«Պատիժ», թե՞ նոր հնարավորություններ. YouTube-ը դատարկ գլխավոր էջ կցուցադրի այն օգտատերերին, ովքեր անջատել են իրենց դիտումների պատմությունը

10 օգոստոսի, 2023  18:44

YouTube-ի օգտատերերը, ովքեր կորոշեն անջատել իրենց դիտումների պատմությունը, շուտով կտեսնեն բոլորովին այլ գլխավոր էջ. այն գրեթե դատարկ կլինի, և դրանում այլևս առաջարկվող տեսանյութեր չեն լինի:

Ծառայության ադմինիստրացիայի տվյալներով՝ կայքի գլխավոր էջում կլինի միայն որոնման տող, ինչպես նաև հղումներ դեպի Shorts, «Բաժանորդագրություններ» և «Գրադարան» բաժինները։ Այս նախաձեռնությունը Google-ը բնութագրել է որպես «նոր փորձ»:

Պլատֆորմի ադմինիստրացիան հավելեց, որ այս նորամուծությունը կներդրվի աստիճանաբար՝ առաջիկա ամիսների ընթացքում։ Որոշ օգտատերեր արդեն նկատել են փոփոխությունները, մյուսները դրանք կտեսնեն օգոստոսի 9-ից հետո: Առաջարկվող տեսանյութերի սովորական հոսքի փոխարեն էջում կհայտնվի ծանուցում. «Ձեր զննարկման պատմությունն անջատված է: Դուք ցանկացած պահի կարող եք փոխել ձեր կարգավորումները՝ ձեզ առաջարկվող վերջին տեսանյութերը ստանալու համար»:

Դատարկ գլխավոր էջը կարո՞ղ է «պատիժ» համարվել դիտումների պատմությունն անջատելու համար: Թե՞ այն նոր հնարավորություններ կբացի օգտատերերի համար:

Google-ի ներկայացուցիչները նշել են, որ այս ինտերֆեյսի փոփոխությունները կօգնեն օգտատերերին ավելի լավ հասկանալ, թե YouTube-ի ինչ գործառույթներ են հիմնված իրենց դիտումների պատմության վրա: Նման նորամուծությունը օգտակար կլինի նաև նրանց համար, ովքեր նախընտրում են ինքնուրույն որոնել տեսանյութեր և չեն ցանկանում հիմնվել հարթակի ալգորիթմների առաջարկությունների վրա։


 
 
 
 
  • Արխիվ