Տեսախաղեր ստեղծող MY.GAMES միջազգային ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում

25 մայիսի, 2023  14:32

Երևանում գրասենյակ է բացել տեսախաղերի մշակող և հրատարակող MY.GAMES միջազգային ընկերությունը։ Նոր գրասենյակը, ըստ ընկերության, կենտրոնանալու է արտադրանքի մշակման և խաղային գործառնությունների վրա:

2020-ից ի վեր MY.GAMES-ի աշխատակիցների ավելի քան 90%-ն աշխատում է հեռավար՝ աշխարհի տարբեր ծայրերից, և ընկերությունը շարունակում է բացել տարածաշրջանային կենտրոններ, որտեղ աշխատակիցները կարող են հանդիպել և աշխատել միասին:

Խաղերի մշակման տեղական համայնքի աճի և զարգացման մեջ ներդրումներ կատարելու իր ջանքերի շրջանակում MY.GAMES-ը ապրիլին Հայաստանում անցկացրել է տեսախաղեր մշակողների առաջին բաց հանդիպումը, որին մասնակցել է ավելի քան 150 մարդ:

«Հայաստանում մեր նոր գրասենյակի բացումը ռազմավարական քայլ է։ Այն նպատակ ունի աջակցել համաշխարհային աճին և ներգրավել տաղանդների: MY.GAMES թիմն աշխատում է հեռակա կարգով ամբողջ աշխարհում, ուստի մենք մշտապես փնտրում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների տարբեր տարածաշրջաններում: Մեր նպատակն է հարստացնել թիմային փորձը և ստեղծել արտադրանքներ, որոնք դուր կգան գեյմերներին ամբողջ աշխարհում»,- ասել է MY.GAMES-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Նիկոլսկին:

MY.GAMES-ն արդեն բացել է իր կենտրոնակայանը Ամստերդամում, ինչպես նաև տարածաշրջանային կենտրոններ Կիպրոսում, Վրաստանում, Թուրքիայում և ԱՄԷ-ում։

MY.GAMES-ը տեսախաղեր ստեղծող եվրոպական առաջատար ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում։ Ընկերությունն ունի ավելի քան 1 միլիարդ գրանցված օգտատերեր ողջ աշխարհում: Ընկերությունը տեսախաղեր է մշակում բջջային հեռախոսների, սեղանի համակարգիչների և կոնսոլների համար: Ընկերության թողարկած արտադրանքներից են War Robots, Hustle Castle, Rush Royale, Left to Survive խաղերը։ Այս պահին ընկերությունը միավորում է մեկ տասնյակից ավելի զարգացման ստուդիաներ և ամբողջ աշխարհում աշխատող մասնագետների ուժեղ թիմ։ Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են http://my.games կայքում:


 
 
 
 
  • Արխիվ