WhatsApp-ը ստացել է նոր գործառույթ, որը կա նաև Discord-ում, Slack-ում և Telegram-ում

14 նոյեմբերի, 2023  10:19

WhatsApp հանրահայտ մեսենջերը նոր հնարավորություն է ստացել, խոսքը օգտատերերի մեծ խմբերի համար ձայնային չատի գործառույթի ներդրման մասին է։ Նման գործառույթ արդեն կա Discord-ում, Slack-ում և Telegram-ում։ Նոր գործառույթը խմբի անդամներին հնարավորություն է տալիս միանալ խմբային չատերին ձայնային կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով, որոնք կտեսնեն խմբի բոլոր անդամները:

Նաև հնարավոր է շփման ընթացքում անջատել հեռախոսը և անցնել տեքստային շփման՝ խմբային չատից համակարգն օգտատիրոջը դուրս չի հանի։

Այս գործառույթը կարող է օգնել խմբային զանգի մասնակիցներին չշեղվել շփումից, քանի որ ձայնային չատերն սկսվում են լուռ կերպով. շեղող ազդանշաններ չկան, պարզապես չատում հայտնվում է հաղորդագրությամբ «պղպջակ», որը սեղմելով նոր մասնակիցը կարող է միանալ զրույցին:

WhatsApp հավելվածի մշակողը Meta-ն խոստանում է շուտով սկսել ձայնային չատերի տարածումը մեծ խմբերում, որոնք ունեն 33 և ավելի մասնակից։

Նորարարության առանձնահատկությունն այն է, որ ձայնային չատերը կանխադրված կերպով պաշտպանված են ծայրից ծայր կոդավորմամբ, ինչն ապահովում է շփման անվտանգությունը։

Ըստ էության, WhatsApp-ում ձայնային չատերն այժմ աշխատում են նույն կերպ, ինչ Discord-ում, Telegram-ում և Slack-ում՝ մարդկանց խմբերին հնարավորություն տալով հաղորդակցվել խոսակցական չատի ռեժիմում։

Նշենք, որ սա վերջին ամիսներին WhatsApp-ում ավելացված բազմաթիվ նոր հնարավորություններից մեկն է: Meta-ն շարունակում է բարելավել մեսենջերը՝ օգտատերերին առաջարկելով ավելի շատ ֆունկցիոնալություն։

Այսպես, վերջերս հայտնվեց երկար սպասված թարմացում, որը թույլ է տալիս աշխատել մի քանի WhatsApp օգտահաշիվների հետ մեկ սարքից՝ առանց լրացուցիչ լուծումների կամ «կլոնավորման» հավելվածների:

WhatsApp-ը նաև նոր գործառույթ է փորձարկում՝ գաղտնաբառով խոսակցությունները պաշտպանելու համար: Անվտանգության մակարդակի բարձրացմանը կնպաստի նաև Protect IP address in calls («Պաշտպանեք IP հասցեն զանգերի ժամանակ») նոր գործառույթը, որի օգնությամբ հնարավոր է զրուցակցից թաքցնել օգտատիրոջ IP հասցեն։

Բացի դրանից, WhatsApp-ի ծրագրավորողները վերջերս ներկայացրել են նոր գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտագործել նոր սարքերից մեսենջեր մուտք գործելու նպատակով նույնականացումն անցնել էլփոստի միջոցով։


 
 
 
 
  • Արխիվ