Ռոբոտ-դարպասապահ և խլուրդ-խեցգետին. գիտնականները երկու հետաքրքիր ռոբոտ են ստեղծել

19 հոկտեմբերի, 2022  20:15

Ռոբոտների մշակմամբ գիտնականների շատ խմբեր են այսօր զբաղվում, իսկ ոմանց հաջողվում է հասնել շատ ու շատ տպավորիչ արդյունքների։ Վերջերս Կոռնելի համալսարանի մասնագետները ստեղծել են տարրական «ուղեղով» հագեցած միկրոսկոպիկ ռոբոտներ, որոնք այդ «ուղեղի» շնորհիվ կարող են ինքնուրույն շարժվել։

Այժմ գիտնականների մեկ այլ խումբ ստեղծել է դարպասապահ ռոբոտ, որը, ինչպես ֆուտբոլում դարպասապահը, կարող է նկատել բարձր արագությամբ թռչող գնդակը, առարկան և շարժվել անհրաժեշտ ուղղությամբ՝ դարպասը պաշտպանելու համար:

Մասնագետների մեկ այլ խումբ ստեղծել է ռոբոտ-ծովախեցգետին, որը կարող է փորել հատիկավոր զանգվածը, օրինակ՝ ավազը, և մտնել դրա տակ։

Ռոբոտ-դարպասապահն ավելի արդյունավետ է, քան պրոֆեսիոնալ դարպասապահները

ԱՄՆ-ի և Կանադայի գիտնականների կողմից պատրաստված Mini Cheetah անունով դարպասապահ ռոբոտն ապացուցել է, որ ավելի արդյունավետ է, քան ֆուտբոլում պրոֆեսիոնալ շատ դարպասապահներ: Անգլիայի Պրեմիեր լիգայի դարպասապահները հաջողությամբ ետ են մղում դարպասին ստացվող հարվածների մոտ 80%-ը, մինչդեռ Mini Cheetah-ը՝ 87,5%-ը:

robot-football

Ռոբոտի առաջադրանքը եղել է մի քանի վայրկյանում հայտնաբերել իր ուղղությամբ թռչող առարկան, հաշվարկել թռիչքի հետագիծը և շարժվել այնտեղ, որտեղից կկարողանա պաշտպանել դարպասը: Ի դեպ, փորձի ժամանակ կիրառված դարպասներն ունեցել են 1,5 մետր լայնություն և 0,9 մետր բարձրություն, որոնց հարվածել են մոտ 4 մետր հեռավորությունից։ Ընդդեմ դարպասապահ ռոբոտի «խաղացել» է մեկ այլ Mini Cheetah ռոբոտ կամ մարդ, և երկու դեպքում էլ դարպասապահ ռոբոտը հաջողությամբ հետ է մղել հարձակումները։

Ռոբոտը կարող էր հորիզոնական շարժվել՝ դեպի դարպաս թռչող գնդակի ճանապարհը փակելու համար, ինչպես նաև կարող էր կքանստել և նույնիսկ ցատկել: Գրոհը հաջողությամբ ետ մղելուց հետո նա պետք է չորս «ոտքերի» վրա, առանց հավասարակշռությունը կորցնելու, վերադառնար իր սկզբնական դիրքին

Ծովային խլուրդ-խեցգետինը կարող է փորել ավազը և մտնել դրա տակ

Նոր EMBUR (EMerita BURrowing Robot) ռոբոտը ստեղծել են Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները՝ ծովային խլուրդ-խեցգետնի օրինակով: Ինչպես Emerita analoga խեցգետինը, նոր ռոբոտը նույնպես, օգտագործելով իր վերջույթները, կարող է փորել ավազը և մտնել դրա տակ:

robot-crab-2

Ռոբոտը չորս վերջույթ ունի, որոնց ներսում հետ քաշվող մետաղյա ձող է, իսկ վրան՝ կտոր։ Վերջույթների «հոդերը» ծածկված են ռետինե թաղանթով, որպեսզի հատիկավոր զանգվածը չներթափանցի ներս, երբ ռոբոտը փորում է այն։

robot-crab1

Այսպիսով, երբ ռոբոտ-խեցգետնը գտնվում է հատիկավոր զանգվածի վրա, նրա ոտքը երկարում է, ձողին ամրացված գործվածքը ձգվում է ու սկսում է հավաքել ավազն ու առաջ շարժվել դրա մեջ։

Ըստ գիտնականների՝ այս ռոբոտը կարող է օգտագործվել հողի բաղադրությունը գնահատելու համար գյուղատնտեսության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում։ Քանի որ ՆԱՍԱ-ն նույնպես մասնակցել է այս նախագծի ֆինանսավորմանը, կարելի է ենթադրել, որ այս ռոբոտը կարող է օգտակար լինել նաև այլ մոլորակների ուսումնասիրության ժամանակ։ 


 
 
 
 
  • Արխիվ