Թվային զարգացում և նոր տեխնոլոգիաներ. RECONOMY ծրագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանում փոքր և միջին բիզնեսի համար

15 դեկտեմբերի, 2023  12:18

Նոր տեխնոլոգիաների ներդրում, գյուղատնտեսության, զբոսաշրջության և թեթև արդյունաբերության ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունների թվային զարգացում. սրանք են այն նպատակները, որ հետապնդում է «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY ծրագիրը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ կողմից Ծրագրի ղեկավար Ալլա Հովհաննիսյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ թվային նոր լուծումների ներդրումը և վերը նշված երեք ոլորտներում գործող ձեռնարկությունների փոխակերպումը կարող է զգալիորեն բարձրացնել դրանց մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը և եկամուտների ավելացմանը կանանց և երիտասարդների համար, որոնք Ծրագրի հիմնական թիրախն են:

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» նախագիծը, ինչպես նշեց Հովհաննիսյանը, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում ներառական և կանաչ տնտեսական զարգացման RECONOMY ծրագրի հիմնական փուլն է։ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ծրագիրն իրականացվում է համատեղ HELVETAS Swiss Intercooperation-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից:

Ինչպես նշեց Ալլա Հովհաննիսյանը, ծրագիրն աշխատելու է երեք հիմնական ուղղություններով.

  1. Աշխատանք ՏՏ ընկերությունների հետ, խրախուսել, որպեսզի ավելի շատ օգտակար թվային լուծումներ առաջարկեն փոքր և միջին բիզնեսի համար:

«Թե՛ Հայաստանում, թե՛ Մոլդովայում և թե՛ Վրաստանում ՏՏ ընկերությունները հիմնականում աշխատում են արտաքին շուկայի, արտահանման ուղղությամբ։ Եվ մեր նպատակն է այնպես անել, որ նրանք աշխատեն փոքր և միջին բիզնեսի համար, քանի որ թվային լուծումներն այս ոլորտում ակնհայտորեն բավարար չեն։ Մենք ցանկանում ենք արդյունավետ համագործակցության հասնել փոքր և միջին բիզնեսի և ՏՏ ոլորտի ընկերությունների միջև»,- նշեց Հովհաննիսյանը։

Փոքր և միջին ձեռնարկությունների շուկան, իհարկե, բավականին համեստ է, և ՏՏ ոլորտի համար այն ավելի գրավիչ դարձնելու համար մասնագետները հույս ունեն օգնել գտնելու լուծումներ, որոնք կարող են կիրառվել ոչ թե մեկ երկրում, այլ Արևելյան գործընկերության բոլոր երկրներում:

     2. Աշխատանք փոքր և միջին բիզնեսի հետ, ձեռնարկատերերին հասցնել տեղեկությունն այն մասին, թե ինչպիսի օգուտ կարող են նրանց բերել ժամանակակից տեխնոլոգիաները:

«Այս ծրագիրը ձեռնարկատերերին կօգնի տեսնել և հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան այսօր։ Խնդիրը ոչ միայն այն է, որ ձեռնարկատերերը չեն ցանկանում կամ չունեն ֆինանսական միջոցներ թվային նոր լուծումներ ներդնելու և դրանք օգտագործելու համար, այլ նաև այն, որ նրանք շատ հաճախ նույնիսկ չգիտեն, թե ինչ լուծումներ կան այսօր և ինչպես կարող են դրանք հեշտացնել իրենց աշխատանքը։ Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Մոլդովայում շատերը գիտեն միայն տարրական հաշվապահական լուծումների մասին, թեև ոչ բոլորն են օգտագործում դրանք, հատկապես մարզերում»,- նշեց Հովհաննիսյանը։

    3. Կապերի ստեղծում, փորձի փոխանակում, արդյունավետ համագործակցություն տարբեր և շահագրգիռ կողմերի միջև։

Ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն»-ը Երևանում կազմակերպել էր համաժողով, որը նվիրված էր ՏՏ ոլորտի և փոքր և միջին բիզնեսի միջև կապերի ձևավորմանը՝ հետագա համագործակցության խորացման նպատակով։ Համաժողովին մասնակցում էին գյուղատնտեսության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական ​​կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից։

«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY ծրագիրը, ինչպես նշեց Ալլա Հովհաննիսյանը, նախատեսված է չորս տարվա համար։ Այն սկսվել է 2023-ի ապրիլին, և առաջին արդյունքներն արդեն կան. Մոլդովայից ՏՏ մի ընկերություն հետաքրքրված է իր արտադրանքը ներկայացնել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին, և կան վրացական ընկերություններ, որոնք ցանկանում են մուտք գործել ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի շուկա։ Հովհաննիսյանը վստահ է, որ մինչև 2026-ի դեկտեմբեր հնարավոր կլինի հասնել զգալի արդյունքների և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ Արևելյան գործընկերության երկրների բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքը բոլորովին նոր մակարդակի բարձրացնել։


 
 
 
 
  • Արխիվ