 4K OLED էկրանն ունի 42,2 միլիարդ ոսպնյակ: Նոր ալգորիթմների հետ համակցությամբ այս ոսպնյակներն OLED էկրանները դարձնում են 42%-ով ավելի պայծառ, քան նախորդ սերնդի էկրանները: LG Display-ը պնդում է, որ META 2.0 տեխնոլոգիայով OLED էկրանների առավելագույն պայծառությունը կարող է հասնել 3000 քդ/մ2-ի:

Պայծառության օպտիմիզացման MLA+ նոր ալգորիթմի հետ համադրումը բարելավում է ինչպես առավելագույն, այնպես էլ գունային պայծառությունը: Այսպիսով, նոր սերնդի OLED էկրանները կարող են հասնել մինչև 1500 քդ/մ2 գունային պայծառության, ինչը 114%-ով ավելի պայծառ է սովորական OLED-ների համեմատ:

Դետալիզացիայի բարելավման նոր ալգորիթմը նաև ավելի ճշգրիտ և հստակ է ներկայացնում պատկերի շատ վառ և շատ մութ հատվածները: Բացի այդ, նոր տեխնոլոգիան, ըստ արտադրողի, ապահովում է էներգիայի խնայողություն։

Մինչ այժմ ընկերությունը ցուցադրել է 83 դյույմանոց 4K META 2.0 OLED էկրանը, իսկ ապագայում կլինեն նաև 55, 65 և 77 դյույմանոց տարբերակներ, ինչպես նաև 8K OLED էկրաններ մինչև 88 դյույմ անկյունագծով։ Ակնկալվում է, որ նման էկրանները կհայտնվեն հեռուստացույցներում, մոնիտորներում և այլ սարքերում և կարող են լրջորեն մրցակցել նորագույն և ամենավառ MicroLED էկրանների հետ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ