Apple-ը շահել է Epic Games-ի հետ գրեթե 3 տարի ձգվող դատական գործը․ ինչո՞ւ էին Apple-ին դատի տվել

25 ապրիլի, 2023  10:23

Apple-ը հաղթել է Epic Games-ի հետ գրեթե 3 տարի ընթացող դատական գործը. ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել 2021-ի որոշումը և չի համաձայնել Epic Games-ի պնդումների հետ, թե Apple-ը խախտել է դաշնային օրենքը՝ մրցակից առևտրային հարթակների թույլ չտալով իր iOS հարթակում:

2020-ի օգոստոսին Epic Games-ը հակամենաշնորհային հայց էր ներկայացրել Apple-ի դեմ այն բանից հետո, երբ փորձել էր Fortnite տեսախաղում ուղիղ վճարման նոր եղանակով շրջանցել Apple-ի 30% միջնորդավճարը, ինչի հետևանքով խաղը հեռացվել էր App Store-ից մշակողի օգտահաշվի հետ միասին: Epic Games-ը դիմել է դատարան՝ ոչ թե պահանջելով դրամական փոխհատուցում, այլ ցանկանալով ստիպել Apple-ին, որպեսզի փոխի App Store-ի քաղաքականությունը։ Epic Games-ը դեմ է 30% միջնորդավճարին, որը Apple-ը գանձում է հավելվածից արվող յուրաքանչյուր գնման համար։ Ընկերությունը դեմ է նաև նրան, որ Apple-ը մշակողներին թույլ չի տալիս վաճառքներ կատարել՝ App Store-ը շրջանցելու միջոցով։

2021-ի սեպտեմբերին շրջանային դատավոր Իվոն Գոնսալես Ռոջերսը հիմնականում արդարացրել էր Apple-ին՝ համարելով, որ ընկերության քաղաքականությունը մենաշնորհային չէ։ Epic Games-ը փորձել էր վիճարկել այս որոշումը՝ դիմելով Վերաքննիչ դատարան։

Ինչպես տեղեկացնում է Bloomberg.com-ը, հօգուտ Apple-ի Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը նպաստել է նաև այն, որ Epic Games-ի հետ վարույթն սկսվելուց հետո Apple-ը մի շարք փոփոխություններ է կատարել App Store-ում՝ խաղերի և հավելվածների մշակողների խնդիրները լուծելու համար։

«Այսօրվա որոշումը հաստատում է Apple-ի մեծ հաղթանակն այս գործում, քանի որ տասը հայցից ինի դեպքում վճիռը կայացվել է հօգուտ Apple-ի: Երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ դաշնային դատարանը վճիռ է կայացնում, որ Apple-ի գործունեությունը համապատասխանում է նահանգային և դաշնային հակամենաշնորհային օրենքներին: App Store-ը շարունակում է աջակցել մրցակցությանը, խթանել նորարարությունը և հզորացնել հնարավորությունները, և մենք հպարտ ենք App Store-ի նշանակալի ներդրմամբ ինչպես օգտատերերի, այնպես էլ մշակողների համար ամբողջ աշխարհում»,- ասվում է դատարանի որոշման առթիվ Apple-ի տարածած հայտարարությունում:  

Ընկերության հայտարարությունում նաև նշվում է, որ համաձայն չեն դատարանի՝ Epic Games-ի օգտին կայացրած միակ որոշման հետ, որը պարտավորեցնում է Apple-ին թույլ տալ, որպեսզի խաղեր և հավելվածներ մշակողներն իրենց արտադրանքներում տեղադրեն երրորդ կողմի վճարային համակարգերի հղումներ: Apple-ը հույս ունի վիճարկել այս որոշումը, սակայն դեռ հայտնի չէ՝ կկարողանա՞ արդյոք դա անել, թե ոչ։

Epic Games-ի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել դատարանի որոշումը։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Epic Games-ը ստիպված կլինի փոխհատուցել Apple-ի դատական ​​բոլոր ծախսերը, ինչպես նաև App Store-ի ներքին գնումների համակարգը շրջանցելու հետևանքով հասցրած վնասները։


 
 
 
 
  • Արխիվ