Թարմացում՝ WhatsApp-ում. այսուհետ նույնականացման համար հնարավոր կլինի օգտագործել նաև էլփոստը

6 նոյեմբերի, 2023  14:15

WhatsApp մեսենջերի մշակողները ներկայացրել են նոր գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս նոր սարքերում նույնականացում անցնել էլփոստի միջոցով: Նորարարությունը փորձարկման փուլում է և հասանելի է բջջային հավելվածի բետա տարբերակների սահմանափակ թվով օգտատերերի համար։

Այս նորարարության շնորհիվ օգտատերերը կկարողանան կցել WhatsApp-ի օգտահաշիվները էլփոստի հասցեներին, ինչը հնարավորություն կտա նոր սարքերում ապահովել նույնականացումը՝ օգտագործելով նշված էլփոստին ուղարկված հղումը։ Օգտատերերին կուղարկվի հաստատման նամակ, որը պարունակում է հղում՝ նույնականացման գործընթացն ավարտելու համար:

Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է WhatsApp-ի կարգավորումներում բացել «Օգտահաշիվ» բաժինը (Account), ընտրել «Էլփոստ» (Email) և մուտքագրել էլփոստի հասցեն: Սա կօգնի բարելավել օգտահաշիվների անվտանգությունը: Այս գործառույթն օգտագործելուց հրաժարվելու դեպքում օգտատերերը միշտ կարող են օգտագործել նույնականացման առկա մեթոդները, ինչպիսիք են SMS-ը կամ հեռախոսազանգը:

Նոր գործառույթի մշակումը սկսվել է այս տարվա օգոստոսին։ Ներկայումս այն փորձարկման փուլում է։ Սպասվում է, որ ապագայում այն ​​հասանելի կլինի բոլոր օգտատերերին, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ WhatsApp-ը վերջին ամիսներին բազմաթիվ օգտակար թարմացումներ է ստացել։ Այսպիսով, մեսենջերի iOS տարբերակի օգտատերերն այսուհետ կարող են խմբային զանգեր կատարել, որոնց կարող է մասնակցել մինչև 31 մարդ։

Բացի դրանից, մեսենջերի ծրագրավորողների թիմն ամբողջությամբ վերափոխել է հավելվածում ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու մեխանիզմը։

Դե իսկ ամենասպասված թարմացումը, որն անելու համար շատ օգտատերեր էին խնդրանքով դիմել ընկերությանը, հնարավորություն է տալիս աշխատել WhatsApp-ի մի քանի օգտահաշիվներից մեկ սարքի վրա՝ առանց լրացուցիչ շրջանցող ուղիների կամ հավելվածների «կլոնավորման» կիրառման: 


 
 
 
 
  • Արխիվ