Ճապոնիան հաջողությամբ արձակել է H-2A հրթիռը՝ SLIM լուսնագնացով և XRISM աստղադիտակով

7 սեպտեմբերի, 2023  12:16

Ճապոնիան հաջողությամբ արձակել է H-2A հրթիռը, որը տիեզերք է դուրս բերել SLIM լուսնագնացը և XRISM ռենտգենյան աստղադիտակը։ Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Տանեգասիմա տիեզերական կենտրոնից այսօր՝ տեղի ժամանակով 08։42-ին (Երևանի ժամանակով 03։42)։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս արձակումը հետաձգվել է տասը օրով: Երկու սարքերն էլ ըստ ժամանակացույցի՝ մեկնարկից մոտ մեկ ժամ անց, հաջողությամբ անջատվել են հրթիռից: Եթե ​ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա SLIM-ը (Smart Lander for Investigating Moon) մի քանի ամսից կփորձի իրականացնել Ճապոնիայի պատմության մեջ առաջին փափուկ վայրէջքը Լուսնի վրա։

SLIM-ը երկար, բայց վառելիքի խնայողության տեսանկյունից արդյունավետ թռիչք կիրականացնի դեպի Լուսին և դրա ուղեծիր կհասնի երեք-չորս ամսում: Այնուհետև այն մոտ մեկ ամիս կպտտվի Լուսնի շուրջը, ապա կփորձի վայրէջք կատարել Շիոլի խառնարանում, որը գտնվում է Լուսնի հարավում և ունի մոտ 300 մետր տրամագիծ: Սարքը պետք է նպատակակետից 100 մետր հեռավորության վրա վայրէջք կատարի Շիոլի խառնարանում, ինչը շատ ավելի ճշգրիտ վայրէջք է, քան եղել է նախորդ լուսնագնացների դեպքում։

SLIM լուսնագնացը որակական առաջընթաց պետք է գրանցի վայրէջք կատարելու հնարավորությունների առումով, այսինքն՝ այն պետք է կարողանա վայրէջք կատարել այնտեղ, որտեղ Ճապոնիան ցանկանում է, և ոչ թե այնտեղ, որտեղ դա հեշտ է անել, ինչպես նախկինում: Եթե այս առաքելությունը հաջողվի, ապա այն թույլ կտա հետագայում վայրէջք կատարել այնպիսի մոլորակների վրա, որոնք ավելի սահմանափակ ռեսուրսներ ունեն, քան Լուսինը:

SLIM-ը հագեցած է նաև երկու փոքր զոնդերով, որոնք Լուսնի մակերեսին վայրէջքից հետո կբաժանվեն սարքից։ Այս երկու փոքր սարքերը կօգնեն առաքելության թիմին վերահսկել ավելի մեծ ռովերի վիճակը, լուսանկարել վայրէջքի վայրը և ապահովել կապը Երկրի հետ անմիջական շփման համար:

H-2A հրթիռի հիմնական բեռը JAXA-ի, NASA-ի և ESA-ի մասնակցությամբ համատեղ նախագիծն է՝ XRISM (X-Ray Imaging and Spectroscopy Mission) աստղադիտակը, որն ուղարկվում է Երկրի ցածր ուղեծիր: Ինչպես ցույց է տալիս դրա ամբողջական անվանումը, աստղադիտակը կուսումնասիրի տիեզերքը ռենտգենյան լույսի ներքո:

«Աստղադիտակը կօգնի հետազոտել ժամանակակից աստղաֆիզիկայի հիմնական հարցերը. Ինչպե՞ս են զարգանում տիեզերքի ամենամեծ կառույցները, ինչպե՞ս է ամբողջ տիեզերքում բաշխվում նյութը, որից մենք կազմված ենք, և ինչպե՞ս են գալակտիկաները գոյանում իրենց կենտրոններում գտնվող զանգվածային սև խոռոչների շուրջը»,- ասել է ESA-ում XRISM նախագծի գիտական ​​ղեկավար Մատեո Գուայնաչին։

XRISM-ը միակ ռենտգենյան աստղադիտակը չէ, որ կլինի մերձերկրյա ուղեծրում: Այժմ այնտեղ տեղակայված են 1999-ին արձակված Chandra և XMM-Newton ռենտգենյան աստղադիտակները, ինչպես նաև NASA-ի NuSTAR աստղադիտակը, որն արձակվել է 2012-ին։


 
 
 
 
  • Արխիվ