YouTube Premium-ը ներկայացնում է Playables-ը. այժմ հնարավոր է խաղալ հենց YouTube-ում

27 նոյեմբերի, 2023  16:25

GoogleYouTube Premium բաժանորդների համար նոր փորձնական գործառույթ է գործարկել՝ Playables-ը, որը հնարավորություն է տալիս տեսախաղեր խաղալ անմիջապես YouTube հարթակում՝ շրջանցելով տեղադրման գործընթացը։

Playables բաժինը, որը հասանելի է ինչպես YouTube կայքում, այնպես էլ Android-ի և iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածում, առաջարկում է տարբեր ժանրերի խաղերի լայն տեսականի, այդ թվում՝ հանելուկներ, մրցարշավային և արկադային խաղեր: Նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած է «խաղերի վրա, որոնք հեշտ է կիսվել»։ Ներկայացված առաջին խաղերից մեկը Rovio Entertainment-ի հայտնի Angry Birds: Showdown-ն է։  

YouTube Playables-ի ցուցակը ներառում է 37 խաղ, այդ թվում՝ Scooter Extreme, State.io, Brain Out, Daily Crossword, Daily Solitaire, 8 Ball Billiards Classic, Crazy Caves, Color Pixel Art, Carrom Clash Color, Burst 3D, Stack Bounce, Cannon Balls 3D, Basketball FRVR և Cube Tower խաղերը:

Փորձարարական գործառույթը կգործի մինչև մարտի 28-ը, որից հետո սպասվում է, որ այն  կդառնա մշտական, քանի որ հասանելի խաղերի շրջանակն ընդլայնվում է: Թեստավորմանը մասնակցելու համար պետք է բաժանորդագրվել YouTube Premium-ին և անցնել YouTube-ի ընտրության փուլը։


 
 
 
 
  • Արխիվ