Ինչո՞ւ է խորհուրդ տրվում հավելվածներ ներբեռնել վստահելի հարթակներից

1 մայիսի, 2024  14:28

2023-ին Google-ը մերժել է Google Play առցանց խանութում 2,28 մլն հավելվածի հրապարակելու հայտերը, որոնք խախտում էին խանութի կանոնները և պոտենցիալ սպառնում օգտատերերի անվտանգությանը։ Ընկերությունը նաև կասեցրել է 333,000 Google Play օգտահաշիվներ, որոնք ներբեռնել են վնասակար ծրագրեր, խարդախ հավելվածներ կամ խախտում էին հավելվածների խանութի կանոնները:

Հետաքրքիր է, որ 2023-ին նկատելիորեն աճել են ինչպես պոտենցիալ վտանգավոր հավելվածների, այնպես էլ դրանք հրապարակելու փորձ անող օգտահաշիվների թիվը։ Համեմատության համար նշենք, որ 2022-ին դրանց թիվը կազմել է համապատասխանաբար 1,5 մլն և 173,000։

Անցյալ տարի ընկերությունը նաև մերժել է հրապարակել մոտ 200,000 հավելված կամ պահանջել է շտկումներ անել այն հավելվածներում, որոնք առանց հիմնավոր պատճառի օգտատերերից պահանջում էին իրենց հասանելիություն տրամադրել գաղտնի տվյալների, ինչպիսիք են SMS-ը կամ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տվյալները:

Ընկերությունը նաև ուժեղացրել է անվտանգության միջոցները Google Play-ում։ Մշակողների գրանցման և ինքնության հաստատման գործընթացները դարձել են ավելի խիստ, ներդրվել են անվտանգության անկախ ստուգումներ որոշ կատեգորիաների հավելվածների համար, ինչպես նաև իրական ժամանակում սկանավորում՝ վնասակար ծրագրերի գործարկումը կանխելու համար:

Այս զեկույցն ապացուցում է, որ Google-ը (և Apple-ը) հոգ են տանում իրենց հեղինակության և օգտատերերի անվտանգության մասին: Ահա թե ինչու շատ փորձագետներ խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն հավելվածների պաշտոնական խանութներից, ինչպիսիք են Google Play Store-ը կամ Apple App Store-ը. սա կօգնի նվազագույնի հասցնել անվտանգության ռիսկերը, պաշտպանել ձեր գաղտնիությունը և ապահովել, որ հավելվածներն ավելի անվտանգ և հուսալի աշխատեն ձեր սարքում:

Բացի դրանից՝ պաշտոնական խանութների հավելվածներն ավելի մեծ հավանականությամբ կանոնավոր թարմացումներ և աջակցություն կստանան մշակողներից, ինչը երաշխավորում է, որ ձեզ հասանելի կլինեն վերջին գործառույթները, վրիպակների շտկումները և անվտանգության թարմացումները:


 
 
 
 
  • Արխիվ